Վերջացնենք մի կերպ: Ինձ զարմանալիորեն չի
լքում Մոցարտի մասին այդպես էլ ոչինչ ասած չլինելու զգացումը, բայց և այնպես ամփոփենք
այն սակավը, որ ավելի շուտ հարգանքի տուրք է հիշեցնում կյանքդ փոխող ստեղծագործողի
անգո գերեզմանին, քան Ամադեուսի ճանաչման գիտահանրամատչելի ձեռնարկ:
Մոցարտի անժամանակ մահվան պատճառների վերլուծությունը
ընդհանրական հակադարձ փաստարկների երկու նժարի վրա է: Մեկն ասում է՝ չէր մեռնի եթե
ֆինանսական այսքան ճղճիմ վիճակում մնացած չլիներ սեփական անհաշվետվության պատճառով,
ինչից, իրականում, հնարավոր էր խուսափել: Մյուսն էլ ՝ թե փողն այստեղ կապ չունի. մարդը
ծակ տակառի պես խմում էր, այն էլ այնքան, որ չորս հոգու լյարդ չէր դիմանա: Առնենք փաստերի
վերլուծության մանրադիտակն ու ի գո՛րծ:
Այն, որ Մոցարտի տարաբախտ կյանքը կարելի էր
տանելիի հանդուրժելի սահմաններում պահել, միանգամայն ճիշտ է: Առաջին «բագատելում» ասել
էի, որ կխոսենք Մոցարտի ֆինանսական վիճակից մանրամասն. տեսնենք՝ իրո՞ք հնարավոր էր
սև օրվա գումար խնայել, թե՞ մեռած հանճարին քննադատելու գայթակղությունն այնքան մեծ
է, որ ճիշտն էլ է սխալ, սխալն էլ: 1785-ից սկսած՝ Մոցարտը համեմատաբար կայուն (այստեղ
շեշտը «համեմատաբար» բառի վրա է) եկամտի աղբյուր ուներ: 1787-ին Պրահայում կայանում
է «Դոն Ժուանի» պրեմիերան այն էլ այնպիսի շռնդալից հաջողությամբ, որ պրահացիները հավերժ
սիրահարվում են Մոցարտին, աստվածացնում մահկանացուների մեջ, հարգում ոչ ինչպես Վիեննայում
և վճարում վերջիվերջո: Դրանից մեկ տարի առաջ վերջացրել էր իր 36-րդ ռե մաժոր սիմֆոնիան
ու պրահյան այս սիրուն ի փոխադարձ պատասխան՝ ձոնել այն եվրոպաբնակ արվեստասեր ու բարձրաճաշակ
այս մարդկանց, ինչի շնորհիվ էլ սիմֆոնիան այսօր աշխարհին հայտնի է որպես «Պրահյան Սիմֆոնիա»:
Օտտո Յանի փաստերը գալիս են տեղեկացնելու, որ Պրահայում Մոցարտը մոտավորապես 1000 ֆլորին
գումար է վաստակում «Դոն Ժուանի» վերելքի ճանապարհին: Պարբերաբար համերգներ էր նվագում
կիրակի առավոտյան ընկերների ու երաժշտասերների համար: Ընկերներն անվճար էին
վայելում վիրտուոզ հանճարի կատարումները, երաժշտասերները վճարում էին տուն մտնելուց
առաջ, ու այս երկրատև տնաբույծ համերգային շրջանը քիչ չէ, երկու տարի պարբերաբար շարունակվել
է: Հավաքված գումարի մասին տեղեկություններ չկան, որտեղի՞ց լինեին. միանգամից տանում
մսխում էր, բայց որ գումար մտնում էր նրա ծակ գրպանը, դա փաստ է: Կիրակնօրյա այս տնային համերգներին
մի լեհ կոմս է ներկա լինում, ով այնքան է ազդվում Մոցարտի ստեղծագործություններից ու
վիրտուոզ կատարումից, որ իր համար տրիո գրելու պատվեր է տալիս: Երբ Մոցարտը տուն է
հասնում երեկոյան, իրեն սպասող ծրարով նամակ է գտնում, մեջը՝ 100 դուկատ, որով կոմսը
կրկնում էր իր խնդրանքը: Մոցարտը կոմսին կվինտետ է ուղարկում իր իսկ ձեռագրով գրած,
ինչը սովորաբար չէր անում, արտագրում էին, տանում, որ օրիգինալն իր մոտ մնա. խրատվել
էր երևի մի քիչ վերջին տարիներին: Երբ որոշ ժամանակ հետո կոմսը գալիս է ու պահանջում
տրիոն, Մոցարտը պատճառաբանում է, որ չի գտնվել այնպիսի հոգեվիճակում, որ կոմսի համար
հավուր պատշաճի ստեղծագործություն գրել հաջողի: Անորոշ ու ցրված մտքերը հոգին կրծել
են, ինքն էլ չի գրել: Կոմսը զայրանում, տված 100 դուկատն էլ առնում-վերանում է: Հիմա
շատերը կմեղադրեն Մոցարտին այս շահութաբեր հեռանկարով առաջարկին այսքան իմիջիայլոց
