Մոցարտի կենսագրական այլ մանրամասներից նրա
ամուսնությունն ամենայն հավանականությամբ մեր այս “Sanctus”-ի վերջը կլինի: Ինձ հարցնեք,
այս պատմությունն այնքան ձանձրալի է, որքան նրա կնոջ՝ Կոնստանցա սկզբում Վեբերի, հետո
արդեն Մոցարտի, դրանից հետո էլ՝ Նիսենի գրելաոճը: Գրչի էժանագին արտահայտչամիջոցներին
դիմող այս տիկինը բացառիկ ունակություն ունի մարդ ձանձրացնելու իր հատուկենտ պահպանված
նամակներով: Մնում է միայն հուսալ, որ կենդանի շփման մեջ կամ առավել փորձված է եղել,
կամ էլ այդ տափակությունը, որ թափվում է նրա նամակներում մտքի ու ձևի գեղագիտության
բացակայությունից, Մոցարտին առանձնապես չի անհանգստացրել ու երևի ճիշտ էլ արել է: Մեր ժամանակակից ավստրիացի
գրող Ռենատա Ուելշը հրաշալի օբյեկտիվության
նոտա է մտցնում Կոնստանցայի մասին անշեղ կարծիք
ձևավորելու գործում: Հղում անելով Մոցարտի կենսագիրների մի հսկա բանակի՝ նա մասնավորապես
նշում է, որ մենք կարծիք ենք կազմում Կոնստանցայի մասին բացառապես Լեոպոլդի «ընտանեկան
աչքով», ինչը դատապարտելի չէ: Այս կինը հասցրել է վերացնել Մոցարտի դեռևս կենդանի ժամանակ
միմյանց գրած նամակները գրեթե ամբողջությամբ, և նրա կերպարի նկարագրությունը ամենաուղիղ
ձևվով տալիս է հենց հոր և որդու նամակագրությունը, երբ Լեոպոլդը Վոլֆգանգին ամեն կերպ
փորձում է հետ պահել անհաշվենկատ ու ինքնագլուխ ամուսնությունից: Իսկ տրամաբանական
հաշվենկատությունը որոշ, ոչ անպայմանորեն ֆինանսական հարցերում ամուսնության մեջ երբեմն
առանցքային է, ինչքան էլ ռոմանտիկ հրեշտակաթև սիրահարները քարկոծեն այս տեսակետը:
Զալցբուրգից ջղերը քայքայած, բայց հոգին ազատած՝
Վիեննա է գնում Մոցարտն ու քանի որ գումարի հարցում նախանձելի մշտականություն էր ցուցաբերում՝
մշտապես չուներ, Վեբերներից՝ Մոցարտների վաղեմի ծանոթներից ավագ Վեբերը՝ 4 աղջիկների
մայր Սեսիլիա Վեբերը, կնոջը հատուկ խորամանկ հեռատեսությամբ համոզում է երիտասարդ,
կարծես թե հեռանկարային երաժշտին, որ իրենց տանը սենյակ վարձի: Մոցարտին երբեք դժվար
չի եղել ինչ-որ բան համոզելը, այս տնաշենն ամեն միակողմանի շահավետ (ինքը միշտ շահավետության
հակառակ կողմում էր) առաջարկների «այո»-ն գրպանը դրած էր ման գալիս: Երբ հոր ականջն
է ընկնում, թե ում տանն է պատրաստվում ապրել որդին, կարդալ է պետք ուղղակի այդ մարդու
ցայտնոտային տրամադրությունն իր հավասարակշռված տեքստերով նամակներում: Ի պատասխան
մեղադրանքների, թե այդ վհուկն ուզում է իր աղջիկներից մեկից էլ ազատվել (դարակազմիկ
խնդիր է չէ՞ աղջկան պսակելը), Վոլֆգանգը գրում է. «Եթե կյանքիս մեջ մի շրջան ամենաքիչն եմ մտածել ամուսնության մասին, այդ
հիմա է, որովհետև գլխումս հազար բան ունեմ: Աստծո գթասրտությամբ ինձ շնորհված տաղանդը
ամուսնանալու, կնոջս սեթևեթանքներին հանձնվելու ու ինձ վատնելու համար չի տրվել...»:
