SANCTUS - Մոցարտի Ռեքվիեմի
մասին երբևէ լսած մեկը անպայման գիտի նաև, որ այն անավարտ է փաստացի, այն առումով,
որ Մոցարտը մեռնում է այն գրելու ժամանակ, վերջնական տեսքի բերողն էլ իր աշակերտ Զյուսմայերն
է լինում: Ռեքվիեմի մասին բագատելում մանրամասն կներկայացնենք՝ որ հատվածներն են մահամերձ
Մոցարտի գրչի վերջին հարվածները: Sanctus-ը չէ: Ամեն դեպքում ինչ-որ գրավոր արձանագրություն,
սևագիր, նոտագրված նշումներ կամ թեկուզ բառերի միջոցով գրավոր հուշումներ չկան փաստելու
այն մասին, որ Մոցարտը կապ է ունեցել Ռեքվիեմի այս հատվածի հետ: Բայց և չի բացառվում,
որ բանավոր կերպով Մոցարտն ամեն ինչ հուշել է իր մահվան մահճի մոտ նստած Զյուսմայերին:
Այնպես որ առ այսօր ոչինչ, ոչի՛նչ հայտնի չէ Sanctus-ի հեղինակի՝ այս երկուսից կոնկրետ
ով լինելու մասին: Ինչևէ, Sanctus-ը կաթոլիկ ավանդական մեսաների մեջ հրեշտակներին
փառաբանող «հրեշտակների հիմն» հատվածն
է:
Այո, Մոցարտն այսուհետ վիեննացի կդառնա, բայց
թե ինչպես, դա կորոշի ոչ ավել, ոչ պակաս Զալցբուրգի մտագար արքեպիսկոպոս Հիերոնիմուս
ֆոն Կոլորեդոն: Սուբյեկտիվ երևալու մտավախությունն ինձ հենց նոր ստիպեց մտքիս մեջ գոյություն
ունեցող այս տեքստի արդեն ավարտուն կառուցվածքը վերանայել և սկզբից ներկայացնել այս
պատմական հիմարի հնարավորինս օբյեկտիվ կերպարը Զալցբուրգի մշակութային (եթե այդպիսին
գոյություն ուներ ընդհանրապես) անցուդարձի մեջ: Հանգիստ թողնելով կենսագրական տարեգրությունների
տաղտկալի մանրամասները՝ տեսնենք Կոլորեդո աշխարհիկ հոգևորականն ինչ բերեց Մոցարտի գլխին,
ինչն էլ վերջնականապես հունից հանեց տարիներ շարունակ այս միջակությանն «Այո՛, Ձերդ
Պայծառափայլություն» ասող և դրան երբեք չհավատացող Վոլֆգանգին: Պետք է նշել, որ Հռոմեական
Կայսրությունում քաղաքային արքեպիսկոպոսն օժտված էր արտաքին հարաբերությունները կարգավորող
օրգանի լիազորություններով՝ ընդհուպ մինչև Զալցբուրգից մարդկանց ներս ու դուրս թողնելը:
Բոլորի գլխին հա՛մ դեսպան էր, հա՛մ կառավարիչ, ազատ ժամանակ էլ հավատք էր քարոզում:
Թե դրա քարոզած հավատքն ինչ պիտի լիներ, երևի ամենացայտուն ձևով բացատրում է (ոչ երբեք
արդարացնում) Մոցարտի մասոնական օթյակի անդամ դառնալը: Բայց սա շատ ուրիշ պատմություն
է, չխառնենք իրար: Ինչևէ, առանց արքեպիսկոպոսի թույլտվության հատկապես իր տրամադրության տակ ճկռող
հարյուրավոր սպասավորները՝ երաժիշտները, խոհարարները, հրուշակագործները, կոշիկի կապեր
կապող-արձակողները, կրծքին իր քաշից ավելի, անխիղճ հարստությամբ նախշված խաչը կախողները,
սպասք փայլեցնողները, աղի հանքերի հետ կռիվ տվող զալցբուրգցիները, իրավունք չունեին