վերաբերվելու համար. մի բան թող գրեր, տար, պրծներ: Բայց միայն ստեղծագործողները կհասկանան,
որ Մոցարտի ասածը բացարձակ, անընդունելիորեն իրական հակափաստարկ է, որ հիացնում է,
երբ ասողը հարուստ է, ու ինքնասիրությունից զրկում, երբ ասողը աղքատ է: Մոցարտը վերջինն
էր: Ստեղծագործության ծնունդը, անկախ այն հանգամանքից նոտա է թե տառ, շարժում է, թե
գույն, փորվածք է, թե գիծ, միջանցիկ քամու նման յա էսկողմ, յա էնկողմ անող զահլա չէ,
որ որտեղ բռնես, ենթարկես քմահաճույքներիդ: Կգա երբ ուզի, կարող ես՝ տիրիր, չէ՝ մի՛ դատիր:
Բայց բոլոր հանճարների մոտ չէ, որ այսպես է, Չայկովսկին, օրինակ, ասում էր, որ ամեն
Աստծո առավոտ՝ 9-ին, իր մուսաներն իրեն սպասում էին դաշնամուրի առաջ, և որ
տաղանդը ծույլերին չի այցելում: Մոցարտին այս դեպքում ծուլության մեջ մեղադրելն առնվազն
տգիտություն կլինի: Ամեն ինչ մի օր սպառվում է, եթե չի էլ սպառվում, սպառում է:
Մոցարտի հանճարը մինչև վերջին շունչը չսպառվեց, բայց սպառեց այն բոլոր կենսական ուժերը,
որ պիտի հրեին նրա հանճարը դուրս՝ դեպի մեզ: Այնպես որ Մոցարտի՝ իր համար հերթական
մի տրիո գրելն ավելի շուտ սեփական «ընդհանրապես չգրելը վատ գրելուց լավ է» սկզբունքին
չդավաճանելն էր, թեկուզ և ֆինանսական խնդիրները բազմապատկելու հաշվին, քան թե միամիտ
մի ծուլություն, որի մեջ այնքան հեշտ է մեղադրել նրան: Տաղանդավորներին մեղադրելն անտաղանդների քանքարն է:
Հետ գանք մեր դուկատներին: Այս ամենից առաջ՝
1783-ին, երեք դաշնամուրային կոնցերտ է ներկայացրել՝ KV 449-ը, 450-ն ու 451-ը, որոնք,
ըստ Յանի, ահագին գումար են բերել բացի այն, որ բարձր են գնահատվել վիեննացի դաշնակահար
ու ուսուցիչ Գեորգ Ֆրիդրիխ Ռիխտերի կողմից, ինչի մասին հոր նամակից ենք իմանում, որն
այսօր պահվում է Զալցբուրգի «Մոցարտեում» գրադարանում: Ֆրեդերիկ Ուիլհելմը (կամ Ուիլիամը),
որ Ֆրեդերիկ Մեծի զարմիկն էր և գահ էր բաձրացել 1786-ին, արքայի համար տարօրինակ բարձր
ճաշակ ուներ. արվեստների, մասնավորապես երաժշտության նկատմամբ անթաքույց մեծ սեր էր
տածում: Բայց սիրելուց բացի նաև նվագում էր թավջութակ, արվեստ ստեղծողներին էլ հովանավորում
էր, մի խոսքով բոլորովին աննորմալ կառավարիչ էր կառավարչի մեր այսօրվա պատկերացմամբ:
1789-ին Մոցարտը ներկայանում է Ֆրեդերիկ Ուիլիամին, վերջինս նրան 6 կվարտետ՝ իր ու
6 սոնատ էլ դստեր համար գրելու պատվեր է տալիս: 3 գործ է գրում թագավորի համար՝ KV575-ը, 589-ն ու 590-ը՝ դրանք պատմության մեջ մտցնելով որպես «Պրուսական կվարտետներ»,
նույն տարում պալատում թագավորի առաջ նվագելու համար էլ 100 դուկատ հաճելիորեն անսպասելի
նվեր է ստաում: Ֆրեդերիկը նույնիսկ Մոցարտին սեփական պալատի կապելմայստեր է ցանկանում տեսնել՝ տարեկան 3000 թալեր աշխատավարձով, բայց այն ժամանակ դեռ Ավստրիո Կայսրության
գլուխ Յոզեֆ II-ը խոչնդոտում է այս գործարքի կայացմանը: Ձգձգվում է «պրուսական կվարտետների»
վարձավճարը, իսկ թագավորին չես հասկացնի, որ սոված ես: Ինքը կուշտ է, մնացածը ջհանդամ:
Մոցարտի կենդանության օրոք երեք հրատարակչություններ
կային, որ լույս աշխարհ են հանել կոմպոզիտորի գործերը՝ “Torricella”, “Artaria” և “Hoffmesiter”,
բայց Յանը միայն մեկ անգամ է կարողացել պարզել, թե Մոցարտին ինչքան է վճարվել: 1785-ին
