Saturday, June 29, 2013

Մոցարտ. Introit (Մաս 1)

INTROIT - Մոցարտի «Ռեքվիեմի» կառուցվածքով եմ որոշել գրել Մոցարտին նվիրված բոլոր բագատելները: Աստված Մոցատի օրը չընկնելու ուժ տա J Introit-ը Ռեքվիեմի, հետայսու նաև մեր մոցարտյան բագատելների  բացումն է, նախաբանը: 


Շահարկիր մարդու անունը, եթե ուզում ես խարխլել նրա անվան պատվանդանի հիմքերը, խեղել իրական ստեղծագործ կերպարը, արժեզրկել մեծությունն ու գոհանալ արածովդ: Սա է իմ պատկերացրած մոցարտյան արդի բնութագիրը, որ ամեն կերպ հրամցվում է իրական Մոցարտին անհաղորդ ունկնդրին այն էժանգին արտահայտություններով, որ հանճար էր, որ շուտ մեռավ, որ մասոն դարձավ, որ (անկեղծ ասած) անհամ շոկոլադ կա նրա անունով ու որ ամուսնացավ սիրածի քրոջ հետ: Հա, մեկ էլ որ հինգ տարեկանում մանր-մունր բաներ էր ստեղծագործում հայտնի չէ՝ ինչ կերպ, ու որ Ֆորմանն ինչ-որ ֆիլմ է նկարել մի այլանդակ խեղկատակի մասին, անունն էլ Ամադեուս դրել: Ես ամենևին չեմ մեղադրում Մոցարտին փաստորեն չճանաչող ունկնդրին ու սա կարդացողին: Մենք չգիտենք, որովհետև մեզ խաբել են... Իսկ խաբում են, երբ ճիշտը շատ մոտ է ու անցանկալի:


Թողնենք ճիշտ ու սխալի անշնորհակալ բանավեճը, չսկսած՝ զահլաներս գնա, ոչ ես գրեմ, ոչ դուք կարդաք... Ես ձեզ չեմ խաբի, չնայած ինձ խաբել են: Ես ձեզ կասեմ այն, ինչ Մոցարտն է գրել իր քիչ հայտնի նամակներում, ինչ անձամբ տեսել եմ իր ձեռագրերի մեջ իր տանը, ինչ առ այսօր գամված է նրա մահադիմակին ու ինչ այսքան ժամանակ լսել եմ իմ անտեսանելի ականջով՝ սրտով: Ես ձեզ չեմ խաբի, համենայն դեպս դիտավորյալ, որովհետև դուք ինձ միևնույն չեք:


Կանխավ հայցում եմ բոլոր նրանց դիմացկուն ներողամտությունը, որ ակնկալում են Մոցարտ տեսնել հենց հիմա այստեղ: Մի քիչ ուրիշ տեղից ենք գալու: Մոցարտն ինձ հետ առաջին անգամ խոսեց մայրիկիս ձայնով: Երբ իննսունականների անհամ տարիների ձմեռային երեկոները մտնում էին տուն, նույնիսկ ինձ պես տեղը չսթրվողն էր հանգստանում: Ես փոքր էի, կարդալ-մարդալ չկար: Մայրս էր կարդում, որ տաքանանք: Ու ես, դեռևս անծանոթ իմ՝ հետայսու ցկյանս մեծագույն սիրուն՝ դասական երաժշտությանը, անտեղյակ բոլոր այն փորձանքներին, որ այն իմ գլխին բերելու էր, առաջին անգամ հնարավորության չափ երկար լսեցի իմ երևակայության մեջ մշտապես երեխա մնացած այդ կոմպոզիտորի կյանքի պատմությունը: Բան չհիշեցի, որովհետև չափազանց զբաղված էի տանն ինչ ասես իրար խառնելով, ինչ ուտելու ենթակա չէր, որովհետև վնաս էր, թաքուն ուտելով ու լուռ ու մունջ փորձանքների մեջ ընկնելով, բայց մորս ձայնն առ այսօր ինձ հետ է նրա անվան հետ կապված ցանկացած բան կարդալուց: Հետագա երաժշտական կրթությունս, իհարկե, շատ բան տեղը դրեց, բայց գոնե Մոցարտի հետ կապված նախնական ասոցիացիաներս խեղաթյուրված չէին. նա մաքուր էր, որովհետև մայրս էր նրան ծանոթացրել... Ու ինչ-որ անգիտակցական մակարդակում մորս շնորհիվ է, որ այդպես էլ չեմ համակերպվում նրա այդ խեղկատակային կերպարին, որ աջ ու ձախ պատահում է ինձ: Այդ հետո՛ էր, որ ինձ խաբեցին, բայց այդ մարդկանց մասին կլռենք քրիստոնեական ներողամտությամբ ու համբերատարությամբ, նրանց ժամանակն այլևս չունենք, չենք էլ ունենա երբևէ:


Սկսենք վերջապես այս երաժշտի մասին մեր զրույցը: Քսան տարի ապրես մարդու հետ, ու չճանաչես: Դա ես ու Մոցարտն ենք: Այո՛, ես մոտավորապես այդքան ժամանակ անուղղակի ու ուղղակի շփվում եմ նրա հետ, ու այն, ինչ կկարդաք, այդ քսան տարիներին կցկտուրի, մոռացվածի, վերհիշածի, սովորածի, չսովորածի, զգացածի, մտածածի ու կարդացածի համբերատար դասակարգումն է, իմի բերելու (կոնկրետ ինձ համար) մահու չափ պատասխանատու այդ գործը: Հա՛, մահու չափ պատասխանատու, որովհետև մեռնելն ամենապատասխանատու բանն է ծնվելուց հետո: Չգիտեմ՝ Մոցարտին հնարավորինս օբյեկտիվ ներկայացնելու իմ անկեղծ փորձն ինչով կպսակվի, բայց կկարդաք մտքեր ու ինֆորմացիա, որոնց համար ես գլխով պատասխանատու եմ: Գլխով, որովհետև չխաբելն է ինքս ինձ տված այսօրվա իմ պատվիրանը:


Անհամար են Մոցարտի կենսագիրները, գրականության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելն այս կոմպոզիտորի էությանը մոտենալու կարևորագույն նախապայմաններից է, եթե հույսներդ չեք դրել բացառապես ձեր ներքին ու արտաքին ականջների վրա: Մենք կանդրադառնանք դրանցից երեքին՝ Օտտո Յանին, Ալֆրեդ Էյնշտեյնին ու Բորիս Կրեմնյովին: Վերջինիս նշելու միակ պատճառն իմ՝ Մոցարտին առաջին անգամ նրա շնորհիվ հանդիպելն է, հարգանքի տուրքը մատուցենք, անցնենք առաջ: Այս՝ միանգամայն ընդունելի հայերեն թարգմանությամբ գիրքը ոչ այլ ինչ է, քան Յանի ծավալուն եռահատոր աշխատության սեղմ «գրագողություն»՝ փետուրի գեղարվեստական թեթև հարվածներով Մոցարտի մասին հերթական մի շարադրանք: Ինչ վերաբերում է Օտտո Յանի «Մոցարտի կյանքը» եռահատոր գիտական աշխատությանը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Մոցարտի լավագույն կենսագրություններից է, եթե ոչ լավագույնը: Հնէաբան էր Յանը, այդ պատճառով էլ Մոցարտին վերաբերող ներանձնային մանրակրկիտ դիտարկումները, երաժշտության ժամանակային ու կառուցվածքային հիանալի բացատրություններն ու անզեն աչքին անտեսանելի երաժշտական ատոմների բացահայտումն առանց ավելորդ էմոցիոնալության Յանի դեպքում, կարծում եմ, նաև մասնագիտական բերումով փայլուն են ստացվել: Այնքան անձնական նամակ կարդացի այս աշխատության մեջ՝ սկսած որ թվականի որ օրը Մոցարտն առավոտյան ինչ կերավ, քանի ժամ մրսեց պալատական հերթական անտաղանդին երաժշտության դասեր տալու պատճառով սպասելուց, վերջացրած խորը երաժշտական վերլուծություններով իր և հոր միջև, որ վերջում քիչ էր մնում՝ խոստովանության գնայի ինձ չվերաբերող այդքան բան կարդացած լինելու համար: Հետո իբր մխիթարում ես քեզ, որ այս մարդն ախր նույնիսկ գերեզման չունի, հիմա դժվար թե դեմ լիներ կարդալուդ, ու շարունակում ես կարդալը... Առաջին հատորն այնքան մանրամասն է վերլուծում այդ աղճատված մանկության, բայց այնուամենայնիվ ընտանեկան նախանձելի հոգատարության ու իրական սիրո մեջ շփոթված, սեփական հանճարի ձեռքը կրակն ընկած երեխայի երաժշտական առօրյան, որ լացդ գալիս է խղճահարությունից: Յանի՝ օպերաների, օրատորիոների ու օպերա բուֆաների[1] նկարագրություններն առաջին հատորում սպանիչ են: Տակտ առ տակտ կգրի երաժշտության հետ ինչեր են կատարվում, որ կերպարը ձայնային որ ինտոնացիայի մեջ ինչ հուզականություն է արտահայտում, «հստակորեն շեշտված առոգանություն», «հարմոնիայի հապճեպ փոփոխություններ», էլ չգիտեմ ինչ... Իսկ նարատիվ ձևով անվերջ ձգվող բոլոր օպերաների սյուժետային պատմությունների մասին ես համեստորեն լռեմ, որովհետև սերիալ կարդալուց ավելի վատ բան միայն սերիալ նայելն է: Չարյաց փոքրագույնն էի ընտրել բարեբախտաբար, առաջինն էի անում՝ մի կերպ կարդում էի: Բայց երբ հերթը հասնում է հենց Յանի երաժշտական լուրջ դիտարկումներին, որոնց այս կամ այն լինելը մեծապես կապված է ժամանակաշրջանի ակադեմիական երաժշտության խստաշունչ պահանջներին, ջղայնությունդ անցնում է, վերափոխվում կարգին բան կարդացած լինելու անփոխանցելի զգացումի: Հետո էլի հետ ես գնում ու ընկնում այդ փոքրիկին խղճալու՝ այս դեպքում երևի նույնիսկ կենդանական բնազդիդ գիրկը:


«...Հիմար, սատանի մեկն է, այդ տխմարն ինչպե՞ս կարող է օպերա գրել դեռ առաջին տասնամյակը մարդավարի չբոլորած: Հայրը գրում է, երեխայի անվան տակ իր գրածները անցկացնում է պալատներ: Գիտեն՝ երաժշտություն են գրում, մեծ բան են անում... Այդ խեղկատակին մեջտեղից վերացնել է պետք»... Մի կողմից տարիներ տևող նմանատիպ բարձրաձայնված ու չբարձրաձայնված խոսքեր, որոնցից Մոցարտների օրինակելի ընտանիքն ամեն կերպ փորձում էր անմասն պահել Վոլֆերլին (ինչպես դիմում էին Մոցարտին տնեցիք), մյուս կողմից՝ «տղաս, մի՛ լսիր ոչ ոքի, ի սե՛ր Աստծո, դու գրի՛ր... Գրի՛ր... Մի՛ լսիր...» հոր՝ Զալցբուրգյան ամրոցի պարիսպների նման այդ հաղթանդամ ու տոկուն մարդու անսահման սիրալիր հորդորները: Դե ասեք խնդրեմ, ինչպե՞ս այս երեխայի՝ դեռ մարդավարի չսկսված երկրային կյանքը չխեղվեր...


Երկրոդ հատորն ինչ-որ կերպ շեղում է ուշադրությունդ խղճահարությունիցդ, փարատում այն օպերա բուֆայի ստեղծման առաջին իսկ օրվանից ողջ զարգացման ուղու ու գագաթնակետին հասնելու բծախնդիր ներկայացմամբ: «Հա՛յր սիրելի, ես գիտեմ, իմ առաքելությունն այս աշխարհում օպերա գրելն է: Ես դա ամեն ինչից շատ եմ սիրում...»


