Մեկնություն բառին

Խորագետ ընթերցողն անկասկած կիմանա "bagatelle" բառի ծագումնաբանությունը, ինչը հետ է գնում 17-րդ դարի 30-ական Ֆրանսիա (հենց այն մեկը, որ արդեն տեսել էր Մոլիեր ու Պասկալ և դեռ տեսնելու էր Ռուսո ու Սարտր) ու կբացատրվի իբրև «մանրուք», «դատարկաբանություն»: Իսկ եթե մի քիչ էլ մեզ տանջենք ասպետավայել, կնամեծար ու կոկորդային ֆրանսերենով, կգանք բառիս արդեն թեթևակի ձևափոխված ու ցայսօր շնչող «խաղարկային», «ժամանցային», «անլուրջ (բայց ոչ ամենևին ծիծաղաշարժ) ստեղծագործություն» իր գոյությանը: Բագատելները մեծամասամբ դաշնամուրային ստեղծագործություններ են: Այդպիսին են, ըստ իս, դաշնամուրային բարդագույն, պոլիֆոն հարմոնիաներին անմիջական ունիսոն վերերկրայնություն հակադրելու համար, որ ցույց տան՝ ցանկացած բազմաձայնի մեջ ինչ-որ միաձայն է ապրում: Իմ հանդգնությունը հետագա գրածներս այս կերպ կոչելու չերերաց նույնիսկ այն փաստից, որ համանուն ստեղծագործություններ էին գրել Սեն-Սանսը, Սիլվեստրովը, Ֆրանսուա Շուբերտը, Սիբելիուսը, Լիստը, նույնիսկ հենց ինքը՝ Բեթհովենը: Ոչ բոլորովին տեղին մի ակնարկ. Բեթհովենը բագատելներ գրեց իր ստեղծագործական ու երկրային կյանքի մայրամուտին, երբ, արդեն թերգնահատված ժառանգություն թողած, հանգիստ կարող էր ննջել հավիտյանս հավիտենից, ինչն էլ 3 տարի անց արեց: Հուսանք՝ այս բագատելները գրչիս, առավել ևս ապրելու մայրամուտի գուժկան շեփորահարները չեն լինի, չնայած «հուսալ» բային տվյալ դեպքում կարելի է վերագրել ավելի շատ հուսադրող կոնոտացիա քան, ասենք, գիտելիք կամ ենթադրություն արտահայտող իմաստ: Ինչևէ, հանդգնությունս՝ այդ քմահաճ բռնակալը, չերերաց բացառապես այն հաշվով, որ ի տարբերություն վերագիր հանճարների, ինձ՝ հասարակ մահկանացուիս, նույնաքանակ լսարան չի սպառնում, իսկ ես էլ տառացիորեն պրծնում եմ մտացածին և իրական խարազանողների այդ անխոնջ բանակից: Ու եթե չեք խորշում «չձեռնադրված փետրավորներից», գնանք այնտեղ, որտեղ բագատելներ են ապրում:


© Araks Shahinyan 2012

No comments:

Post a Comment