հորը գրած նամակում Մոցարտը նշում է, որ Յոզեֆ Հայդնին նվիրած 6 կվարտետները՝ KV387, 421, 428, 458, 464 և 465 (սա հենց նույն հանճարեղ դիսոնանս կվարտետն է), վաճառել է “Artaria”-ին 100 դուկատով: Սա ամենևին էլ
չնչին փող չէր, բայց հեշտ չէ ասել դրա համարժեքը մեր ժամանակներում. հազար բան պիտի
հաշվի առնես: Ամեն դեպքում սոված չմնալը երաշխավորված էր միանշանակ: Ասում են՝ ժամանակին
Վիեննայում օպերա գրելու համար 100 դուկատ էր վճարը: Յանի դիտարկումներով Մոցարտը
100-ական դուկատ ստացավ «Առևանգումը հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը» և “Cosi
fan tutte” օպերաների համար, իսկ «Դոն Ժուանը», որ Պրահայում արդեն բեմ բարձրացվեց,
225 ֆլորին ավելացրեց այս ամենին: Սրանց գումարվում էին կատարվող ներկայացումների հավելավճարները, նաև ուրիշ մանր-մունր եկամտի աղբյուրներից բուսնած շահույթ:
Ուրիշի գրպանը մտնելու այս բացառապես տհաճ
փորձը մի նպատակ ունի մեր դեպքում՝ նժարի մի կողմում դրված փաստարկը հասկանալու նպատակ:
Պարզ երևում է, որ Մոցարտն իր երաժիշտ բարեկամների կողմից բարձր գնահատանքի արժանանում
էր, որպես կոմպոզիտոր ու կատարող՝ ամենևին էլ չէր զիջում իր ժամանակակիցներին ստացած
գումարների առումով: Դրանք անհաստատ էին, բայց կային, և վերջապես նա, իրականում, գումար
վաստակելու հնարավորությունների պակաս չուներ, ժամանակ առ ժամանակ էլ ընդհանրապես կարգին
վարձատրվում էր: Յանն ասում է՝ եթե իր սիրելի Հայդնի չափ կարողանար խնայելու արվեստին
էլ տիրապետել, բացարձակ այլ դիրք կունենար Վիեննայում, նույնիսկ իր այս ընթացքում վաստակածի
հաշվին կարող էր անտագնապ կյանքով ապրել: Հայրը ճիշտ էր. անհեռատեսության,
չտնտեսողի ու անիմաստ ծախսերի կատարյալ օրինակ դուրս եկավ Մոցարտը:
Հիմա դիտարկենք չտնտեսողի նժարի հակառակ կողմում
կախված նժարը, որ իր վերջն իր խմելն էլ տվեց: Սա նյութական ու մարդաբանական տեսանկյունից խելքից հեռու չէ: Չնայած Մոցարտի ժամանակակից, իռլանդացի տենոր Մայքլ Քելլիի և այլոց
հուշերից տեղեկանում ենք, որ ի հեճուկս ալկոհոլի հանդեպ անսահման սիրուն, Մոցարտը երբեք
չէր չարաշահում կամ թունավորմամբ ավարտում գինարբուքը, այնուամենայնիվ սա միանշանակ
տեսակետ չէ: Բոլոր կենսագիրները նշում են նրա անսանձ սերը պունշի ու գինու հանդեպ:
Ոչ մի առիթ բաց չէր թողնում խնջույքի մասնակից դառնալու, իսկ այնտեղ նվագելուց հետո
երկրորդ բանը, առանց որի ամեն ինչ զուր էր դառնում, խմելն էր: Բերտրամկայում, որ այսօր
Պրահայի արվարձանում Մոցարտի տուն թանգարանն է, որտեղ էլ 1787-ի ամռանը գրում է իր
անհավանական «Դոն Ժուան» օպերան, Մոցարտը մնում էր կնոջ՝ Կոնստանցայի ու Դուշեկների
հետ: Չեխ ամուսիններից Յոզեֆա Դուշեկը սքանչելի օպերային երգչուհի էր, ամուսինը՝ Ֆրանտիշեկ
Դուշեկը՝ պալատական դաշնակահար:
|
Բերտրամկա, Չեխիայի Հանրապետություն: Մոցարտի տուն թանգարանն է այսօր:
|
Անպայման, թեկուզ և անարդարացիորեն թռուցիկ, բայց պետք
է խոսել «Դոն Ժուանի» մասին: Այս մահաշունչ օպերան լսելուց հետո Յոզեֆ II-ն ասում է
Մոցարտին. «Օպերան աստվածային է, գուցե և «Ֆիգարոյից» էլ գեղեցիկ, բայց իմ վիեննացիների
ատամներին դժվար թե գա», ինչին հնչում է Մոցարտի հանճարեղ պատասխանը. «Ոչինչ, մենք նրանց
ժամանակ կտանք ծամելու»: Այստեղ չեմ կարող չցիտել Շրյոդերի՝ Մոցարտի օպերաների բեմադրիչներից
մեկի փայլուն դիտարկումը «Դոն Ժուանի» վերաբերյալ: «Ինչպե՞ս կարող է այսքան ուժով լի,
հզոր ու գրանդիոզ երաժշտությունը գոհացնել հասարակ օպերա լսողներին, ովքեր թատրոն են