Երրորդ հատորն ինձ համար դեռ չսկսած՝ արդեն ռեքվիեմն էր՝ Մոցարտի վերջը, կխոսենք հաջորդ բագատելներում սրա մասին:


Իսկ ո՞վ էր Ալֆրեդ Էյնշտեյնը: Նախօրօք նշենք, որ «Ալֆրեդ» ու «Ալբերտ» անունները տարբեր բաներ են, չնայած ֆիզիկան ու երաժշտությունը՝ այդքան էլ չէ: Դրա համար չենք խառնում ֆիզիկոս Էյնշտեյնին երաժշտագետի հետ: Մի քանի բառ էլ Ալֆրեդ Էյնշտեյնի  մասին, ու քանի որ արդեն գիտեք՝ ումից սկսել Մոցարտի կյանքը կարդալ, կանցնենք ավելի մտերմիկ, անձնական զրույցներին: Ընդհանրապես ինչ-որ դասական ստեղծագործություն հիշատակելուց նախ գրվում է կոմպոզիտորի անունը, հետո՝ ստեղծագործության անվանումը, համարը (եթե կա), տոնայնությունն ու հրատարակությունը, որովհետև վերջինս գոնե դասական երաժշտության ձևավորման օրորոցում գործի ստեղծումից ի վեր տարբեր է եղել, անընդհատ փոփոխվել է: Այդ պատճառով են նշել, որ իմանան գոյություն ունեցողներից կոնկրետ որի հետ գործ ունեն: Մոցարտի ստեղծագործությունների հրատարակությունները, կամ ինչպես երաժշտական շրջանակներում է ընդունված մասնագիտական տերմինով ասել, օպուսները, նշվում են K կամ KV լատինական տառերով: Այս հապավումը բացվում է գերմաներեն չիմացողի համար չինարեն հնչյունաբանություն ունեցող "Köchel-Verzeichnis"(Կյոհել-վեացայհնիս) բառակապակցությամբ: Լյուդվիգ ֆոն Կյոհելը Մոցարտի ստեղծագործությունների ժամանակագրական դասավորվածությամբ առաջին ձեռնարկի ստեղծողն է, իսկ այն երկրորդ բառը թարգմանաբար նշանակում է տեղեկատու, ձեռնարկ ցուցակ, կատալոգ: Այս բառակապակցությունը փաստորեն նշանակում է «Կյոհելի ձեռնարկ»: Սա ինձ պես գերմաներենին «փայլուն» տիրապետողների համար, իսկ հիմա Կյոհելի ու Ալֆրեդ Էյնշտեյնի՝ Մոցարտին վերաբերող ընդհանրության մասին: Մոցարտի մահվանից հետո ուղիղ 71 տարի ոչ ոքի ոչ մի կերպ չէր հաջողվում խմբավորել, խրոնոլոգիական դասավորվածության բերել նրա բեղուն ու կարճ կյանքի արգասիքը՝ ողջ երաժշտական հարստությունը: Տիտանական աշխատանքի արդյունքում Կյոհելին վերջապես հաջողվում է ի կատար ածել այս բարդագույն ու հույժ կարևոր առաքելությունը, ու 1862-ին Մոցարտն արդեն հետմահու ուներ շնորհքին հրատարակված ստեղծագործությունների հսկա ցանկ: Կյոհելից հետո Մոցարտի հրատարակված ստեղծագործությունները  յոթ անգամ էլ լայնածավալ հրատարակչական փոփոխությունների են ենթարկվում, որոնցից ամենակարևորը 1958-ին հենց Ալֆրեդ Էյնշտեյնինն է լինում: Նա երաժշտական աշխարհի համար չափազանց կարևոր փոփոխություններ, շտկումներ մտցրեց Կյոհելի՝ Մոցարտի ստեղծագործությունների ձեռնարկի մեջ, այնքան կարևոր, որ նրանից հետո արված փոփոխությունները շատ երաժշտագետներ նույնիսկ լուրջ չեն համարում: Այս մարդն այնքան բան ունի Մոցարտի մասին ասելու, որ խորհրդավոր լռում է, մինչև անձամբ գնաս իր մտքերի դուռը: Կգնանք, բայց հետագա բագատելների մեջ, որոնց դեռ պիտի գրենք և որոնք անպայմանորեն Մոցարտին կվերաբերեն: Պարբերաբար կհիշատակենք այս հարգարժան ու նվիրյալ գիտնականների աշխատություններից մեջբերումներ, որ չխաբենք ոչ ոքի: Ինչևէ, շատ չխորանանք կենսագրությունների վերլուծությունների մեջ, որովհետև անսպառ թեմաներ են, հերթն այդպես էլ չի հասնի իմ՝ վերջապես բուն երաժշտությանը վերաբերող համեստ ու վիճելի կարծիքն արտահայտելուն:


Լավ, վերջը որտեղի՞ց է սկսվում մեր առերեսումը Մոցարտի հետ: Նախ միանգամից մեզ դեմ են տալիս նրա «Ռեքվիեմը», մի քիչ ավելի բախտ ունեցողներին հասնում են նաև նրա մի երկու օպերայի անուն, սիմֆոնիաներից՝ մասնավորապես 40-րդն ու 25-րդը, երաժշտական կրթություն ունեցողներն իմանում են նրա «Թուրքական քայլերգը», դա էլ ռազմահայրենասիրական նկրտումներ չունեցող սովետակերտ դասատուի շնորհիվ, նրանցից շատերը նույնիսկ կատարում են Մոցարտի որոշ սոնատներ, մի քանի մենուետ, բախտավորները՝ կոնցերտներ ու վերջ: Ձեզ սրանցից ոչ մեկը չի սպառնում, ես դա թույլ չեմ տա: Այն, ինչ հիմա կանենք, կանվանեմ անձնական դիտարկումների արդյունքում ստացված «Ամադեուսի ճանաչման սիրողական ուղեցույց», որ չի սկսի վերևից՝ ռեքվիեմից, որովհետև ինչ սկսեցիր վերևից, միայն մի ընթացք ես ունենալու արդեն՝ ներքև: Հիմա կասեք «ավելի վերևն» էլ տարբերակ է, իսկ ես չեմ համաձայնի, ու քանի կռիվ չենք արել, անցնենք առաջ: Վերևից ներքևը, համաձայնեք, ցավոտ վայրէջք է, ձեռնպահ մնանք: Իմ խորին համոզմամբ Մոցարտի համաշխարհային չմեռնող համբավի կարևորագույն հանգամանքներից է նրա գործիքային բազմազան երաժշտությունը: Ատած երաժշտական գործիքներն էին տավիղն ու ֆլեյտան, պատկերացնու՞մ եք: Յանը գրում է՝ 1778-ի մարտին Մոցարտը, երբ ավելի լավ վարձատրվող  մեկենասներ ունենալու անկեղծ ցանկությամբ Փարիզ է գնում, հանդիպում է ֆրանսիական պալատական արիստոկրատ Դուկ դը Գինեսին, որ մեծագույն երաժշտասեր էր, ֆլեյտա էր նվագում, աղջիկն էլ՝ տավիղ: Մոցարտին հանձնարարվում է այնպիսի մի ստեղծագործություն գրել, որ հայր ու աղջիկ կատարեն: Դուքսի աղջիկը՝ Մարի Լուիզ Ֆիլիպինը, Մոցարտից կոմպոզիցիայի դասեր էր առնում, չնայած հենց Մոցարտի հավաստմամբ «կատարելապես անտաղանդ էր կոմպոզիցիայի մեջ՝ անկախ այն հանգամանքից, որ բացառիկ կատարողական տեխնիկա ուներ»: Այնպիսի մի շքեղ, տիպիկ Դասական ժամանակաշրջանին բնորոշ կոնցերտ է գրում ֆլեյտայի, տավիղի ու փոքր լարային նվագախմբի համար (KV 299), որ  չես հավատում՝ ճարը կտրած է գրել, առանձնապես չուզելով, ստիպված: 