Նշում էր նաև, որ այն ամենն ինչ այսքան ժամանակ արել են, Պրատեր գնալն է եղել ընտանիքով՝
միասին լավ ժամանակ անցկացնելու: Այդ նույն Պրատերում, որ այսօր Վիեննայի դիսնեյլենդն
է, Մոցարտը, իր վախճանից մի քանի օր առաջ՝ անմարդ ձմեռային լռելյայն անդորրի մեջ, լաց
կլինի ու Կոնստանցային կասի «Ես շուտով կմեռնեմ»:
Այդպես էլ կլինի:
Մի ընտանիք էլ կար, որտեղ, միառժամանակ պրծնելով
բամբասկոտ Վիեննայի չարախոսություններից, Մոցարտը ժամանակավոր ապաստան կարող էր գտնել:
Հեռ Աուրնհամերի տունն էր դա: Սա էլ մի աղջիկ
ուներ՝ Ժոզեֆին Աուրնհամերը՝ վանող արտաքինով, փոքր ինչ լայնազանգված, պսակելու շեմին
կանգնած մի օրիորդ: «Ամեն օր ճաշում եմ հեռ Աուրնհամերի հետ: Նրա աղջիկը սարսափելի է, չնայած աստվածային է նվագում...», պատմում
է հորը, նշում նաև, որ այն սենյակը, որ այս պարոնն էր իրեն առաջարկում, «մկների ու առնետների համար էր, ոչ մարդկանց»:
Սա շատ ձեռնտու արդարացում էր, թե ինչու Մոցարտը Վիեննայում այլ տեղ ապրել չէր կարող:
Յանն ասում է՝ Լեոպոլդի այդքան համառ հակակրանքն
ու Վիեննայում արդեն բացեիբաց սավառնող բամբասանքները Վոլֆգանգի և երրորդ Վեբերի՝ Կոնստանցայի
սիրավեպի մասին հակառակ էֆեկտով սկսում են Մոցարտի գլխում այդ սիրավեպն իրական տեսնելու
հեռանկար տալ: Երբեք, ընդհուպ մինչ մահը, Մոցարտն Աստծո գառ չի եղել կանանց հարցում,
մի առիթով նույնիսկ գրում է, որ եթե ինքը ստիպված լիներ ամուսնանալ այն բոլոր կանանց
ու աղջիկների հետ, ում սիրահետել է, հարյուրից ավելի ամուսնություններ գրանցված կլինեին
իր անվան դիմաց: Այս անգամը լուրջ էր, ու հենց դա ամենաքիչը դուր եկավ Լեոպոլդ Մոցարտին՝
կրտսեր Մոցարտի ցանկացած ստեղծագործական նախաձեռնության սատարին: Շատ դեպքերում է այդպես. ամբողջ սրտով պիտի չուզես մի բան, որ լինի, և երբ Մոցարտն
իր սրտաբաց էությամբ զգում է փոխադարձ համակրանք աղջկա կողմից, գլուխը կորցրած սիրահարվում
է, ինչպես ժամանակին սիրահարվեց Կոնստանցայի ավագ քրոջը՝ Ալոիզային: Ալոիզան Մոցարտի
առաջին, անկատար ու ցավոտ սերն էր՝ վաղուց արդեն ամուսնացած ոմն դերասան Լանգեի հետ,
հեռու ու ապահով կյանքով ապրող:
Ինձ ապշեցրեց Մոցարտի Լեոպոլդին գրած նամակը,
որտեղ նկարագրում է իր ապագա կնոջը, որ հայրը հասկանա՝ զգուշանալու, առավել ևս վախենալու
ոչինչ չկա: Այնքան ապշեցրեց, որ որոշել եմ ամբողջությամբ այն թարգմանել: Խնդրեմ, ինքներդ
տեսեք. «Միայն չասես «Օ~հ ո՛չ, միայն թե ո՛չ
Վեբերներից»: Այո՛, հե՛նց Վեբերներից: Ոչ Ժոզեֆինան, ոչ Սոֆիան, այլ Կոնստանցան՝ միջնեկը:
Այդքան տարբերություն մի ընտանիքում երբեք չեմ տեսել: Ավագը՝ Ժոզեֆինան, ջղային ու
ծույլ մեկն է, Ալոիզա Լանգեն՝ կեղծ, անսկզբունքային ու կոկետ կին, ամենափոքրը՝ Սոֆիան,