բերում իրենց ականջները, բայց տանն են թողնում սրտերը: «Դոն Ջիովաննիի» հսկա և ազնվական
որակները պիտի գրավեին բացառապես ընտրյալներից նույնիսկ փոքրամասնությանը: Սա ականջ
շոյող, բայց սրտին չհասնող օպերա չէ: Մոցարտը հասարակ կոմպոզիտոր չէ: Նրա երաժշտության
ու կերպարների կապը խորապես վերապրած ու մտածված է: Սա երաժշտապես ներկայացված լեզվաբանություն
է: Նա երբեք չի ծանրաբեռնում իր երգերն անիմաստ ու անպետք պասաժներով: Հակառակ դեպքում
արտահայտչականությունը վռնդվում է երաժշտությունից, այն արտահայտչականությունը, որ
կազմված է ոչ թե կոնկրետ բառերի դասավորությունից, այլ հնչյունների հմուտ և բնականոն
համադրությունից՝ որպես իրական զգացմունքի վերարտադրման միջոց: Այս մեթոդի մեջ Մոցարտն
իրեն հավասարը չունի: Ցանկացած հնչյուն, որ նա ստեղծում է, սկիզբ է առնում զգացմունքից
և տևում է ողջ հնչյունի ընթացքում: Նրա արտահայտչականությունն առկայծում է կյանքով
ու նկարազարդությամբ, բայց ոչ երբեք ցանկասիրությամբ: Նա ունի ամենահարուստ, միևնույն
ժամանակ ամենահավասարակշռված երևակայությունը: Նա իրական վիրտուոզ է, որ երբեք թույլ
չի տալիս իր ստեղծագործական ազդակի գոյությունն առանց դատողության, նրա ոգեշնչումն
ուղեկցվում է խելքով, նրա մարմնավորումները հանգիստ, գիտակցված վերլուծությունների
արդյունք են:» 1797-ի դեկտեմբերի 30-ին՝ Մոցարտի մահվանից
6 տարի անց, Գյոթեն Վայմարում դիտում է «Դոն Ժուանն» ու գրում Շիլլերին. «Օպերային վերաբերող
քո բոլոր հույսերը առատորեն իրականացան «Դոն Ժուանի» մեջ, բայց այս օպերան ամբողջապես
մեկուսացած է: Մոցարտի մահը խամրեցրել է իր օրինակը շարունակելու հեռանկարը:» Հետո
կհայտարարի նաև, որ իր «Ֆաուստը» միայն Մոցարտը կկարողանար ստեղծել երաժշտապես: Գյոթեն
Մոցարտին «իրեն հավասար» էր համարում՝ պարզ տեսնելով ու հասկանալով վերջինիս համամարդկային
արժեքը:
Մոցարտի մահվանից հետո արդեն անհնար էր գտնել
եվրոպական մի օպերային թատրոնի բեմ, որտեղ չմեռներ դոն Ջիովաննին՝ անպատվաբեր կյանքի
այդ բացառիկ հանճարեղությամբ ներկյացված կերպարը: Որոշ հաշվարկներ կան, օրինակ՝ Սոնլեիթներինը,
որոնք ասում են՝ այս օպերան 1863-ին Վիեննայում կատարվել է 531 անգամ: Ստեպանեկը հաստատում
է, որ Պրահայում առաջին տասը տարում 116 տարբեր բեմականցումներ են ներկայացվել ու կատարվել
360 անգամ մինչև 1855-ը: «Դոն Ժուանի» հիսունամյակին Բեռլինում՝ 1837-ին, 200-ից ավելի
բեմադրություն է ներկայացվում: 1805-ին օպերան Փարիզ է մտնում հիմնահատակ խեղված բեմականությամբ,
որի հեղինակն առ այսօր հիշատակվող Քալքբրեններն էր: Իտալիցի օպերային երգիչների դատին
առաջին անգամ «Դոն Ժուանը» հանձնվում է 1811-ին, 1817-ին մտնում Լոնդոն, հետո՝ Պետերբուրգ,
Ստոկհոլմ, Կոպենհագեն ու արդեն էլ նրան կանգնեցնել չէր լինելու: Առ այսօր: Երևի հավիտյանս
հավիտենից:
Այսքան բանից հետո գիտե՞ք՝ ինչպես է գրել
այս դարակազմիկ օպերայի նախերգանքը: Թունդ հարբած ու մեկ գիշերվա ընթացքում՝ հենց պրեմիերայի
օրը: Մարդ սեփական անունն է մոռանում այդ հալին, իսկ Մոցարտն առանց կես հնչյուն սխալի թելադրության պես վերարտադրել է այս հանճարեղ նախերգանքը ծայրից ծայր, պատկերացրեք միայն: Լսեք, ու կտեսնեք, որ «անհնարին» բառն ու դրա իմաստն անիմաստ են դառնում Մոցարտի այս նախերգանքի մեջ: Երբ նրան ասում էին՝ չի հասցնելու, պատասխանում էր.