Այս կոնցերտը Մոցարտի հսկայական երաժշտական ժառանգության մեջ տավիղի միակ ձայնն է: Իսպառ վերացրել է Մոցարտն այդ երաժշտական գործիքն իր ստեղծագործություններից: Չէր սիրում մարդը, ի՞նչ անես: Փողայինների հանդեպ զարմանալի վերաբերմունք ուներ: Դեռ տասը տարեկան էր, երբ ուշագնաց եղավ առաջին անգամ փողի՝ դատարկության մեջ ականջի թաղանթը պայթեցնող ձայնը լսելուց: Հետո, երբ խելքի բերեցին ուշաթափությունից, մինչև պատանեկության հասնելը մահու չափ սարսափել է փողից: Կրեմնյովն ու Յանը ասում են՝ սենյակում փող տեսնելուց փոքրիկը նույն հոգեվիճակում էր հայտնվում, ինչ մեծահասակի ճակատին ատրճանակ դնեին: Փախչում էր, լաց լինում, խնդրում չնվագեն իր ներկայությամբ: Շատ դժվարությամբ է համակերպվում այս փողային գործիքի հետ, բայց այնուամենայնիվ ստացվում է: Ուշ պատանեկան երաժշտական ստեղծագործությունների մեջ այնպիսի յուրօրինակ ու հրաշալի փողային պարտիաներ է գրում, որ կարծես ասելուց լինի. «քեզ էլ եմ ներում, փող՛»: Ֆլեյտան էլ փողային գործիքներից երկրորդն էր, որ չէր սիրում: Ուշագնաց չէր լինում, ցնցումների մեջ չէր ընկնում, ինչպես փողի հնչողությունից, բայց էլի չէր սիրում: Ամեն դեպքում, այս երկու գործիքների հանդեպ նրա մեղմ ասած կողմնակալ վերաբերմունքը բնավ աննկատ է այս կոնցերտի մեջ:


Ցանկացած դասական շրջանի (և ոչ միայն դասական) կոնցերտ պարտադիր պիտի ունենար «կադենցա» կոչվածը: Եթե փորձենք մատչելի բացատրություն տալ, կոնցերտային ստեղծագործության այն հատվածն է, երբ լռում են բոլոր նվագակցող գործիքները, որ սոլո գործիքը ցույց տա տեխնիկապես և երաժշտապես վիրտուոզ իր կարողությունները: Մեզ արդեն ծանոթ Ալֆրեդ Էյնշտեյնը հաստատ համոզված է, որ ֆլեյտայի ու տավիղի համար գրած նրա այս կոնցերտի կադենցան անհետ կորել է, բայց սա չի խանգարում մերօրյա երաժիշտներին սեփական կադենցաները մշակել և նվագել, ինչը շատ հաճախ իրենց թույլ են տալիս երաժիշտներն ընդհանրապես: Այդ պատճառով էլ այս կոնցերտն այնքան տարատեսակ կադենցաներ ունի, որքան Մոցարտը՝ ստեղծագործություն: Հիմա անցնենք կոնցերտի անչափ գրավիչ երաժշտական մասին: 


Եթե արդեն չեք լսում, միացրեք ստեղծագործությունը, իրար հետ լսելով քննարկենք: Ամենաուրախ տոնայնություններից մեկի՝ դո մաժորի մեջ գրված այս կոնցերտը, որ ինչպես հազար անգամ ասացինք, ֆլեյտայի ու տավիղի համար է, սկսվում է բոլոր գործիքների՝ այդ թվում՝ ֆյելտայի ու տավիղի համաժամանակ մուտքով: Մի պահ պատկերացրեք ձեզ նվագախմբի հետ նվագելու պատրաստ նստած: Ու սկսում եք բոլորդ միասին, ինչպիսի~ թիմային վստահություն է ներշնչում բոլորիդ նույն բանը նվագելու փաստը: Դուք արդեն մենակ չեք, երաժշտապես օժանդակում եք լարայիններին, լարայինները՝ ձեզ, փողն (այո, այն նույն փողը, որից տարիներ առաջ նա ուշաթափվեց) ու հոբոյը լարայիններին, հետո բոլորը ձեզ... Ու այս համատարած սիրալիր աջակցությունը հոգեբանական առավելություն, խաղաղ վստահություն է հաղորդում դուքսի ու նրա աղջկա նման՝ այն ժամանակների համար սիրողական մակարդակի երաժիշտներին: Շատ չէ, ընդամենը երեք տակտ են ողջ նվագախմբով նվագում, բայց արդեն սխալ մուտքի տագնապ չկա, համբերատար պիտի սպասեն նվագախումբը սահի այդ զարմանալիորեն հիասքանչ երաժշտության ձայնային տատանումների վրայով, որ հերթը հասնի նաև իրենց: Լսու՞մ եք ինչ զարմանահրաշ համդրություն է տավիղի ու ֆլեյտայի երաժշտական այս «ամուսնությունը»: Էլ ուրիշ որտե՞ղ են այս երկուսն այսքան անսովոր համահունչ ու փոխլրացնող: Էլ ուրիշ որտե՞ղ: Այս երկուսի զմրուխտյա տեմբրերը բարիացնում են մարդկանց, հասկանու՞մ եք, կոտրում ի բնե ավերելու մեր երբևէ չարդարացված կենսակերպը: Այսպիսի երաժշտություն գրողը կորցրած մանկություն ունի, լսեք ինչ մանկական անմեղ խղճահարություն կա այս գործի հատկապես երկրորդ մասի՝ «Andantino»-ի մեջ, որքան կարոտ փարիզյան անբարենպաստ կենցաղային պայմանների պատճառով հիվանդացած ու մահացած, ծննդավայրից հեռու թաղված պաշտելի մոր կարոտը, անտանելի Զալցբուրգում գիշեր-ցերեկ իր մտքերով ապրող կարեկից հոր կարոտը, քրոջ՝ նրա միակ իրական բարեկամի, ջութակից թավիշի ձայն հանող Նաներլի կարոտը... Իր սիրելի Փիմփերլի (շնիկի անունն էր) և տան սպասավորի կարոտը, որ ճամփորդությունից վերադառնալուց անպայման իր սիրելի թռչնամիսն էր պատրաստում ու տան անդամի պես անհամբեր կանգնած շքամուտքին՝ իրեն սպասում: Այս ամենն անկատարության դատապարտված բաներ էին, ուրվագծեր այն մարդկանց, որոնք կա՛մ էլ չկային, կա՛մ էլ չլինելու չափ հեռու էին: Եռամաս այս կոնցերտն իմ կարծիքով Մոցարտի աշխարհիկ պոլիֆոնիկ արվեստի ամենաշքեղ գործերից է, միանգամայն մատչելի ու դյուրահաղորդ Մոցարտի երաժշտական էությանը: Այս թվացյալ անհամադրելի գործիքների համադրությունն, իհարկե, Մոցարտի մտքի արդյունքը չէր, նա ինքնակամ նման բան չէր էլ անի, հանգամանքների պարտադրանքն էր, որ մի քանի գուլդեն կարողանար ուղարկել քրոջ հետ միայնակ, կանացի խնամքից զուրկ մնացած հորը: Այս դեպքերում է, որ ճանաչվում են իրական ստեղծագործողները: Պե՞տք էր երաժշտություն գրել այս ու այն իրար հետ կապ չունեցող գործիքների համար, արե՛ց հարկավ: Բայց ինչ կերպ է արվում պարտադիր գործը, հենց այդ կերպն էլ որոշում է ստեղծածի արժեքը:


Մեր ականջը երաժշտարվեստի պատմության զարգացման հետ «փչացավ», ու թող վրա չտան ժամանակակից երաժշտության ջատագովները. այդ երաժշտության որոշ տեսակների մի սիրահար էլ ես եմ, բայց այն երաժշտությունը, որ նախ ուղեղով է անցնում, հետո հասնում ուրիշ տեղեր, դատապարտված է մնալու բացառապես ինտելեկտուալ լսարանի սակավամարդ դահլիճներում: Այո՛, խեղվում է մեր ականջը հենց թեկուզ Ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտորների անհագ սիրառատությամբ տարված ականջալուր հարմոնիաներից: Բացվում է ռուբատոների ու հազարաձայն դաշնամուրային կոնցերտների աղաղակող ռոմանտիկ բազմաձայնությունը դահլիճի վարագույրներից այս կողմ, իր թեթևության շնորհիվ (ինչն ամենևին պախարակելի չէ, ես ոչինչ չունեմ դրա դեմ) երկար մնում ունկնդրի ականջներին: «Խեղվում» է երգեհոնից դուրս եկած դեպի այլ ճշմարտություն սավառնող երաժշտությունը... Հասնում այնտեղ, ուր էլ պետք չէ տոնայնության մեջ երաժշտություն գրել, հիմա օրենքն անօրենությունն է (բառիս ոչ անարխիկ իմաստով), գրիր ինչ ուզում ես, ինչպես ուզում ես... Ու այս ամենի անուղղակի մասնակիցն ենք մենք՝ երաժշտասերներս, ժամանակի հոսանքին զուգահեռ գնում ենք, որովհետև ժամանակը միակ հոսանքն է, որի դեմ անհնար է լողալ: Մտքով՝ հա, մարմնով՝ երբեք: Ու այս ատոնալ քաոսի մեջ մոռանում ենք, որ ամեն բազմաձայնի մեջ ինչ որ միաձայն է ախր ապրում, որ դո-ն ու ֆա-ն կվարտա է, որ օկտավան մաքուր ինտերվալ է, և որ Մոցարտն, ի տարբերություն մեզնից շատերի, այս ամենը դեռ հիշում է... Մոցարտի երաժշտության մեծ մասն անչափ հեշտ է չլսել: Այն այլևայլումների զոհ չէ, բյուրեղյա մաքրության է, այդ պատճառով էլ դժվար է լսվում: Երբ ասում է «հիմա տոնիկական եռահնչյուն ես լսելու, սիրելիս», այդպես էլ լինում է, թեկուզ այդ նույն եռահնչյունն անչափ բարդ ռեքվիեմի խորխորատներում է թաղված: Նա էլ Բախի նման չի խաբում, որովհետև ճիշտը գիտի ու չի վախենում դրանից: Մոցարտի թվացյալ պրիմիտիվությունը նրա նույնիսկ ուշ շրջանի գլուծգործոցների՝ դաշնամուրային կոնցերտների, սոնատների, դիվերտիմենտների, օֆերտորիումների ու մեսսաների մեջ մեր գերլցված ականջին կարող է պարզունակ է թվալ:  Սա բացառապես չիմացության արդյունք է, երաժշտին չիմանալու մակերեսային, զուտ զգացական մակարդակով ընկալում, առաջին, հիմնականում սխալ տպավորություն: Ինձնից երկար ժամանակ պահանջվեց Մոցարտի պարզության մեծությունն իրավամբ տեսնելու, ուզում եմ ձեզ մոտ այդքան չտևի, ավելի շուտ գոնե իմանաք, եթե չլսեք էլ: Նրան հեշտ է մեղադրել ժամանակավրեպ հասանելիության մեջ, հեշտ է, հենց դրա համար էլ անում են: Դժվարն այդ դյուըմբռնելիության մեջ թեմատիկ գիծը բռնելն է, երաժշտապես այն մտքումդ զարգացնելն ու, իմ կարծիքով, մշտապես ֆանտաստիկ նրա լարային նվագակցություններին հաղորդ դարձնելը: Այս ամենը Մոցարտն առանց մեզ էլ արել է իր ստեղծագործություններում, ես սա ասում եմ, որ մենք անենք: Երբ առանց երաժշտության լսում ես երաժշտությունը, ուրեմն դու լսում ես այն:  


Ինչևէ, եթե Մոցարտի այս հրաշալի դո մաժորը չլսենք, ռե մինորին[2] չենք հասնի...Մոցարտը դո մաժորից է սկսվում...      





[1] Իտալերեն “opera buffa”-ն նույն ինքը՝ կոմիկական օպերան է, օպերայի ժանր, որ Իտալիայի Նեապոլ քաղաքից դուրս եկավ, ու Մոցարտի թեթև ձեռքով հետագայում ձեռք բերեց արդեն գերմանական բնութագիր՝ դառնալով ինչպես Մոցարտի ժամանակ կառավարող կայսր Ժոզեֆ II-ն է ասում՝ «ազգային վոդևիլ», կամ հենց գերմաներենով՝ «զինգշպիլ»` թարգմանաբար՝ երգ ու խաղ: «Վոդևիլ» բառի ծագումնաբանությունը վիճելի է, ամեն դեպքում ֆրանսերենի "voix de ville" բառակապակցությունն է, նշանակում է քաղաքի ձայն: 

[2] Ռեքվիեմն է ռե մինոր:

No comments:

Post a Comment