չափազանց երիտասարդ է ինչ-որ բան լինելու համար, անուղեղի մեկն է դեռ: Իսկ միջնեկը՝
իմ սիրելի Կոնստանցան, այս ընտանիքի զոհն է... Նա տգեղ չէ, բայց գեղեցիկ լինելուց էլ
հեռու է [ներեցեք ինձ, ի սեր Աստծո, Մոցարտի նամակի մեջ խցկվելու համար, բայց ախր
այդ ո՞ր խելակորույս սիրող մարդն է իր սիրելիին ասում «այդքան էլ գեղեցիկ չէ»]: Նրա միակ գեղեցկությունն իր մուգ աչքերի և լավ
կառուցվածքի մեջ է: Խելացի չէ, բայց բնատուր խելք ունի լավ կին և մայր լինելու համար:
Էքստրավագանտության հակումներ չունի բնավ, ընդհակառակը՝ մշտապես վատ հագնված է, որովհետև
մայրը միայն այն երկուսի հետևից է հասցնում: Ճիշտ է, սիրում է կոկիկություն ու մաքրություն,
բայց խելացի չէ [Բա սա... Բա սա ասելու բան է՞, այն էլ մի նամակում երկու անգամ], իսկ այն ամենն ինչ անհրաժեշտ է կնոջը, կարողանում
է ստեղծել իր համար: Տնային տնտեսությունից գլուխ հանում է, աշխարհի լավագույն սիրտն
ունի, սիրում է ինձ, ես էլ՝ իրեն: Ասա՛, հա՛յր, կարո՞ղ էի ավելի լավ կին ցանկանալ...»:
Այն, որ նախրի մեջ էշի ճակատը պաչեց, հայրը կհաստատեր, եթե ծանոթ լիներ հայկական իմաստուն
ու գեղջկական համեմատություններին մեծապես տուրք տվող մեր դարձվածաբանությանը: Այս նամակից պարզ է դառնում՝ Մոցարտը մեծ սպասելիքներ
չուներ իր ամուսնությունից, նրան պարզապես պետք էր մեկը, ում կողքն իրեն սիրված կզգար
և վերջ: Այսպիսով մանկության տարիներին իրենց տուն հաճախող ցանկացած հյուրի առաջ աթոռին
կանգնած, աչքերի մեջ նայելով հարցրած «Իսկ դուք ինձ սիրու՞մ եք» Վոլֆերլ Մոցարտի պատմական
հարցը վերջապես տևական դրական պատասխանը կստանար: Հասկանալի է հոր մտատանջությունը.
այս կինը խոստանում էր որդու՝ ֆինանսական առումով անկայունության շարունակությունը:
Ստանում է երկարատև նամակագրությունից հետո «հայրերից
լավագույնի» դժկամորեն տված համաձայնությունը, ամուսնանում են շատ անդուր ու մանր
դավադրություններից հետո, բայց այս միությունն այդպես էլ օրհնություն չի ստանում:
Մոցարտի ֆենոմենը բացառիկ է իր զգացածի և
գիտակցածի համատեղելիության մեջ: Պարզ գիտակցելով կնոջ միջակությունը, բացահայտ՝ առանց
ավելորդ պճնանքների, պարզ գրում է հորը, ինչպես տեսանք, իսկ այ զգացածը բացառապես այլ
կերպ դնում երաժշտության մեջ: Այս պատմությունն էլ չէինք պատմի, եթե Կոնստանցային անսահման
սիրահարվածության էյֆորիայի մեջ չգրեր ինձ համար իր կատակերգական զինգշպիլների մեջ
լավագույն նախերգանքով օպերան՝ «Առևանգումը հարեմից» (KV 384): Սա, ի տարբերություն
ոչ պակաս, ճիշտը խոսենք՝ առավել հանճարեղ «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերա բուֆայի