«Ամեն ինչ գլխիս մեջ է, մնում
է հանձնեմ թղթին:» Ողջ գիշեր գրելու ընթացքում էլ նորից պունշ է խմել ու կնոջը ստիպել զավեշտալի պատմություններ
պատմել, որ չքնի գործը կիսատ մնա: Մեկ գիշերվա ընթացքում մարդը օպերայի նախերգանք
է գրում, երբ երեք տակտ գրելու համար հաճախ տարիներ են պահանջվում: Նրան առավոտ նոտաների
վրա սեղանին քնած են գտնում: Թանաքից թաց պարտիտուրը դրվում է նոտակալին ու հնչում
է Պրահայում բոլոր ժամանակների բացառիկ, Ռեքվիեմի նախնական տրամադրությունն իր մեջ
պարունակող օպերան Պրահայի իտալական թատրոնում, որ այսօր Ազգայինն է:
|
Էստատես, Պրահա: Այստեղ է տեղի ունեցել Մոցարտի «Դոն Ժուանի» պրեմիերան:
|
Այո, խմում էր, բայց քանի որ ոչ մի դատաբժշկական
փորձաքննություն չէր կարող անցկացվել մահվան պատճառը պարզելու համար, անհնար է դառնում
հստակ հասկանալ՝ ինչը նրան սպանեց: Այնուամենայնիվ որոշ կենսագրություններում նկարագրվող
սիմպտոմները, մասնավորապես ծայրանդամների ուռչելը, ալկոհոլային թունավորման ազդանշանները,
լյարդի ցեռոզի մասին ակնարկներ են անում: Իր ալկոհոլային ենթադրական թունավորման արդյունքում
առաջացած զգացումներն էլ Մոցատի մտքով անցկացնում են այն միտքը, որ իրեն թունավորել
են: Ո՞վ: Սալիե՞րին: Մոցարտի մահվան մեջ մեղադրանքը հանվում է Սալիերիի
ուսերից Կարպանիի միջոցով, ով 1824-ին մի հսկա աշխատություն է հրատարակում՝ առաջ քաշելով
ևս մի վարկած, ըստ որի Մոցարտն ուղեղի բորբոքումից է մահացել, իսկ տարիներ անց մահվան
մահճին գամված Սալիերիի մոտ այցելողների վկայությունները փաստում են՝ պալատական, համեստ
ստեղծագործական կարողությունների տեր այս կոմպոզիտորը մի բառ անգամ չի ասել Մոցարտի
կամ նրա մահվանն առնչվող ինչ-որ մտացածին ինքնամեղադրականի մասին: Նեուկոմը, ով հավասարապես
լավ էր ճանաչում թե՛ Մոցարտին, թե՛ Սալիերիին, հիվանդագին անհեթեթություն է համարում
Սալիերիի՝ Մոցարտին թունավորելու վարկածը, ինչի հետ ես կատարելապես համաձայն եմ: Ավելին,
մի սպանիչ ակնարկ կա, որ բառացիորեն հօդս է ցնդեցնում ամեն կարգի զազրախոսություն այս
անփառունակ պատմության հետ կապված: Բրաունսուիգում մի կապելմայստեր կար՝ Շվանենբերգ
ազգանունով, ով Սալիերիի ընկերն էր: Երբ նրա աշակերտներից մեկը նրան կարդում է թերթերից,
թե Մոցարտը իտալացիների նախանձի զոհը դարձավ, Շվանբերգն այնպիսի մի պատասխան է շրխկացնում
այդ թերթերին լեզու տվողների բերանին, որ ինչ-որ բան հավելելն այլևս ավելորդ է դառնում.
«Հիմարնե՛ր, Մոցարտը ոչինչ չի արել նման պատվի
արժանանալու համար:»
Իսկ մենք այստեղ էլ կփակենք մահանալու վարկածների
թեման: Երբ մի բան էլ պարզել չի լինի, դու հա մտածիր: Շատ վաստակեր՝ ուշ կմեռներ, քիչ
խմեր՝շատ կապրեր... Այս ամենը օդ է, փուչ օդ: Նա ընտրել էր իր ֆիզիկական գոյության
այդ ուղին ու մահացավ այն ժամանակ, երբ որոշված էր: Իսկ դա մեր որոշելիքը չէ, երևի
մեր քննարկելիքն էլ չէ. ի՞նչ ի փոխվելու: Այս մարդը 5 տարեկանից ի վեր օրական տասներկու
ժամից ավելին տրամադրել է ստեղծագործելուն, ամեն օր, ամեն Աստծու օր, իսկ դա դժվար
չէ պատկերացնել՝ ինչ էներգիա է տարել նույնիսկ Մոցարտի պես առատորեն գրողից: Իսկ ի՞նչ,
եթե իր հանճարն էլ հենց իրեն սպանեց:
Նոյեմբերի վերջերին արդեն անկողնում էր, տանը
վառելու փայտ չկար, սեղանին՝ ուտելու ոչինչ, մնացել էր ինքն ու իր դժկամ բախտը: Ծայրահեղ
հետաքրքրվածությամբ էր հետևում «Կախարդական Սրինգը» օպերայի բարեբախտ ընթացքին, իսկ
օպերան կատարելու օրերին երեկոյան ժամացույցը դնում էր կողքը ու հետևում ժամին ասելով.
