Tuesday, November 26, 2013

Մոցարտ. Agnus Dei (Մաս 6.1)

Agnus Dei – քրիստոնեական մեսաների, այդ թվում Մոցարտի Ռեքվիեմի մեջ հերթական հատվածն է: Հերթական, որովհետև Մոցարտն այլևս չկար այս հատվածը թղթին հանձնելու ժամանակ, իսկ երբ նա էլ չկա, գրեթե ամեն ինչ մի տեսակ հերթական է: Ամեն դեպքում երաժշտապես չնսեմացնենք “Agnus Dei” հատվածի կարևորությունը, արդեն ասել եմ, որ համաձայն չեմ այն մտքին, որ Զյուսմայերը Ռեքվիեմն ավարտող ապաշնորհ իրավահաջորդ եղավ: Եվ չնայած Օտտո Յանը “Agnus Dei”-ի մասին մի քիչ չափազանցված ասում է. «Եթե սա անձամբ Մոցարտը չի գրել, ուրեմն գրողը մեկ այլ Մոցարտ է եղել», ամեն դեպքում այսպիսի համարձակ հայտարարությունն էլ մի բան չէ: Ինչևէ, “Agnus Dei”-ն «Աստծո գառ» է թարգմանվում: Քրիստոսն է, որ ինչպես հատվածի բառերն են ասում, իր վրա է վերցնում աշխարհի մեղքը, որ փրկություն տա Մարդուն:

Բանը նրանում է, որ ընդհատակյա գաղտնի կրոնական կազմակերպությունները 18-րդ դարի վերջերից արդեն հստակ դերակատարություն ունեին Հռոմեական Կայսրությունում, ինչին մեծապես նպաստում էր Ավստրիայի տեր-տիրակալ Յոզեֆ կայսեր կրոնական հանդուրժողականության քաղաքականությունը: Ինչ ասես չարեց ավանդական կաթոլիկության գլխին. կրճատեց մեսաների արարողակարգերի տևողությունը, առավել դյուրահաղորդ դարձրեց տեքստային առումով, ինքն իրեն «կաթոլիկության պահապան» հայտարարելով՝ մահացու հարված հասցրեց պապական համակարգին, որովհետև վերջինս առաջինից պլանից հայտնի չէ՝ որ պլանի դերակատար էր դառնում երկիրը երկիր պահելու գործում: Վերացրեց բոլոր ավելորդ պճնանքները եկեղեցիներից ու սուրբ տոն օրերի քանակը կրճատեց: Իրեն լուսավորչական գաղափարների առաջամարտիկ համարելով՝ բացեիբաց արհամարհում էր քարացած կղերականությունն ընդհանրապես, մոտ 700 մենաստան փակել տվեց, պատկերացնու՞մ եք դա ինչ է Հռոմեական Կայսրության ստեղծման օրից հաստատված խոժոռադեմ կարգ ու բարքի հանդեպ: Ո՞ր մեկն ասես, 38000-ով կրճատեց կուսակրոնների ու միանձնուհիների թիվը, որոնք 65000 էին մինչ այդ, ամուսնությունը եկեղեցական երդմնակալության իր միակ ձևից հանեց-տարավ քաղաքացիական ոլորտ, որտեղ «ամուսնական կոնտրակտ» կոչվածն այլևս վեր էր եկեղեցական կանոնադրության վերահսկողությունից: Այսքանից հետո էլ ո՞ր մոլեռանդ կաթոլիկը ընդդիմություն չէր դառնա ու չէր մեղադրի «իբր կաթոլիկ» կայսրին բառիս բոլոր իմաստներով բողոքական մեկը լինելու մեջ: Վերջակետն էլ եղավ մինչ այդ ընդհատակում գործող մասոնական օթյակների անարգել գործունեությանը ուղղակի ձևով նպաստումը: Սրա պատճառն այն էր, որ մասոնների փիլիսոփայությունը միանգամայն ընդունելի էր իր պես լուսավորչական, առաջ նայող գաղափարների տեր մտավորականի համար: Քիչ անց կբացատրենք Մոցարտի Ավստրիայում տիրող մասոնների փիլիսոփայության հիմնական դրույթները, ու հասկանալի կդառնա այդքան մեծ թվով մտավորականների ընդգրկվելն այդ անփառունակ վախճանով օթյակներում:


Նախ կարծում եմ՝ այս երկուսն էլ՝ օրենքովն ու ընդհատակինը, կեղծ են եղել Մոցարտի Ավստրիայում: Իրականում ընդհատակում գործող այս օթյակների ապակառուցողական, ավելին՝ երկիր քանդող բնույթի մասին փաստարկներն անճեղք պատի են դեմ առնում, երբ պարզ հասկանում ես պետական կրոնի՝ իշխանական կաթոլիկության ու այդ ընդհատակի քարոզած բարոյախոսությունների տարբերությունները: «Իշխանական կաթոլիկությունից» առավել հաջող տերմին չմտածեցի, և չեմ ասում «քրիստոնեություն», «կաթոլիկություն» որովհետև այնտեղ իմ պատկերացրած քրիստոնեությունից ու կաթոլիկությունից ոչինչ այդպես էլ չեմ գտել:

Եվ այսպես, իշխանական կաթոլիկը կոկորդ էր ճղում «աղոթի՛ր, թե չէ գրողի ծոցն ես անցնելու» ոչինչ չասող, ստորացնող հրամաններով, քրիստոնեական հնազանդությունն ամենաանճոռնի ստրկության տեղ անցկացնելով: Երբ ասում ես «աղոթի՛ր», պիտի ցույց տաս՝ ում, ինչպես և հանուն ինչի: Երբ ցույց չես տալիս, միայն անհոդաբաշխ նախադասություններով կցկտուր հասկացնում ես, որ այդպես է պետք ու վերջ, ավելի լավ է լռես ընդհանրապես: Եվ հետո, ոչ մի ճշմարիտ քրիստոնյա անարդարություն, կեղծիք, խաբեբայություն ու բանսարկություն հանդուրժելու, այդ ամենին հպատակ լինելու կոչ չի ստացել երբևէ ոչ մի տեսակ երկնքից: Ու պետք չէ ինքնամաքրմանն ու բարու ծառայությանը միտված հնազանդությունը անհասկացողության կեղտի մեջ թավալ տալով քուրձ դարձնել ու հանձնել Աստծո անունը զուր տեղը տվողների ձեռքը: Դրանց պատճառով է, որ հավատքը կրոն է դառնում՝ կառավարող և ոչ ուղղորդող, հրամայող և ոչ բացատրող, անիծող և ոչ աղոթող, տապալող և ոչ բարձրացնող, պառակտող և ոչ հաշտեցնող, ստրկամիտ և ոչ պայքարող, անազատ և ոչ ստեղծագործ, կախյալ և ոչ արժանապատիվ: Սա էլ քաղաքացու գլխին եկեղեցին որպես պետական կառավարման համակարգի՝ «մարդկանց թույլ տեղին խփող» մաս թաքուն կարգելու արդյունքը: Եկեղեցու գործառույթները պետք չէ՛ խառնել, այսօր՝ առավել քան երբևէ: Երբ բարձրաստիճան, նախապես այլ բանին լծված հոգևորականի բազմիմաստ լռությամբ, նույնն է թե համաձայնությամբ, պետական համակարգը խառնում է այդ գործառույթները, իբր քիչ անտանելի էր, ավելին է դառնում: Սրանց քարոզած չարչրկված, տանջամահ ու անկեղծ ասած անընդունելի «քրիստոնեությունը» նույնիսկ քրիստոնյային է վանում, ուր մնաց՝ աթեիստին ձգի: Մի խոսքով գանք մի եզրակացության. Մոցարտի ժամանակ կաթոլիկ լինելդ բոլորովին էլ աստվածաշնչյան քրիստոնյա լինելը չէր: Քանիցս խոսել ենք «բագատելներում» պապերի վարած կյանքի, դրանց տարածած ահ ու սարսափի մասին, որ հավատի տեղ իջեցվում էր խեղճ բյուրգերների կոկորդներով ցած՝ դեպի սիրտ ու հոգի: Հիմա իջնենք ընդհատակ, մի տեսակ շատ «լուսավոր» է վերևներում:

Օտտո Յանի նկարագրած մասոնության պատմական դիտարկումը կարդալիս մարդ երկատված զգացողություն է ունենում: Ինչ-որ ենթատեքստային, միգուցե ոչ դիտավորյալ, բայց այնուամենայնիվ կողմնակալություն ես նկատում մասոնների ճանկը միամտաբար ընկնողների հանդեպ: Սա պետք է ճիշտ հասկանալ. ո՛չ մի տեղ չես կարդա, որ ասի՝ ճիշտ արեց Մոցարտը, որ մասոն դարձավ, բայց տողատակով մեկ անթանաք գրչով գրվում է՝ ախր այդպիսի փառահեղ, ի հակադրություն դարի կաթոլիկությանը, փիլիսոփայական ու ստեղծագործական անծայր ազատություն տվող խմբավորումներն ինչպե՞ս կարող էին չգրավել Մոցարտին: Է հետո՞: Փոքր հասակից էլ խուլիգանությունն էր գրավում նրան, հայրը գլխին չլիներ պատանեկության տարիներին, շատ հնարավոր է՝ ինչ-որ անառակի տան պատերի տակ մեռած գտնեին, հիմա ինչ, ասենք ինչպես այդ հաճույքների կողքով անտարբեր անցնե՞ր: Եթե սա ձեզ անհավասար համեմատություն կթվա, խնդրում եմ, զինվե՛ք համբերությամբ, մինչև ավարտենք այս՝ առանց ադ էլ կնճռոտ թեման: Պատմական փաստերով տեսնենք՝ ինչ էր վերջապես իրենից ներկայացնում 1700-ականների մասոնությունը, որ իր սարդոստայնն առավ ժամանակի ինտելեկտուալ ու կայսերական խավը՝ Գյոթեի, Ֆրիդրիխ II կայսեր, Հայդնի (նա, ի տարբերություն Վոլֆգանգի, չոր դուրս եկավ այս ամենից), արքայազն Լիխնովսկու՝ հետագայում արդեն Բեթհովենի մեկենասի ու Մոցարտի նմաններին:

Ընդհատակյա կրոնական կազմակերպությունների անպատիվ ընթացքը սկզբից աննկատ է: Յանի տված պատմական ակնարկի համաձայն՝ մասոնության հիմքերից նույն իլյումինատ (լուսավորիչ) կոչվող գաղտնի կազմակերպությունը, որ 1776-ից Բավարիայի կառավարության հիմքերն էր սասանում, ինչի համար էլ դուրս շպրտվեց Գերմանիայի հարավ-արևելքից, այնպիսի գաղափարախոսություն ձևավորեց, որ գրեթե անհնար է դառնում որևէ լուրջ հակափաստարկ դեմ տալը, եթե վախենաս առերևույթ ճիշտը հարցականի տակ դնելուց: Ասվում է՝ իլյումինատները ստեղծվեցին հակադրվելու համատարած սնահավատությանը, նախապաշարմունքին, հասարակական կյանքի վրա եկեղեցու ունեցած ճնշող ազդեցությանը, պատկան այրերի կողմից պետական համակարգի չարաշահմանը, կանանց իրավունքների պաշտպանությանն ու սեռերի  հավասարությանը (այս վերջին երկուսը բոնուսն էին, ամենայն հավանականությամբ): 1781-ին բացվում է առաջին «Հասարակությունը» ժամանակի ամենաազդեցիկ մտածողների մասնակցությամբ, հիմնողն էլ Իգնաց ֆոն Բորնն էր (Ignaz von Born):

Իգնաց ֆոն Բորն

Ասացեք խմդրեմ, ի՞նչ էր սա, եթե ոչ շատերին վաղուց զզվեցրած կրոնական բարքերից ազատվելու անչափ գրավիչ հրավեր: Կաթոլիկության  խեղդամահ անող թոկից պոկված ցանկացած մեկը հոգին էլ կուրանար այդ միտքն ու ազատ ստեղծագործելու ջիղը գովաբանող խմբին ինչ-որ կերպ հաղորդ դառնալու համար: Այդ պատճառով էլ ցանկացած աղտի ազատ գործունեությանը ինչ ասես ասելու փոխարեն այդ աղտին գոյանալու հնարավորություն տվողների ձեռքն է պետք կտրել, որոնք այս դեպքում 1700-ականների Ավստրիայի բռնապետ, աչքածակ կառավարիչ-պապերը դուրս եկան: Ոչ բոլորն, իհարկե: Իսկ սրանց չզսպելու քաղաքական դրդապատճառների մասին չխոսենք ընդհանրապես, որովհետև մեկընդմիշտ կմոռանանք, որ Մոցարտի հետ կապ ունի այս «բագատելը»:

Արդեն պարզ է դառնում կայսեր բարյացկամ վերաբերմունքն այս տեսակ ուսմունքը դավանողների հանդեպ, հիշենք Յոզեֆի կերպարի նկարագրությունը նախորդ«բագատելում», նրա հեղաշրջում-բարեփոխումներին ընտելացած իմունիտետն ու կառավարման գաղափարախոսությունը, ու պարզ կդառնա ամեն ինչ: Սրանց առաջին հավաքատեղին «Իրական Հարմոնիա» (“True Harmony”)  օթյակը եղավ, որ միտված էր վերացնելու, կամ գոնե կրճատելու քաղաքավարության ու մշակութային այն մեծ փոսը, որ կար կապույտ և կարմիր արյուն ունեցողների միջև: Մասոնական օթյակների անդամների զենքը գիտելիքն ու պերճախոսությունն էր, ինչն էլ ցանկացած գեղեցիկի հանդեպ սեր ունեցող մտածողի ուշադրությունը գրավում էր անպայման: Ուրիշ բան սպասել պետք էլ չէր, չէ՞ որ բոլոր ժամանակների մեծագույն գրողներից Գյոթեի ավանդույթների շարունակողներ կային մեջները: Թերթ ունեին, “Real-zeitung”-ն էր: Ժամանակը նրանց դարձրեց հպարտ շրջանառվող ինտելեկտի պիտակ, մասոն լինելն արդեն մոդայի, խելքի, հեղինակության ու պատվի հարց էր դառնում Վիեննայում: Մասոնական երգերը գրվում, տպագրվում ու երգվում էին ամենուր, շղթայով ժամացույցներից կախում էին մասոնական սիմվոլներ՝ որպես չար աչքի դեմ պահապան: Նորաձևություն էր մի խոսքով, առաջին հայացքից անվնաս նորաձևություն: Օթյակների դռներ թակողները կամ զուտ հետաքրքրությունից դրդվածներն էին, կամ զարգացած մասսան, որ այդպես էլ մտավոր ազատություն, անկաշկանդ ապրել-արարելու հնար չունեցավ պետական իշխանության կարևորագույն մասը սնափառ պապերին հանձնած կայսրությունում: Սա հասարակ մտավորականները, բայց մնացած ունևոր (եթե չասենք կայսերական) խավն արդեն լուրջ նպատակներ ուներ` քաղաքական շրջանակներում ազդեցության մեծացման նպատակներ: Օթյակների գործելաոճի առանցքային կետը, այն հիմնաքարը, որից ոչ մի մասոն բարոյական իրավունք չուներ զարտուղելու, եղբայրության դաշինքի մեջ գտնվող կարիքավոր մասոն եղբորը ձեռք մեկնելու պարտադիր պայմանն էր, իսկ «չօգնողները մեծ խնդիրների առաջ էին կանգնում», ասում է Յանը: Սա ամենագայթակղիչ բաներից երկրորդն էր չունևոր մտավորականի համար այդ ստերի սուտն անվերապահորեն ընդունելու գործում: Ահա այն, ինչին էլ զոհ գնաց Մոցարտը, կարծեց, որ վերջապես իր գրածը հասկացող մարդու ձեռք կնկնի, կկանգնեն իր մեջքին ի պատասխան իր անմնացորդ նվիրվածության, չէ՞ որ նրանց համար երդմնակալության, հազար տեսակ մութ արարողությունների հիմներ էր գրում, ողջ սրտով պատրաստ էր ծառայել ազատության ու գիտելիքի նրանց քարոզած գաղափարին:

Ինչպես արդեն նշեցինք, իլյումինատները Գերմանիայից 1776-ին վտարվեցին քաղաքական հետապնդումների արդյունքում: Ավստրիա հասան, հասնելուց հետո էլ 1785-ից սկսվեց պայքարը մասոնական օթյակների հիմնասյուն իլյումինատների դեմ, ինչն էլ տրամաբանորեն հանգեցրեց մասոնական օթյակների հետապնդմանը: Այստեղ էլ էին ձեռքերը երկարացրել դեպի պետական ապարատ, իսկ վերջինս այդ գողերին չի ներում, պարսկական սովորության համաձայն կռնատ է դարձնում: Ձեռագիրը նույնն էր. փորձել խլել տարածքում ունեցած իշխանությունը, իսկ իշխանություն ձեռքից բաց թողնելը նույնիսկ Յոզեֆի նման մասոնությանը տուրք տվող կայսրը չէր համարձակվի: Խոստացավ պետական հովանավորության տակ պահել օթյակները միայն այն դեպքում, երբ դրանց թիվը կրճատվի, այլ կերպ ասած՝ երբ գոնե վերահսկելի կլինեն: 8 հավաքատեղիներից թողնվեց 3-ը, ինչն էլ այս անգամ արդեն մասոնական շրջանակներում ապստամբության ալիք բարձրացրեց, որի գլուխ կանգնած էր իլյումինատների իլյումինատ, մեզ արդեն հայտնի Իգնաց ֆոն Բորնը: Այնքան ծեծեցին, որ 1786-ին փախավ, դուրս եկավ օթյակից, հրաժարվեց իր ստեղծած, զարգացրած ողջ արժեհամակարգից, որ կաշին փրկի: Դղրդաց Վիեննայում կյանք հաստատած մասոնական օթյակների` կայսերական հովանավորչությամբ գուրգուրվող մի տեսակ սնափառ համբավն ու ուժը, Բորնի օրինակին հետևեցին սուզվող նավի վրա մնացած բզկտված առնետները, որովհետև քաղաքական հետապնդումներին լծվել էր նաև դեռևս պահպանողական Վիեննայի ոչ պակաս պահպանողական քաղաքացիական հասարակությունը: Բայց ոչ բոլորը գնացին, ինչպես միշտ է լինում: Յոհան Մարտին Լոիբլը՝ կենդանի ու հավատարիմ մնացած սակավ էնտուզիաստներից, իր տունը տրամադրեց մասոնական հավաքների համար, որտեղ ժողովվում էին իր նմանները: Մոցարտն էլ էր այնտեղ: Յանն ասում է՝ այնքան է տարված եղել սրանց իդեալիստական գաղափարներով, որ նույնիսկ ցանկացել է իր՝ “Grotto”  անունն ունեցող օթյակը ստեղծել: Սա, իհարկե, իրականությանն ամենևին չխաչվող՝ զուգահեռ իրականություն կլիներ. Մոցարտը նույնիսկ իր ընտանիքը չէր կարողանում տանելի պայմաններում պահել, ի՞նչ էր անելու “Grotto”-ի հետ: Հո մենակ հիմնադրելով չէ՞ ամեն ինչ:

Եվ այնուամենայնիվ, Մոցարտի դեռ ոչ մի կենսագիր ինձ չի կարողացել համոզել, որ այս հանճարը բառիս ամենաընդգրկուն և ոչ մասնավոր իմաստով մասոն է եղել: Մոցարտի մասին առաջին «բագատելում» մեր հիշատակած Ալֆրեդ Էյնշտեյնն այն համոզմանն է, որ Մոցարտն իր ժամանակի Ավստրիայի ամենահավատարիմ ու ամենաիսկական մասոնն է եղել, որ կարելի է պատկերացնել (Էյնշտեյն, Մոցարտ. Անհատականությունն ու Գործունեությունը, «Կաոթլիկություն և մասոնություն» գլուխ): Էյնշտեյնն, անկասկած, ընդունված մոցարտագետ է, բայց նրա այս դիտարկումն ինձ ավելի շուտ հիշեցնում է ընդհանրացված փաստերին չհակադրվելու ցանկություն, քան իրականության բացահայտման փորձ հենց այդ նույն փաստերի միջոցով: Մանրամասների մեջ չխորանալով` նշեմ միայն, որ ինձ, համենայն դեպս, այս մոցարտագետը դեռ չի համոզել: Ավելին, կարծում եմ` Էյնշտեյնի վերոնշյալ տեսակետը Մոցարտի մարդ տեսակն իր տիեզերական անծայրության մեջ մասամբ ըմբռնելու արդյունք է: Մոցարտն էնտուզիաստ էր՝ ապրելու, արարելու, հիանալու, անվերադարձ տալու էնտուզիաստ, երաժշտությունից բացի՝ ցանկացած այլ բանի կառավարումից բացարձակ գլուխ չհանող էնտուզիաստ: Նրա ողջ կյանքը նվիրվելու, նվիրելու ու դրան ի պատասխան՝ պարտաճանաչ դավաճանվելու շղթա է եղել բացառությունների անձուկ շրջանակով: Երբ մի բան հավանում էր, մանկական միամտությամբ իրենն էր համարում: Այդպես կարող էր սիրահարվել ու մոռանալ, որ ամուսանցած է, տարվել երաժշտությամբ և մոռանալ, որ ուտել է պետք ոչ միայն իրեն, նաև տնեցիներին: Ստեղծագործելու մեջ անկաշկանդ միջավայրը նրա ապրելու իմաստն է եղել, որ անգթորեն սեղմվել է բոլոր կողմերից հազար տեսակ վիրավորանքներով: Դրանցից մեկն էլ «դաշնակահար-օպերա գրող»-ն էր, ինչը ծաղրի ամենաանդուր ձևերից կարելի է համարել: Դաշնամուր նվագելը արհեստ էր Վիեննայում դեռևս, օպերա գրելը՝ արվեստ: Իսկ երբ դաշնակահարն է օպերա գրում, կնշանակի փինաչին արվեստ է ուզում ստեղծել: Փոխվել են ժամանակներն, ինչ խոսք. հիմա հա՛մ օպերա գրողը, հա՛մ դաշնակահարը կարող են փինաչի լինել: Բարեբախտաբար սրա հակառակին էլ ենք ականատես: Ինչևէ, մասոնական օթյակը Մոցարտի հերթական տարերքներից էր վերոնշյալ գաղափարների ու երանելի ազատության պատճառով, ու թող դրանք մասոն կամ էլի ուրիշ ինչ-որ բան լինեին, միևնույն է, Մոցարտին հետաքրքրելու էին: Իսկ այս ընդհատակի կազմակերպության նենգամիտ, իրական էությունը Մոցարտի բնությունը պարզապես անկարող էր հասկանալ: Երբ ուտելու հաց ու տունը տաքացնելու փայտ չուներ (1791-ն էր արդեն, մահվան տարին), դուռը թակող մուրացկանին մանր-մունր կրոններ էր տալիս ու ժպտալով ճիշտն ասում. «էլ չունեմ»: Շատերը սա հիմարություն կհամարեն, ես չեմ առարկի, բայց դա այդպես չէ: Հենց սա է «Մոցարտ» տեսակը՝ դյուրահավատ, անհուսալիորեն դյուրահավատ ու պարզ, չկեղծող ու նվիրվող տեսակը, որ միլիոնների մեջ այլևս չի հանդիպում, նույն մարդամոտ տեսակը, որ ոչ մի գահի վրա չի մեծամտանա և ոչ մի չքավորության մեջ չի արժեզրկվի: Իրականում այստեղ հարցը նույնիսկ մասոններն ու Մոցարտի մասոն լինել-չլինելն էլ չէ, այստեղ հարցը ողնաշար ջարդող անազատությունից դուրս պրծնելու պահանջն է, որին մշտապես ձգվել է Մոցարտը՝ թյուրիմացաբար ակնկալելով մասոնական օթյակի հնարավոր աջակցությունը: Կասեք՝ պաշտպանու՞մ եմ նրան: Մասոն չդառնալու, այլ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ որոշումը՝ ո՛չ, Մոցարտին՝ այո՛, եթե ընդհանրապես տրված է ինձ այդ անհաս իրավունքն ու պատիվը: Մասոն (բառիս ամենախորքային իմաստով) չեն դառնում, մասոն ծնվում են:

(Շարունակելի... Հաստա՛տ շարունակելի...)

© Araks Shahinyan 2013

No comments:

Post a Comment