ու դրա նախերգանքի, գրեթե անհայտ է ոչ մասնագիտական շրջանակներում: Չհասկացավ համենայն դեպս Յոզեֆ Երկրորդն այս օպերան, կանգնեց իրենից կարճահասակ Վոլֆգանգի դիմաց օպերայի առաջին փորձի ունկնդրումից հետո և երբ օպերայի հաստատման ու կատարման թույլտվության ակնկալիքով Մեցարտը հարցրեց՝ ինչ է կարծում ձերդ գերազանցությունն օպերայի մասին, գերազանցությունն ասաց. «Վատ չէ, բայց չափազանց շատ են նոտաները», որին ի պատասխան հնչեց. «Ճիշտ այնքան, որքան հարկավոր է, Ձե՛րդ Պայծառափայլություն»:
|
1782-ի հուլիսի 16-ին Վիեննան առաջին անգամ լսեց «Առևանգումը արեմից» ("Die Entführung aus dem Serail") զինգշպիլը: Այս ազդագիրը հենց այդ պրեմիերայինն է, այսօր պահվում է Վիեննայի Արվեստի Պատմության Թանգարանում: |
Այս արտակարգ ջերմ, տիպիկ մոցարտյան նախերգանքի
առաջին հենց տակտից հասկանալի է դառնում՝ Մոցարտի հետ մի բան այն չէ: Այդ «այն չէ»-ն
շարունակվում է առաջին 8 տակտերի ինտրիգային, խորամանկ տրամադրության մեջ, մեկ էլ իններորդին
հարվածային չորս տեսակի, պատկերացնու՞մ եք, չորս տեսակի գործիքների այնպիսի մի ֆորտիսսիմո
աղաղակ է բարձրացնում, որ ամբողջ աշխարհն իմանա՝ ինքը սիրահարված է: Առաջին ակտի Բելմոնտի
արիայի 2-րդ ու 3-րդ տակտերում ողջ հոգով երգվող “Constanze!”-ն էլ հենց Մոցարտի հոգու
ճիչն է, բայց արդեն իր, ոչ թե օպերայի գլխավոր հերոս Բելմոնտի Կոնստանցային: Վստահեցնում
եմ ձեզ, եթե չիմանայիք էլ այս նախապատմությունը, գուշակելու էիք՝ Մոցարտն այդքան երջանիկ
դեռ չէր եղել: Այս գործի բացառիկությունն ինձ համար սեփական երջանկության հատուկենտ
ակնթարթներից ամենամեծի նոտագրումն է, երևի այսպիսի պահ էլ չի լինում նրա կյանքում:
Մոցարտը, չնայած կյանքով լի, կատակասեր, հաճույքներին առաջնային տեղ տվող, երբեք իրապես
երջանիկ չի եղել. երջանիկ մարդն այդպիսի ռեքվիեմ չէր գրի... Այնպիսի նյարդային հապճեպությամբ,
բայց ոչ շտապողականությամբ է սավառնում այս նախերգանքը օպերայի սկզբում, տոնայնության
մեջ այնպիսի սեթևեթ փոփոխություններ են կատարվում, որ պարզ է դառնում՝ եթե Մոցարտի
միայն այս նախերգանքին ծանոթ լինեինք, էլ բան լսած չլինեինք երբևէ, արդեն կճանաչեինք
նրան՝ որպես հստակ ձեռագիր ունեցող կոմպոզիտորի: Անհասկանալի ճարտարությամբ անհնարին
ձևով օգտագործել է իր ստեղծած զգացական մակարդակի վրա ազդող գրեթե բոլոր երաժշտական
մեխանիզմները, ինչը, մեղմ ասած, հեշտ չէ միջին հաշվարկով մինչև 5 րոպեում տեղավորել:
Նախերգանքի մեջ հարվածայինների հրավառությունից հետո հաջորդ ցնցումն արդեն ոչ թե անսպասելի
աղմուկն է, այլ հակառակը՝ նրբագույն, ողջ նախերգանքի մեջ բացառիկ մինոր հարմոնիաներն
են 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ տակտերում (թվերը գրելու իմա՞ստը: Մարդ ես, մեկ էլ
տեսար՝ մի երաժիշտ որոշեց գտնի ու կարդա պարտիտուրը), որոնք կրկնվում են andante-ին
հաջորդող Մոցարտի նշած Tempo I-ի մեջ նույն կերպ: Սրանց զուգահեռ նվագակցող կլառնետի
ու ֆագոտի ձայնային և գունային ֆանտաստիկ համապատասխանությամբ 4 վարընթաց տերցիաները,
որոնցից միայն առաջինն է մեծ (ասենք մաժոր, որ հնչի էլ), և ջութակների այդ եթերային
թեթևությամբ, ոչ ամենևին թեթևամտությամբ ստեղծված խաղերն այս գեղեցկագույն ֆրազը դարձնում
են հավերժ սիրելի և երբեք չմոռացվող: Հետո
էլի նույն կենսախինդ, կյանքից գոհ չասենք ղալմաղալը, դա այդպես չէ, ասենք հանճարի բարձրագույն դրսևորումներից մեկը,
որ բացի «Առևանգումը Հարեմից», «Դոն Ժուանից» ու «Սրինգից», մեկ էլ նկատվում է մահվան
տարում Բադեն ուղևորության ժամանակ գրած մի մոտետի մեջ: Գերլ ազգանունով երաժիշտ ծանոթ
ուներ այնտեղ, նրա երգչուհի կնոջն է խելքահան եղած սիրահարվում ու այդ ոգեշնչմամբ էլ
կատարում մոտետ գրելու պատվերը Հայդնի ու իր ընդհանուր ընկերներից մեկի՝ Անտոն Ստոլի
համար: Իսկ Ավստրիայի հյուսիս-արևելքում՝ Բադեն սպա քաղաքում, վեցերորդ երեխայով հղի Կոնստանցան էր խոցելի առողջության պատճառով բուժական թերապիա անցնում: Խոցելի առուղջությունը խոցելի առողջություն,
բայց Մոցարտից 51 տարի երկար ապրեց: Նկատեք, խնդրեմ, որ մասոնության օթյակին պատկանելու
տարում «Կախարդական սրինգը» օպերան գրելիս էլ ստեղծում է այս գործը՝ քրիստոնեական թեմայվ “Ave
verum corpus” (KV 618) մոտետը, որն արմատապես տարբերվում է քսանվեցամյա սիրահարված
անկառավարելի պատանու նախերգանքային լավատեսությունից: Ասենք ավելին, Մոցարտի
2000-ից ավելի երաժշտական ստեղծագործությունների մեջ արտակարգ, իր հասունությամբ ու
տեսակով չկրկնվող մի բան է: Այս մոտետը բացառիկ լրջախոհություն ունի, խելքահան եղած
ժամանակ այսպիսի երաժշտություն միայն հանճարեղ ստեղծագործական ու երաժշտական հասունության
տեր մեկը կարող է գրել, որ երևի հասկացել է զգացմունքայնության նաև տրամաբանական կողմը,
ով բացահայտել է հավերժ գեղեցիկը ստեղծելու այսքան հեշտ հնչող կառուցվածքային ու երաժշտական
բարդագույն բանաձևերը: Այստեղ չկա ոչ մի երիտասարդական, դժվար կառավարելի պոռթկում,
սա հասուն, աներեր մարդու ամենակատարյալ երաժշտական դրսևորումներից է, որ ես երբևէ բախտ
եմ ունեցել լսելու: Նախանձելի ազատություն, ակնհայտորեն դժբախտ ավարտ ունենալու ուղիղ
հուշում կա “Ave verum corpus” երկու-երեք րոպեանոց գործում: Այս մոտետի միջոցով կարելի
է պատկերացում կազմել, թե հետագա ավստրո-գերմանական եկեղեցական երգեցողությունն
ինչ ուղով է զարգանալու, ինչն էլ, օրինակ, ուղիղ հարյուր տարի անց կլսենք Բրամսի «Հոգևոր երգ
երկսեռ երգչախմբի և երգեհոնի համար» (op. 30) 1856-ին ստեղծված հաստաբուն ծառի արմատներով
լիդում,
ավելի ուշ՝ նաև նույն Բրամսի գերմանական ռեքվիեմում: Այդպիսին է Մոցարտը: Նրա երեք
րոպեանոց ձայնի, նվագախմբի ու երգեհոնի համար այս մոտետը հավերժ փոխում է նրա անլրջության
մասին խեղված պատկերացումը բոլոր նրանց մեջ, ովքեր լսել գիտեն:
Մոցարտը մի քանի ամիս անց պիտի մեռներ, իսկ
այս մոտետն ինձ համար իր ամենաընդհանուր բնութագրով անավարտ Ռեքվիեմի Sanctus-ն է հենց,
և ահա թե ինչու: Մոցարտի սկսած, անավարտ մնալու ճակատագրին արժանացած, բայց և մեռնելուց
առաջ շարունակության հստակ ուղղություն ունեցող “Sanctus”-ը չունի ոչ մի գրավոր կամ
բանավոր ապացույց, որ Մոցարտին է պատկանում: Շատ երաժշտագետներ էլ միաձայն հաստատում
են՝ այն բացառապես Զյուսմայերի ձեռքի ոչ այնքան շնորհքով (եթե չասենք ընդհանրապես անշնորհք)
գործն է, ինչի հետ ես այդքան էլ համաձայն չեմ: Ինչևէ, այն որ զյուսմայերական “Sanctus”-ը
ողջ Ռեքվիեմի մեջ մի տեսակ ուրիշ տրամադրություն ու ձեռագրային ոճ է հաղորդում, դա
նույնիսկ ինձ է լսելի, իսկ երբ առաջին անգամ լսեցի Մոցարտի վերոնշյալ մոտետը, առաջին
բանը, որ մտածեցի, «Տեր Աստված, այս մարդը “Sanctus”-ն է գրել այստեղ»-ն էր: Եվ իմ
այս անձնական դիտարկումն, ինչքան էլ որոշ երաժիշտների համար կաթվածի դուռը հասցնելու
չափ աբսուրդ կարող է լինել, այնուամենայնիվ այդքան էլ սյուռեալ չէ թեկուզ հենց երաժշտական առումով:
“Ave Verum Corpus”-ը ռե մաժորում է, մինչդեռ Ռեքվիեմը՝ ռե մինորում, իսկ համանուն
(ո՛չ զուգահեռ, համանուն և զուգահեռ տոնայնությունների տարբերությունը հրաշալի բան
է, բայց այստեղ չենք քննարկի) մինոր տոնայնությունը ընդհանրական երաժշտական կառուցվածքն
անխախտ է պահում, մնում ես նույն գամմայի մաժոր ու մինոր փոխլրացնող անսահմանության
մեջ, ինչը դիսոնանսի անգամ ամենաչնչին անհարմարություն չի ստեղծում: Կրկին, որոշ երաժիշտների
կաթվածի դուռը հասցնելու չնչին ցանկություն չունենալով, խոստովանեմ, որ երբեմն Ռեքվիեմը
լսելիս “Offertorium”-ից հետո, որը նախորդում է “Sanctus”-ին, դադարեցնում եմ գործն
ու “Sanctus”-ի փոխարեն այս մոտետը լսում: Պատահում է՝ այդտեղ էլ ավարտվում է Ռեքվիեմը,
չեմ հասնում «Ագնուս Դեի» ու «Կոմունիո» մասերին...
Մարդը փառավորվելու շատ առիթներ չունի կյանքում,
հանճարեղ երաժշտությունն այն տարածքն է, որտեղ դա ամենաիրական ձևով ստացվում է: Երբ
ուրիշի գրածը քո զգացածն է, դու գոնե ժամանակավորապես երջանիկ ես:
Այս մոտետն էլ համարենք Մոցարի վաղամեռության
Sanctus-ը, հենց նույն` նախորդ բագատելում հիշատակված այն հրեշտակների հիմնը, որ մոտետի
երաժշտության չափ նրբորեն էլ երևի բարեխոս աղերս դառնա Տիրոջ առջև ներել իր մոլորված,
կորուսյալ որդուն...
© Araks Shahinyan 2013
Սկսենք՝
Բրամսից վերոնշյալ լիդն էլ լսեք, միայն շահած կլինեք... Ռեքվիեմը դեռ չէ, դրան կհասնենք մի օր:
Լիդը՝ նույն lied-ը, գերմաներեն «երգն» է, որ այսօր Ռոմանտիկ
շրջանից Շուբերտի, Շումանի, Բրամսի, Վոլֆի նման անմահ երգահանների շնորհիվ համաշխարհային երաժշտական
տերմին է դարձել:
No comments:
Post a Comment