«Հիմա առաջին ակտը վերջացավ. Շուտով կգա գիշերային թագուհին:» Մահանալու նախորդ օրը՝
դեկտեմբերի 4-ին, կնոջն ասել է. «Ես շատ կուզեի իմ «Սրինգը» կրկին լսել» ու սկսել երգել օպերայի հերոսներից թռչնավաճառի՝ Պապագենոյի արիան հազիվ լսվող ձայնով: Կապելմայստեր
Ռոսերը, ով այդ ժամանակ Մոցարտի մահճակալի մոտ նստած է եղել, վեր է կացել, գնացել դաշնամուրի
մոտ, սկսել նվագել արիան, ինչը երջանկցրել է Մոցարտին: Ռեքվիեմի հետ էր մշտապես, ամեն
մասը վերջացնելուց հետո նվագախմբի թեման դաշնամուրով նվագում էր, կինը՝ երգում: Մահանալու
օրվա կեսօրին նոտաներն անկողին են բերում: Մոցարտն իր հիասքանչ (ինչպես ունկնդիր բարեկամներն
են թողել իրենց հիշատակությունների մեջ) տենորով սկսում է Ռեքվիեմի գործիքային հատվածից
ալտի պարտիան երգել, իր մոտ գտնվող մտերիմ օպերային երգիչներից Շակը՝ սոպրանոն, Հոֆերը՝
Մոցարտի աներձագը, տենորը և Գերլը՝ բասը: Յանը գրում է՝ երբ հասնում են Լակրիմոզային,
Մոցարտը, զգալով, որ այն այդպես էլ չի ավարտելու, բարձր ձայնով հեկեկում է՝ մի կողմ
դնելով նոտաները: Այս մասին Յանը տեղեկացել է հենց Շակից՝ սոպրանոն երգող վերոնշյալ օպերային
արտիստից: Երբ Կոնստանցայի քույրը՝ Սոֆի Հայբլը, երեկոյան հասնում է Մոցարտների տուն,
քույրը բացականչում է. «Փա~ռք Աստծո, այստեղ ես: Այնքան վատ էր անցած գիշեր, որ մտածում
էի՝ ցերեկը չի դիմանա: Եթե նորից այդպես եղավ, գիշերը կմահանա:» Սոֆիին իր անկողնու
մոտ տեսնելով՝ Մոցարտն ասում է. «Ուրախ եմ, որ այստեղ ես: Մնա երեկոյան մոտս և տես՝
ինչպես եմ մեռնում... Ես առնում եմ մահվան համը լեզվիս, և ո՞վ կօգնի սրելի Կոնստանցայիս,
եթե չմնաս նրա կողքին:» Սոֆին կարճ ժամանակով լքում է Մոցարտին, որ լվանալու հագուստեղենը
անհամբեր իրեն ու լուրերի սպասող մորը տանի: Հետո քրոջ խնդրանքով սուրբ Պետրոսի քահանաներից
մեկին կանչում է և աղաչում, որ իբր պատահական այցելի Մոցարտին: Ոչ մի քահանա չի համաձայնում.
մասոն էր, թող մասոններն էլ անհամար մեղքերին թողություն տային: Երկար աղաչանք-պաղատանքից
հետո տեղի է տալիս քահանաներից մեկն ու այցելում: Տուն գալով՝ Սոֆին տեսնում է Զյուսմայերին
Մոցարտի մահճակալի կողքին նստած, ակտիվորեն քննարկելով Ռեքվիեմը: «Քեզ չէ՞ի ասել, որ
Ռեքվիեմն ի՛նձ համար եմ գրում», - արցունքների միջից ասում է Զյուսմայերին: Մոցարտն
այնքան վստահ էր, որ մեռնում է, որ դեռ կենդանության օրոք կնոջը խնդրում է ասել իր
սիրելի ուսուցիչ Ալբրեխտսբերգերին, ով սուրբ Ստեփանի տաճարի կապելմայստերն էր, որ հոգեհանգստի
պատարագ կազմակերպի իր հիշատակին: Ուշ երեկոյան բժիշկը գալիս է, ում մի կերպ են գտնում
թատրոնում ու հազիվ կտրում ներկայացումից: Հույս չի տալիս ու բացահայտ ասում՝ ամեն
ինչ վերջացած է, միայն թաց թրջոցներ դնեն մեռնողի ճակատին ընթացքը մի կերպ տանելի դարձնելու համար: Այդ թրջոցներից էլ ուժգին ցնցումներ, ուշագնացություն է ունենում, հոգեվարքի
մեջ ընկնում: Բառի բուն իմաստով մինչև վերջին շունչն այդ տառապանքի բռի մեջ Ռեքվիեմն
էր գրում, փչում այտերը փողերի պարտիան երգելիս: Կեսգիշերին մոտ մի կերպ ուղղվում է
(մահվանն ուղիղ կդիմավորեն), լայն բացում աչքերը, հետո պառկում դեմքով դեպի պատը ու
թվում է՝ խորը քուն մտնում: 1791 թվականի դեկտեմբերի 5-ին կեսգիշերն անց՝ ժամը մեկի
կողմերը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը հանգչում է: Այս տեղեկությունն ու դեպքերի հերթականությունը
ճիշտ նույն կերպ հանդիպում է նաև 1808-ի Journ. d. Lux. u. d. Mode-ում: Դեիները, ով Մոցարտի սակավ բարի ու պարկեշտ ընկերներից