հարևան կայսրություն ոտք դնելու: Վեց շաբաթից երկար Զալցբուրգից բացակայել այդպես էլ
չթողեց Վոլֆգանգին, իսկ չենթարկվելը սովի կմատներ Մոցարտների՝ առանց այդ էլ համեստ
ստամոքսները: Այս մարդը, որ եկեղեցական երաժշությունից, առհասարակ արվեստից հասկանում
էր մեծ հաշվով այնքան, ինչքան արդարադատ կառավարումից (իսկ դա, դժվար չէ կռահել, ոչինչ
չհասկանալն էր), բառիս ցավոք ուղիղ իմաստով մուրացկան դարձրեց Լեոպոլդին, ում ոչ մի
կերպ կոնստանտ եկամուտ ապահովող կապելմայստեր չէր նշանակում տարիներ շարունակ: Վերջում
էլ Վոլֆգանգի համար պաշտոն տրամադրելու աղերսներից զզված՝ ընդհանրապես դուրս է շպրտում
ավագ Մոցարտին, անունն էլ ջնջում արքունական երաժիշտների՝ գնալով անտաղանդ անուններով
լցվող ցուցակից: Իսկ կապելմայստերի պաշտոնի թափուր մնալու դեպքում էլ անչափ յուրահատուկ
դիտողունակությամբ մի այնպիսի շնորհազուրկի էր գործը հանձնում, որ զալցբուրգցու տկարամիտ
ու բութ լինելու մասին պատմական բոլոր անեկդոտներն ամեն կերպ իրենց արդարացի հաստատումն
էին գտնում ողջ Ավստրիո Կայսրությունում:
|
Ֆրանց Խավիեր Կյոնիգ. Արքեպիսկոպոս Հիերոնիմուս կոմս Կոլորեդոյի դիմանկար: Մոտ 1773թ., Լաուֆեն
|
Իրականում Կոլորեդոն չէր կարող ազդել Մոցարտի
գեղագիտական ու ստեղծագործական զարգացման, կամ դա ինչ-որ կերպ կաշկանդելու վրա, որովհետև
Մոցարտին ճիշտ է քիչ, բայց այնուամենայնիվ տրված էր Զալցբուրգից դուրս գալու արտոնությունը
պատանեկության տարիներին: Սա չէր արվում հայրենակցի տաղանդը աշխարհասփյուռ դարձնելու
առաքելությամբ, ոչ էլ ստեղծագործ մարդու ներքին մղումները, օտարը ճանաչելու իրապես
կենսական պահանջը բավարարելու համար: Պարզապես Կոլորեդոն տրամադրություն, ցանկություն
ու քաղաքական հետին միտք չուներ գժտվելու, հարաբերություններ խառնելու Հռոմեական Կայսրության
այն իշխանների հետ, որոնց ինտրիգներով լի պալատներում արքունական բարձրատոհմիկներն
ու երաժշտական մեկենասները կայսերական տոհմական դեմքերի դիմանկարներով սրահներում “Herr
Mozart” էին անդադար փսփսում: Այդ հետաքրքրասեր կապտարյուններից եղավ պֆալցյան և բավարական
կայսրընտիր իշխան, դրամայի և հատկապես երաժշտության մեծ սիրահար Կարլ Թեոդորը, ով Մյունխենից
Մոցարտին «Իդոմենեո» օպերան գրելու պատվերն ուղարկեց:
|
Աննա Դորոթեա Թերբուշ. Կարլ Թեոդորի Դիմանկարը, 1763
|
Իսկ մենք, ի տարբերություն ժամանակակից աշխարհի
սեկուլյար դեմոկրատական կառավարմամբ երկրների, շատ լավ գիտենք տկարամիտ իշխանական
համակարգի «սուրբ ձայն ի վերոյ»-ի քմահաճ ամենաթողությունը: Հենց այդ ամենաթողությունը
հաշվի առնելով էլ Կոլորեդոն լեզուն կտրած դիվանագետի խորամանկ դյուրաթեքությամբ չմերժեց
Մոցարտի Մյունխեն մեկնելու ցանկություն-հրամանը: Եվ գրվում է Մոցարտի՝ որպես օպերային
դիցաբանության Ալֆաներից մեկի անունը հավերժացնող «Իդոմենեո» օպերան, որին հետագայում
կդիմի նաև իր «Դոն Ժուանի» ստեղծման ընթացքում, իդոմենեական նոստալգիկ հնչյուններն
անդավաճան լսվում են այնտեղ: «Ամենայն հավանականությամբ
ես քեզ չեմ կարող երկար նամակ գրել, քանի որ ոչինչ չունեմ ասելու և գաղափար չունեմ՝
ինչ եմ գրում: Մտքերս մշտապես օպերայիս մեջ են, և ես բառերի փոխարեն երգ գրելու վտանգի
առաջ եմ...» 1776-ի դեկտեմբերի 5-ին (ուղիղ 15 տարի անց՝ հենց այս նույն օրն էլ
կմահանա) հայտնի չէ՝ ում գրած նրա նամակի այս տողերը հավերժ կմնան Մոցարտի՝ օպերային
արվեստի ցկյանս նվիրյալ լինելու ամենաանմիջական, պարզ ու աներկբա վկաները: «Իդոմենեոն»
Մյունխենից հետո արքեպիսկոպոսական ու արքունական ազգուտակով, զզվելի ու չարդարացված
շվայտությամբ պիտի հասնի Վիեննա, որտեղ վիեննացիք կենսուրախ ու շարժուն Մոցարտի մեջ
այդպես էլ չեն տեսնի թշվառ արքեպիսկոպոսական ստրուկին, մինչև որ վիեննական խոնավ օդի
մեջ չորոտա Կոլորեդոյի «...բոլոր իմ ծառաներն
ինձ հետ վերադառնում են Զա՛լցբուրգ: Սա քննարկման ենթակա չէ՛»-ն: Ալյևս չդիմանալով
Կոլորեդոյի նազուտուզին, տարիներ շարունակ կաթեցրած դանդաղ սպանող թույնին՝ կատաղած
ներս է մտնում արքեպիսկոպոսի անօդ սենյակ և հունից վաղուց դուրս եկած՝ իրեն թույլ տալիս
մի բան, որ մինչև ինքը (ամենայն հավանականությամբ իրենից հետո էլ) ոչ ոք չի համարձակվել
անել այդ բանտախցում՝ գոռալ արքեպիսկոպոսի պայծառափայլ դեմքին: Այդ ամենի ընթացքում
էլ սեփական հրաժարականի, Զալցբուրգից հեռանալու, արքեպիսկոպոսի տրամադրության ու ծառայության
տակ այլևս երբեք չլինելու իր հաստատակամ որոշումն է մտցնում Կոլորեդոյի աչքը: Չալարենք,
թարգմանենք, թե ինքը՝ Մոցարտն ինչ է գրում հորն այս առիթով. «...Եթե ուզում ես՝ որդիդ կենսուրախ լինի նորից, թաղի՛ր
այս մարդու անունն ու նրա հետ կապված հիշողությունները մոռացության խորխորատներում:
Օպերան դեռ չսկսած՝ համերգից առաջ այնպիսի բաներ ինձ ասաց, կեսից եկել եմ տուն ու հիվանդ
պառկել երկու օր: Եթե Զալցբուրգի արքեպիսկոպոսն ինձ իմ ծառայությունների դիմաց 2000
ֆլորին տար, իսկ ցանկացած ուրիշ մեկը՝ 1000, իմացի՛ր, հա՛յր, ես երկրորդը կընտրեի առողջությանս
ու բարեկեցությանս համար: Միայն քեզ չվնասելու պատճառով եմ այսքան տարի դիմացել նրան,
միմիայն այդ պատճառով...»:
Ցանկացած նյարդ, երբ արհեստականորեն տևապես
պրկվում է, մի վերջ ունի: Մոցարտի դեպքում պայթեց այդ պրկված նյարդը, պայթեց այնքան
շեշտակի, որ Կոլորեդոյի իմացած «խաբեբաներից
ամենաանուղղելին» (ինչպես մի օր հոխորտաց թթված հայր սուրբը Մոցարտի դեմքին) այնպիսի
անարգանքով դուրս շպրտվեց սենյակից «ԴՈՒ՛ՐՍ, ԴՈՒ՛ ԽԵՂԿԱՏԱ՛Կ, ԱՀԱ՛ ԴՈՒՌԸ, ԱՅՍՊԻՍԻ ԱՆՊԵՏՔՆԵՐԻ
ՀԵՏ ԵՍ ԱՅՍՈՒՀԵՏ ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ ՉԵ՛Մ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ» գոռում-գոչյուններով, որ Վոլֆգանգը
մինչև կյանքի վերջ չկարողացավ ներել նրան: Կաթոլիկության, Տիրոջ անունն անտեղի տալով
նրա կեղծ փառաբանության անվան տակ աշխարհիս բոլոր սրիկայությունների վարպետ Հիերոնիմուս
Կոլորեդո արքեպիսկոպոսը տիպիկ իշխանավորի կեցվածք ուներ, զարմանալու ու նրան մեղադրելու
ոչ մի առիթ չունենք. պաշտոններ կան, որոնք զբաղեցնողների մեծ մասին թվում է՝ թալանն
ու ենթակաների անվարձահատույց շահագործումը զբաղեցրած պաշտոնի միակ իմաստն է. քանի
կարող ես, հարցերդ լուծիր: Չշեղվենք շատ, ինչևէ, այդպիսիներից էր նաև այս արքեպիսկոպոսը:
Մեռավ-գնաց, իհարկե, բայց այսօր ինձպեսները նրան ահա այս կերպ են հիշատակում:
Հաջորդ ողջ ամսվա ընթացքում ձախլիկ, քաղցած,
անփող ու արագաքայլ Մոցարտը, հրաժարականի թուղթն առած, ամեն կերպ փորձում է գլուխն
օրինական ճանապարհով ազատել այդ քաղաքից, արքեպիսկոպոսից, այդ թյուր ու հիվանդ բարքերից,
իսկ արքեպիսկոպոսի ավագ խոհարարապետ Արկոն, լուտանքների գանձարանը բացած, գերմաներեն
բոլոր հայհոյանքները հասցնում է Մոցարտին, սա էլ շպրտում է դիմումն ու դուռը շրխկացնելով
գնում հավերժ այդ հոգևոր կառափնարանից: Բայց քանի որ գոգնոցին վառեկի արյունից մսագործի
պատվարժան կերպար ստացած ավագ խոհարարապետին տիրում է բանավոր խոսքը գործի վերածելու
հաճելիորեն անկառավարելի գայթակղությունը, Մոցարտը, դեռ աստիճաններին չհասած, հետևից
այնպիսի մի աքացի է ուտում, որ փռվում է ողջ կարճ հասակով ու հսկա հանճարով մեկ արքեպիսկոպոսանիստի
ստորին հարթակին, որոշ վկայություններ էլ ասում են՝ գլուխը շատ վատ խփում դռանն ու
հայտնվում բառի բոլոր իմաստներով դռնից դուրս՝ փողոցում: Նման դեպքերն անհետևանք չեն
մնում ցանկացած ստեղծագործ մարդու գործունեության մեջ: Այստեղ իմ խնդիրն ինչ-որ պնակալեզի
կողմից Մոցարտի ծեծ ուտելու մասին պատմությունը ձեզ ներկայացնելը չէ, սրանք կարելի
է կարդալ մոցարտագիտական ցանկացած մանրամասն, մի քիչ ծավալուն աշխատության մեջ էլ:
Խնդիրն այստեղ վերոնշյալ դեպքերի ու Մոցարտի ստեղծագործությունների կապի բացահայտումն
է, կատարելապես անթերի նրա երաժշտության մեջ վառ ընդգծված մարդկային տկարությունների
գերբնական, իրապես հանճարեղ այդ մետամորֆոզը: Այս ամենի արդյունքում ավելի շուտ վիրավորանքից,
քան ցավից տապալող այդ աքացին իմ երևակայության մեջ իր համարժեք պատասխանը ստացավ
«Առևանգումը հարեմից» օպերայից Օսմինի՝ հարեմի հսկիչի (ինձ հարցնեք՝ ներքինիի)՝ այդ
ամենևին էլ ոչ գրոտեսկային ախմախի կերպարի մեջ, որին ես միշտ նմանեցնում եմ ավագ խոհարարապետ
Արկոյին: Մազոտ, բամբ բասով ու օպերային երգչի՝ այս դեպքում թվացյալ պատվարժան կերպարով
Օսմինի «տռա-լա-լե-ռա» սպանիչ արիան, որ առաջին ակտի երկրորդ «երգ և դուետ» վերնագրված
հատվածն է (առաջինը Բելմոնտի արիան է), ամենաիսկական ծաղր է, սկզբում ծիծաղաշարժ, հետո
թշվառ կերպարի այնպիսի մի նկարագրություն մինորի մեջ, որ հասկանում ես՝ սա օպերա բուֆա
լինելուց առաջ Մոցարտի անձնական վերաբերմունքն է իրեն շրջապատող մարդկանց: Ահա ինչպես
են պատասխանում վիրավորանքներին հանճարները՝ հավերժ ծաղրի մատնելով դրանք այնպես, որ
անընդհատ ուզում ես լսել...
Չարժե նույնիսկ հակիրճ ներկայացնել «Առևանգումը հարեմից» մի շնչով լսվող օպերայի սյուժեն,
դա ինձ կհալածի, ձեզ էլ կձանձրացնի, որովհետև թուրք փաշայի գթասրտությունը փառաբանող
տափակ ու պատմական իրողությունները թարս ներկայացնող սյուժեն վերջին բանն է, որ ընդհանրապես
կարող է հետաքրքել տրամաբանություն ունեցող ընթերցողին: Իսկ քանի որ դուք այդպիսին
եք, պարզապես կարճ նշենք, որ լիբրետոյի հեղինակ Քրիստոֆ Ֆրիդրիխ Բրեցները, ով Լայպցիգից
վաճառական էր, մեկ-մեկ էլ ինչ-որ բաներ էր գրում, հորդուբորդ հայտարարեց օպերայի կայանալուց
հետո, որ հեղինակային իրավունքի կոպիտ խախտում է եղել: Իր (կրկնում եմ նրա խոսքերը)
«հանճարեղ» պատմությունը խեղաթյուրվել է Մոցարտի երաժշտության և տեքստն ադապտացրած
Գոտլիբ Ստեֆանիի գրչի տակ: Այլևս ձեռնպահ կմնամ որևէ կերպ մեկնաբանելու այս՝ բառիս
նախ և առաջ առաջին իմաստով չարչու սնափառությունը: Իսկ այն, որ Մոցարտն այս օպերայի
համաշխարհային կայացման բացառապես միակ իրավատերն է, դա ցանկացած գրականագետ կհաստատի,
ով ծանոթ է այս ստեղծագործության պրիմիտիվ, կերպարների ամենևին չզարգացող ընթացքին
(եթե վերջինս կա ընդհանրապես), տեքստային դանդաղամտությանն ու սյուժետային ճահճացմանը,
դեռ հանգուցալուծման մասին էլ համեստորեն լռում եմ: Իսկ այն, ինչ երաժշտապես արեց Մոցարտն
այս օպերայի գլխին, արդեն արմատապես այլ բան է: Սրա մասին անպայման կխոսենք, երբ Մոցարտը
սիրահարվի: Այո, այս երկուսը կապ ունեն, շուտով այդտեղ էլ կհասնենք:
|
Անհատ նկարիչ. 1789 թվի նկար, Բեռլին: Մոցարտը (կենտրոնում) անձամբ ներկա է գտնվել իր «Առևանգումը հարեմից» օպերայի պրեմիերային Բեռլինում: Սա հենց այդ օրը պատկերող նկարն է:
|
Հա, գիտենք, միայն Զալցբուրգում գրեց կաթոլիկ
եկեղեցու պատվերով, բայց ի՞նչ է նշանակում չէր սիրում եկեղեցական երաժշտություն ստեղծել,
մեսաների հետ առանձնապես սեր չի ունեցել: Ինչու՞ պիտի այդպես լինի մի երաժշտի դեպքում,
որի մոլի կաթոլիկ լինելը մինչև 1784-ը՝ 28 տարեկանը, այլևս կասկածից վեր է հսկա նամակագրական
ժառանգության շնորհիվ: Այդ ինչպե՞ս պիտի Գրեգորիո Ալեգրիի սրբատաշ “Miserere”-ն 2 անգամ
լսելով՝ ծայրից ծայր այն գրի առնողը Վիեննա աքսորվելուց հետո բնավ չդիպչի էկլեզիաստիկ
երաժշտական ձևաչափին, չուզենա հաղորդակից լինել քրիստոնեական արժեքներն ի բնե վեր հանելուն
միտված ձոներգությունների ստեղծմանը: Այդ ի՞նչ տրամաբանությամբ է կարելի մեղադրել Մոցարտին
ժամանակին բնորոշ կաթոլիկության պարտադրված ու խեղված գաղափարական ստից հրաժարվելու
մեջ: Այս ամենն, այդուհանդերձ, ինձ չի խանգարում մնալ այն մտքին, որ Մոցարտից մասոն
դուրս եկավ այնքան, ինչքան հորից՝ պատշար. դուրս չեկա՛վ ուղղակի: Եկեղեցու սպասավորն
Աստված չէր, բայց իրեն Աստծուց էլ անդին մեծություն էր վերագրել, համատարած բռնապետության
դագաղի մեջ էր պահում առանց այդ էլ օրվա հացին կարոտ, աղի հանքերում չորացող զալցբուրգցուն,
խոշտանգում հոգեպես՝ հաստատ համոզված հայտարարելով, որ դժոխքն է չենթարկվողներին երախը
բաց սպասում: Հավատը վախից չի ծնվում, ավելին՝ վախից հավատացյալ չեն դառնում, վախեցող
հավատացյալը ստրկամիտ հավատացյալ է: Ահա այս ստրկամիտ հավատացյալն աշխարհիս երեսին
ամենահեշտ կառավարվող օբյեկտն է դառնում՝ ի դեմս ժամանակին քրիստոնեության ամենաամոթալի
էջերից դուրս պրծած խաչակիրների, այժմ էլ՝ մահմեդական աշխարհն արժեզրկող ահաբեկիչների:
Անուղեղ հավատացյալն աշխարհի փորձանքն է, որովհետև չի հասկանում, որ հավատքով մարդու
պայքարը ոչ թե մարդու, այլ չարի թագավորության դեմ է: Դիմացինի գլխին քարոզ կարդալուց
առաջ գոնե մի անգամ, թեկուզ մտքում, կկարդան այդ նույն քարոզը, իսկ այդտեղ պարզ կդառնա,
որ իրենք ուրիշի գլխին կարդացվող քարոզի կեսին էլ հաղորդ չեն: Ու պետք չէ Քրիստոս լինել
հասկանալու, որ Աստծո անունը զուր տեղը չեն տա, ու որ դիմացինի աչքի փշից առաջ սեփական
աչքի գերանի մասին կմտածեն: Այս երկու, երևի ֆունդամենտալ քրիստոնեական գաղափարների՝
հանդուրժողականության ու բառիս ամենադեմոկրատ իմաստով աստվածավախության բացակայությունն
էլ Կոլորեդոյին դարձրեց ատելի, կաթոլիկ իշանությանը՝ բռնապետ, Մոցարտին էլ՝ այդ ամենից
փախչող ու առ անհայտություն գլորվող մոլորված նզովյալ: Հավատ քարոզողն այդ բազմաչարչար
բառին կվերաբերվի հանց սեփական գլխի. ամեն տեղ մտցնելուց առաջ կմտածի: Կաթոլիկ եկեղեցու՝
որպես իշխանական ինստիտուտի, բարոյական ու հոգևոր բացթողումներն այնքան ակնհայտ էին,
որ մանուկ հասակում անկողնու կողքին թիկնած ամեն գիշեր հոր հետ աղոթող, հետո ինչ-որ
գերմանական հին երգ երգող ու հոր քիթը քնելուց առաջ համբուրող Վոլֆերլն աղոթքների իմաստն
այլևս չէր տեսնում, երբ հիշում էր, որ այդ նույն աղոթքն, ասենք, Կոլորեդոյի պես տիպն
էլ էր ասում: Սա է եղել այն կաթոլիկությունը, որից հրաժարվեց Մոցարտը: Թե ինչքանով
է մեղադրելի, թողնում եմ ձեր խղճին ու հայեցողությանը: Երբ գան, կանգնեն գլխիդ, ասեն՝
«տունդ քանդելու ենք, չգիտենք՝ որտեղ ես ապրելու, ուր ուզում ես գնա, ինչ ուզում ես
եղիր, տեղը եկեղեցի պիտի կառուցենք», դժվար թե կիրակնօրյա պատարագներին գաս այդ եկեղեցին...
Եվ ընդհանրապես, դժվար թե գաս այդ եկեղեցին...
Ինչ ուզում է լինի, սպասավորով եկեղեցին չեն չափի: Հենց այս հիմնավոր պատճառով էլ Մոցարտի
մասոնական օթյակի անդամ դառնալն առնվազն ինձ համար խորապես չարդարացված, բայց և մակերեսային
տրամաբանությամբ բացատրելի որոշում էր: Մասոնական օթյակին անդամակցելուն դեռ կանդրադառնանք:
Այդ թվացյալ, ինչ-որ առումով արհեստածին, բազմաշերտ ու գաղափարական իդեալիզմը, չնայած
«Կախարդական սրինգը», որոշ իմաստով էլ «Տիտոսի գթասրտությունը» օպերաների և մի շարք
այլ առանցքային ստեղծագործությունների ծնունդ տալուն, առավել հալածեց առանց այդ էլ
հաստատուն քայլերով այն աշխարհ ուղևորվող Վոլֆգանգին:
(Շարունակելի... )
© Araks Shahinyan
«Առևանգումը հարեմից» օպերան կտեղադրենք հաջորդ՝ Sanctus-ն ավարտող բագատելում, որ անունը տալուց, պարզապես հիշաակելուց բացի երաժշտության մասին մի քանի բան ասենք էլ: Իսկ ստորև բերվող գործն «Ամադեուսի ճանաչման սիրողական ձեռնարկ»-ից է, որ Մոցարտի մասին բագատելների վերջում հնարավորինս ամբողջական կներկայացվի:
Մոցարտ - Ֆանտազիա դաշնամուրի համար KV 475 - Այս կարճ գործը հավերժ կմնա բոլոր ժամանակների դաշնամուրային գեղեցկագույն ֆանտազիաներից: Երաժշտական, տոնայնական ու գունային բազմակի փոփոխությունները, որ կան այստեղ, պարզորոշ ուրվագծում են հոգեվիճակը, որի մեջ Մոցարտն էր սա ստեղծելու պահին: Ամեն դեպքում ինչպես դո մինորի մեջ սկսվում, այնպես էլ դո մինորի մեջ ավարտվում է՝ ընթացքում հազար տեսակ տոնայնական փոփոխությունների ենթարկվելով: Այդպես էլ այս մարդու կյանքն է եղել. ինչպիսի հանճար որ ծնվեց, այդպիսին էլ մեռավ «ընթացքում հազար տեսակ տոնայնական փոփոխությունների ենթարկվելով»...
No comments:
Post a Comment