էր և ով Մոցարտների տուն վառելափայտ բերող միակ մարդն էր, արթնանում է տան սպասավորի
ձայնից, որ սգա և հագցնի մահացած Մոցարտին: Մոցարտի մարմինը սև կտորի մեջ է փաթաթվում,
դրվում դագաղանման մի բանի մեջ, տարվում հյուրասենյակ և դրվում դաշնամուրի անմիջապես
կղքին, որ ընդունի սգացող այցելուների անդադար հոսքը: Ճիշտ իր մեռնելու օրն արդեն համընդհանուր
փառք ուներ Մոցարտը. փաստորեն հենց դրան էին սպասում: 1791 թվականի 98-րդ համարում
“Weiner Zeitung”-ը հետևյալ հաղորդագրությունն արեց. «Ցավով պիտի հայտարարենք կայսերական պալատի կապելմայստեր Վոլֆգանգ Մոցարտի
մահը, ինչը տեղի ունեցավ այս առավոտ՝ չորսից հինգն ընկած հատվածում: Դեռ վաղ մանկությունից
Եվրոպայով մեկ հայտնի իր բացառիկ երաժշտական հանճարով՝ նա զարգացրեց իր բնատուր շնորհքները
և սովորելու հետքերով բարձրացավ մինչև մեծագույն վարպետները: Նրա համընդհանուր ճանաչված
ու սիրելի ստեղծագործությունները վկայում են այս փաստը և թույլ տալիս մեզ գնահատել
այս անվերադարձ կորուստը, որ երաժշտական աշխարհն ունեցավ»: Այս ամենի ցինիզմի մասին
խոսելն արդեն ուշ է: Մեկ շաբաթ անց նամակ է ստացվում Պրահայից. «Մոցարտը մահացել է: Պրահայից տառապելով վերադարձավ,
իսկ տառապանքը գնալով խորացավ Վիեննայում: Մարմինը սկսեց այտուցվել և անցած շաբաթվա
վերջ մահացավ Վիեննայում: Մարմնի այտուցվածությունը կասկածի առիթ է տալիս, որ նրան
թունավորել են: Նրա վերջին գործը Ռեքվիեմն էր, որ իր հոգեհանգստին էլ կատարվեց: Նրա
մահը կստիպի վիեննացիներին հասկանալ, թե ինչ են կորցրել: Նրա կյանքը խանգարվել է հարատև
խաբեբայություններով, որոնք հիմնականում Մոցարտի անհաշվենկատ բնավորության ու ապրելակերպի
պատճառով են եղել: Ո՛չ նրա «Ֆիգարոն», ո՛չ էլ «Դոն Ժուանն» այդքան էնտուզիազմով չեն
ընդունվել Վիեննայում, որքան Պրահայում: Խաղաղություն նրա ոսկորներին»: Նշենք նաև,
որ Մոցարտի մահվան 9-րդ օրը Պրահայում՝ սուրբ Նիկողոսի ահռելի տաճարում, կատարվում է
հիշատակի արարողություն, որտեղ, ի պատիվ Մոցարտի, հնչում է ոչ թե վերջինիս, այլ Մոցարտի
ժամանակակից չեխ կոմպոզիտոր Անտոնիո Ռոզետիի ռեքվիեմը: Եթե Վիեննայում ձնաբքից բացի
ոչինչ չկար Մոցարտի թաղման օրը, Պրահայում Մոցարտի հիշատակի արարողակարգին մոտ 4000
խռնված մարդ են հաշվում սուրբ Նիկողոսի տաճարում:
|
Պրահա, Սուրբ Նիկողոսի տաճար: Մոցարտին պրահացիներն այստեղ են հարգում նրա մահվանից 9 օր անց: |
Կինն էր շատ վատացել Մոցարտի մահվան նախորդ
օրը, այն օրին էր, որ չէր գիտակցել ամուսնու մահը: Այնքան հուսահատ է եղել, որ, ասում
են, պառկել է ամուսնու կողքը՝ հույս ունենալով նույն հիվանդությամբ վարակվել ու մեռնել
նրա հետ: Սա իմիջիայլոց, նշենք պարզապես, որ Մոցարտից 50 տարի երկար ապրեց: Մեծահարուստ, երաժշտության մեկենաս Վան Սվեիտենը ամեն կերպ մխիթարում էր այրուն՝
հոգալով թաղման ողջ ծախսերը, որովհետև այրին ո՛չ ֆիզիկապես, ո՛չ ֆինանսապես դրան ունակ
չէր: Մոցարտի թաղումը մեռելներին թաղելու արարողակարգի երկրորդ աստիճանով արվեց (տե՛ս
Մոցարտ. Introit), թաղումն էլ կազմեց 8 ֆլորին,
36 կրոն, չհաշված կատաֆալկի համար հավելյալ վճարված 3 ֆլորինը: Հարուստ ու հայտնի մեկենաս
Վան Սվեիտենի մտքով էլ չանցավ թաղման նման թաղում կազմակերպել, ոչ թե մարմնից ազատվելու
արարողակարգ՝ այն, ինչ արդյունքում ստացվեց: Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 3-ին, սուրբ Ստեփանի
տաճարի հյուսիսային մասում հոգեհանգստի վերջին պատարագը մատուցվեց Մոցարտի հիշատակին:
Սարսափելի փոթորիկ ու ձնաբուք սկսեց այդ օրը:
|
Վիեննա, Շտեֆանսդոմ, նույն ինքը՝ սուրբ Ստեփանի տաճարը: Այստեղ է անցկացվում Մոցարտի վերջին հրաժեշտի արարողությունը:
|
Մի քանիսն էին ներկա մխիթարական այդ վերջին
արարողությանը՝ Վան Սվեիտենը, Սալիերին, Զյուսմայերը, կապելմայստեր Ռոսերը և թավջութակահար
Օրսլերը: Շիկանեդերը՝ «Կախարդական Սրինգը» օպերայից հարստացած Մոցարտի «ընկերը» չկար:
Մոցարտի կենսագիրներից Նեմիչեկն ասում է՝ Սալիերին ասել է. «Ափսոս էր այս հանճարի կորուստը, բայց լավ էր մեզ համար, որ մեռավ: Այլապես
եթե ապրեր, մեր ստեղծագործություններով հացի փշրանքներ նույնիսկ չէինք վաստակի»:
Այս պակաս թափորը անձրևանոցներով շարված էր դագաղի կողքը: Շուլերշտրասսե փողոցով Մոցարտը
տարվեց դեպի սուրբ Մարկոսի եկեղեցու բակ: Ձնաբուքն այնքան սաստիկ էր, որ հավաքվածները
որոշեցին մինչև վերջ չգնալ հետ գալ չկարողանալու պատճառաբանությամբ: Կեսից հետ գնացին:
Ոչ մի ծանոթ չկար, երբ Մոցարտին անծանոթ գերեզմանափորները դագաղը փոսն իջեցրին: Ֆինանսական
պատճառներից ելնելով՝ Մոցարտի համար գերեզման չգնեցին, նրա մարմինը եղբայրական գերեզմանն
իջեցվեց, բայց անուամենայնիվ դագաղով, իսկ այդպիսի փոսերում սովորաբար 15-20 դագաղ
էր լինում: Այս գերեզմաններն ամեն տասը տարին մեկ փորվում էին, ու նոր դագաղներ էին
ավելանում: Մի փայտի կտորից խաչ կամ ինչ-որ հուշատախտակ չցցվեց, որ գոնե տեղը իմացվի:
Ո՞վ աներ: Մոցարտին չճանաչող դագաղագո՞րծը, թե՞ անգրագետ գերեզմանափորը, որ օրվա մեջ
մի քանի անգամ «մոցարտներ» էր թաղում: Թաղման օրը Կոնստանցայի կողքը կանգնած Դեիները
հարցրել էր այրուն՝ արդյոք չի ցանկանում մի խաչ դնել ամուսնու գերեզմանին, ինչին Կոնստանցան
պատասխանել էր, որ կանի: Նա մտածում էր, որ քահանան, ով արարողությունն անցկացրեց,
ինքն էլ կանգնեցնելու էր: Երբ վերականգնվեց վաղահաս վշտից ու արդեն կարող էր ինքնուրույն
քալել, գնաց սուրբ Մարկոսի գերեզմանատուն, իսկ այնտեղ հին գերեզմանափորն այլևս չկար,
նոր մեկն էր, որ բանից անտեղյակ ոչնչով չկարողացավ օգնել Կոնստանցային: Մոցարտի գերեզմանը
գտնելու հաջորդող բոլոր փորձերն անհաջողությամբ պսակվեցին: Առ այսօր ապարդյուն են:
Այնուամենայնիվ մի գրող՝ Ռիտտեր ֆոն Լուկամ անունով 2 երաժիշտներից՝ Ֆրեյշտադլերից
ու Շյոլից հարցումներով մի կերպ դուրս է բերում Մոցարտի ենթադրական գերեզմանի մոտավոր
տեղը: Այս մարդիկ անձամբ ծանոթ էին Մոցարտին և ըստ երևույթին ավելին գիտեին նրա թաղման
ու դրան հաջորդող օրերի մասին, քան Կոնստանցան: Ասում են՝ գերեզմանը գերեզմանատան եկեղեցու
բակում գտնվող խաչի աջ մասում է՝ գերեզմանների 3-րդ կամ 4-րդ շարքերում: Սա զարմանալիորեն
համընկնում է տեղի Նիսեն ազգանունով մի գերեզմանափորի ասածների հետ: 1856-ին արված պաշտոնական
հարցում-հետազոտությունները հավանական են համարում, որ գերեզմանը խաչից աջ գտնվող գերեզմանաշարի
4-րդ շարքում է՝ ուռենու մոտ (Wien. Blätter Mus. Theat. u. Kunst, 1859, № 97):
Սա է այս դճբախտ հանճարի վերջը: Ապրում ենք՝
ոնց խելքներիս փչում է, ու լավ է, որ չգիտենք՝ մեզնից հետո ինչ է լինելու: Հուսանք՝
Lux Aeterna-ն բոլորինս է:
Շնորհակալություն հետաքրքիր ու ինֆորմացիոն նյութի համար:
ReplyDeleteԻսկ բոլոր ժամանակների ամենատաղանդավոր երաժշտի այս անփառունակ ու թշվառ մահն, իսկապես, շատ ցավալի է :( Բայց ինչպես նշել էր հենց ինքը` Մոցարտը` «Մարդ չի մեռնում` զրկվելով իր ֆիզիկական գոյությունից: Մարդ մեռնում է այն օրը, երբ վերանում է իր մասին ամենավերջին հիշողությունը»: Մոցարտն անմահ է:
Ձեզ եմ շնորհակալ ընթերցելու համար, Իշխան: Իսկ Ձեր ասածին միայն մի բան կհավելեմ՝ ԱՄԵՆ!
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete