Շումանի այս աշխատությունը 19-րդ դարի կեսերին գրված ձևի մեջ ամենապարզ, բովանդակությամբ՝ ընդգրկուն կանոնագիրք է, որ այս հրաշք ռոմանտիկը հարկ է համարել կտակել գալիք սերունդների երաժիշտներին: Թարգմանելիս հասկացա, թե ինչու այսպիսի խորհուրդների արդիականությունը երբեք փոշեկոլոլ չէ, միշտ ներկայով է ու տեղին: Մարդուն ինչպես այնտեղ, այդպես էլ այստեղ երկու ականջ, երկու աչք է տրվել (որ հաճախ քիչ է) ու մի բերան (որ հաճախ շատ է), խիղճ (որի գոյությունը որոշ մարդիկ սեփական գոյությամբ կարող են հերքել) ու հիշողություն (որի չլինելը բոլորիս երջանիկ կդարձներ): Ի՞նչն է ուրիշ: Ի՞նչը փոխվեր: Շումանի ամենաոչերաժշտական պատվիրաններից է չմեծամտանալը, այլ գործի տեր մարդկանց հարգելը (այն ժամանակ դեռ տեսել է այդպիսիների առատությունն ու նողկալիությունը), բեմում սեթևեթելու փոխարեն երաժշտություն ստեղծելու ոչ միշտ հաջողված առաքելությունը, «ես եմ, որ կամ»-ի անաստվածությունը, «ինձնից լավը չես»-ի հոգեկործան գալարները:
«Երիտասարդ երաժշտի ուղեցույցը», որ ժամանակին ինքը՝ Չայկովսկին թարգմանեց ռուսերեն՝ պարզ հասկանալով նյութի հարատև կարևորությունը նաև սեփական ազգի համար, այսօր ցանկացած երաժիշտ այն կիրառելու չափ անգիր գիտի (եկեք հուսանք՝ այդպես է): Երևի բոլոր լեզուներով թարգմանված է, իսկ ես դեռ այն միամիտներից եմ, որ մտածում է՝ հայերեն կարդալ ցանկացողը պիտի ունենա հայերեն կարդալու հնարավորություն:
Հ.Գ. Գրողի, թարգմանողի ձեռքն իր խիղճն է:
Մարդն ամեն ինչ ասում է, թողնենք՝ ասի:
Ռոբերտ Շուման
«Երիտասարդ Երաժշտի Ուղեցույց »
Կարևորագույն հարցը ականջի զարգացումն է: Ջանացեք վաղ տարիքից տարբերակել տոնայնություններն ու առանձին հնչյուններն ականջով:
Զանգը, պատուհանի ապակին, կկվի կանչը՝ ականջ դրեք դրանցից յուրաքանչյուրի արտաբերած
ձայներին:
Պետք է անդադրում վարժվեք գամմաների և մատների
այլ վաժությունների մեջ: Հարկավ, կան մարդիկ, որ կարծում են՝ ամեն ինչի կհասնեն օրվա
մեծ մասն այս կերպ անցկացնելով մինչև օր ծերություն: Սա նման է այն բանին, երբ մարդ
ամեն Աստծո օր կրկնի այբբենարանն ու դա անի ամեն անգամվա հետ ավելի արագ և այդպես շարունակ:
Ժամանակը խելամի՛տ օգտագործեք:
Այսպես կոչված «խուլ դաշնամուրներ» կամ անձայն
ստեղնաշարեր են ստեղծել: Պարապեք դրանց վրա որոշ ժամանակ և կհասկանաք դրանց անարժեքությունը:
Համրից խոսել չես սովորի:
Խստորեն հետևե՛ք կատարման տեմպին, ռիթմին:
Շատ վիրտուոզների կատարում գինովցածի քայլքին է նման: Վերջինս ձեզ կրկնօրինակման մոդել
մի՛ դարձրեք:
Ժամանակին սովորեք հարմոնիայի հիմնարար հիմունքները:
Մի՛ սարսափեք «Թեորիա», «Գեներալ բաս», «Կոնտրապունկտուս»
և նմանատիպ այլ բառերից: Նրանք ձեզ մեծահոգաբար կընդունեն, եթե նույնն անեք ինքներդ:
Երբեք մի՛ երկմտեք ստողծագործության կատարման
ժամանակ, գրավե՛ք այն ավյունով և երբեք կիսատ մի՛ նվագեք:
Ստեղծագործությունը ձգձգելն ու անհարկի փութկոտ
կատարելը նույնչափ արատավոր են: Դյուրին ստեղծագործությունները ձգտեք կատարել
անվրեպ ու գեղեցիկ: Դա շատ ավելի գերադասելի է, քան բարդ գործերի իմիջիայլոց մեկնությունը:
Մշտապես հետևեք, որ ձեր գործիքը կարգին լարված
լինի:
Ստեղծագործությունը միայն մատներով չեն կատարում,
պիտի ի վիճակի լինեք երգել այն նույնիսկ առանց դաշնամուրի: Սրեք ձեր երևակայությունը,
որ կարողանաք մտապահել կոմպոզիցիայի ոչ միայն մեղեդին, այլև վերջինիս պատկանող հարմոնիաները:
Վարժվեք կատարվելիք գործի հանպատրաստից,
առանց գործիքի առկայության երգելուն նույնիսկ այն դեպքում, երբ ձեր ձայնը ձեր ամենամեծ
առավելությունը չէ: Սա շարունակաբար կսրի ձեր լսողությունը: Իսկ եթե ձայնի հարցում
բախտավոր եք, վայրկյան անգամ մի՛ կորցրեք, մշակե՛ք այն՝ չուրանալով, որ այն վերից տրված
ամենաազնիվ պարգևներից է:
Զարգացեք այնքան, որ թղթի վրա լսեք երաժշտությունը:
Երբ կատարում եք, երբեք մի՛ մտածեք՝ ով է
ունկնդրում:
Մշտապես նվագեք՝ կարծես վարպետներն են ձեզ
լսում:
Երբ ձեր առջև նոր ստեղծագործություն են դնում
կատարման համար, աչքերով անցեք վրայով ամբողջությամբ:
Երաժշտական օրվա վերջն է և առօրյա պարապմունքից
հոգնե՞լ եք: Մի՛ լծեք ձեզ հավելյալ պարապմունքով: Ավելի լավ է հանգստանալ, քան թոշնած
ու անտրամադիր պարապել:
Տարիքն առնելով՝ երբեք մի՛ կատարեք գործեր,
որոնք պարզապես նորաոճ են: Ժամանակն անգին է: Մարդ հարյուր կյանք պիտի ունենա երաժշտության
լավագույնն ուսումնասիրելու համար:
Քաղցրավենիքի ու բլիթների վրա առողջ երեխա
չես մեծացնի: Ինչպես ֆիզիկական, նույն կերպ
էլ հոգևոր սնունդը պիտի լինի պարզ ու սնուցող:
Մեծերը հոգևորի հարցը լուծել են, մնում է ի կատար ածեք:
Կատարողը կարող է շատ սահուն լինել տեխնիկական
պասաժներում, որոնք ժամանակի հետ պրիմիտիվանում են և կարիք ունեն փոփոխվելու: Վիրտուոզ
տեխնիկան գոյության արդարացված իրավունք ունի, երբ վերին գաղափարի ծառան է:
Տեղ մի՛ տվեք անհաջող ստեղծագործություններին,
ընդհակառակը՝ արհամարհե՛ք դրանք: Ո՛չ կատարեք, ո՛չ առավել ևս լսեք դրանք, եթե իհարկե
պարտադրված չեք:
Երբեք կատարողական թեթևության չհասնեք «բրավուրա»
կոչվածի մեջ [բրավուրան երաժշտության մեջ ավելորդ անգամ սեփական կատարելությունն ընդգծող
տեխնիկական հիշեցում/կատարումն է: Ա. Շ.]: Կատարման ժամանակ կոմպոզիտորի գլխով մտածեք:
Սրանից անդինն արդեն ծաղր է, սրանից անդին չգնաք:
Հրեշություն է լավ կոմպոզիտորի ստեղծագործության
տեքստի փոփոխումը, դրանից ինչ-որ հատվածների հանումը, անտեղի նոր զարդարանքների ներմուծումը:
Սա Արվեստի հանդեպ մեծագույն հանցանքն է, որ կարելի է երևակայել [չէր խոսում, բնականաբար, բարոկկոյի մասի]:
Ուսման նպատակով ընտրվող ստեղծագործությունների
հարցում դիմեք առավել փորձառուներին: Սա շատ ժամանակ կխնայի:
Աստիճանաբար մոտեցեք մեծ վարպետների մեծ
ստեղծագործություններին:
Այսպես կոչված վիրտուոզների հանրահայտությամբ
չտարվե՛ք, արվեստից հասկացող մարդկանց ծափերն են արժեքավոր, ոչ ամբոխինը:
Ամեն նորաոճ մի օր հնաոճ է դառնում, եթե դրա
հետևից ընկաք, ծիծաղի առարկա եք դառնալու լուրջ մարդկանց մեջ:
Հասարակության առաջ չափից շատ ելույթներն
ավելի փչացնում, քան հղկում են կատարումը: Հարգանք ունեցեք մարդկանց հանդեպ, երբեք
ոչ ոքի համար մի՛ նվագեք հոգու խորքում ամոթալի թվացող ստեղծագործություն:
Երբեք բաց մի՛ թողեք ուրիշների հետ նվագելու
հնարավորությունը՝ դուետով, տրիոյով, կվարտետով: Դա ձեր կատարումը սահուն է դարձնում,
ոգեշունչ և թեթև: Նվագակցե՛ք երգչի, երբ առիթ է ընձեռվում:
Եթե բոլորն առաջին ջութակ նվագեին, նվագախումբ
չէր լինի: Հարգե՛ք յուրաքանչյուր իր տեղում եղող երաժշտի:
Սիրե՛ք ձեր գործիքը, բայց երբեք մի ընկեք
սնափառության ճանկերը, որտեղ կմտածեք՝ այն ամենալավն ու միակն է: Հասկացեք՝ մնացածները
պակաս չեն: Հիշե՛ք նաև, որ կան երգիչներ, և որ մարդկային ձայնն ու երգչախումբը Երաժշտության
արտահայտման ամենավսեմ դրսևորումն է:
Առաջադիմելիս ավելի շատ գործ ունեցեք ստեղծագործության
թղթի, քան վիրտուոզների հետ:
Ջանասիրաբար պարապեք մեծ վարպետների ֆուգաները,
Յոհան Սեբաստյան Բախինը՝ ամենից առաջ: Դարձրեք նրա «Լավ Տեմպերացված Կլավիրը» ձեր
հանապազօրյա հացը: Միայն այս կերպ խորը երաժիշտ կդառնաք:
Ձեր շուրջը փնտրեք ձեզնից շատ իմացողներին:
Ձեր երաժշտական վերարտադրումների համար հաճախ
ընթերցեք պոետներին: Զբոսնեք մաքուր օդին անպայման:
Կանացի ու տղամարդկանց ձայներից շատ բան կարելի
է սովորել, բայց դրանք ամեն ինչի հանգուցակետ մի՛ դարձրեք:
Սարերից այնկողմ էլ են մարդիկ ապրում: Համե՛ստ
եղեք, քանզի չեք հայտնաբերել ու չգիտեք ոչինչ, ինչ ձեզնից առաջ չի հայտնաբերվել և իմացվել:
Նույնիսկ եթե արել եք, համարե՛ք այն նվեր ի վերուստ, որը պիտի կիսեք մնացածի հետ:
Սեփական ինքնահավանությունն ու սնափառությունը
վերացնելու ամենակարճ ճամփան երաժշտության պատմության տարբեր դարաշրջանների մեծերի
ստեղծագործություններին ծանոթանալն է:
Երաժշտության
մասին հիանալի աշխատություն է Թիբաութի «Երաժշտարվեստի մաքրության մասին» շարադրաքը:
Հնարավորինս հաճա՛խ վերընթերցեք:
Երբ եկեղեցու կողքով եք անցնում ու երգեհոնի
ձայն լսում, նե՛րս մտեք ու լսեք: Եվ եթե բախտ վիճակվի՝ ինքներդ հայտնվեք երգեհոնի առջև,
աշխատեցրե՛ք ձեր փոքր մատներն ու տեսեք Երաժշտության անսահման մեծությունը:
Օգտագործեք երգեհոնի վրա կատարելագործվելու
ցանկացած հնարավորություն: Ոչ մի ուրիշ գործիք այսչափ հապճեպ հաշվեհարդար չի տեսնում
վատ կատարման կամ վատ ստեղծագործության հետ, որչափ երգեհոնը:
Հաճա՛խ երգեք երգչախմբերում, հակապես միջին
հատվածներում: Սա ձեզ երաժշտական կդարձնի:
Ի՞նչ է նշանակում լինել երաժշտական: Դուք
այդպիսին չեք, եթե ձեր աչքերը գամված են նոտաթղթին, ստեղծագործությունը մի կերպ եք
հասցնում ավարտին: Դուք այդպիսին չեք, երբ մեկը միանգամից երկու թերթ է շրջում մեկի
փոխարեն ու դուք կանգնում եք՝ ի վիճակի չլինելով առաջ գնալ: Բայց դուք այդպիսին չեք,
եթե բոլորովին նոր ստեղծագործության մեջ արդեն զգում եք՝ ֆրազն ուր է տանելու, եթե
ծանոթ ստեղծագործությունն անգիր գիտեք, մատներից էլ այն կողմ՝ սրտում և մտքում:
Բայց ինչպե՞ս դառնալ երաժշտական: Սիրելինե՛ր,
ամենակարևորը՝ սուր ականջն ու ըմբռնելու արագությունը, գալիս է վերից, բայց տաղանդը
կարելի է զարգացնել ու բարձրացնել: Դուք երաժշտական կդառնաք ոչ այն դեպքում, երբ մենակյացի
պես փակվեք սենյակում ու տեխնիկական վարժություններ կրկնեք անդադար, այլ այն դեպքում,
երբ ապրեք բազմակողմանի երաժշտական կյանքով, նվագախմբերի ու երգչախմբերի հետ շարունակական
համագործակցությամբ:
Հնարավորինս շուտ հասկացեք մարդկային ձայնի
առանձնահատկությունը, ուշադրություն դարձրեք դրան հատկապես երգչախմբային ստեղծագործություններում,
գտեք՝ որտեղ է կայանում դրա բարձրագույն ուժը և որտեղ է այն առավել ընդգծում մտքի նրբությունն
ու փափկությունը:
Ազգերի երգերին մեծ ուշադրություն դարձրեք,
դրանք գեղեցկագույն մեղեդիների հանքեր են՝ բաց ցանկացած նոր ականջի համար:
Վա՛ղ սկսեք կարդալ հին ստեղծագործությունները,
այլապես անցյալի գանձարանը մեկնդմիշտ մութ կմնա ձեզ:
Վաղ ըմբռնեք յուրաքանչյուր գործիքի երաժշտական
առանձնահատկությունները, դրանց գունային շերտը ձեր տարիների հետ ավելացրեք:
Երբեք մի՛ վարանեք, լավ օպերա լսեք:
Հարգեք անցյալը, բայց նորին էլ տաք սրտով
դիմավորեք: Ոչ մի նախապաշարմունք թող ձեզ չկաշկանդի անծանոթ անուններին ծանոթանալիս:
Մի անգամ լսելով՝ ստեղծագործության մասին
կարծիք մի՛ կազմեք: Այն, ինչ առաջին ակնթարթին գերում է, միշտ չէ, որ ամենալավն է:
Մեծերին սովորել է պետք: Շատ բան տարիքի հետ եք հասկանալու:
Ստեղծագործությունների մասին դատելիս՝ տարբերակեք՝
արդյո՞ք դրանք արվեստի միտվածություն ունեն, թե՞ դիլետանտի ժամն են լցնում: Մշտապես
կանգնե՛ք առաջինների կողքին և երբեք մի՛ ծանրաբեռնեք ձեզ երկրորդներով:
Մեղեդին դիլետանտության գաղտնաբառն է, բայց
ոչ ոք չի հերքում՝ երաժշտություն առանց մեղեդու չկա: Հասկացե՛ք՝ ինչ նկատի ունեն դրանով:
Դիլետանտի համար ականջալուր, դյուրահաս մեղեդուց այն կողմ ոչինչ չի անցնում: Բայց այլ
կարգի երաժշտություն էլ կա: Բացեք Բախի, Մոցարտի կամ Բեթհովենի ցանկացած հատոր և կտեսնեք
դրանք հազարավոր տարբերակներով ու ոճերով: Հույս ունեմ՝ շուտ կձանձրանաք ժամանակակից
իտալական օպերաների մեղեդիների աղքատությունից ու միապաղաղությունից [նկատի ուներ Ռոսինիին,
Բելինիին: Շումանը նրանց «այս սոխակներն» էր անվանում]:
Եթե ինքնուրույն եք բացահայտում փոքր մեղեդիներ
դաշնամուրի դիմաց, դա շատ լավ է: Բայց եթե դրանք այցելում են ձեզ բոլորովին ինքնուրույն,
երբ դաշնամուրի դիմաց չեք, ավելի մեծ առիթ ունեք ցնծալու, քանզի ձեր ներսի երաժշտությունն
է դա: Մատները գլխի ուզածը պիտի անեն, ոչ թե հակառակը:
Երբ սկսեք ստեղծագործել, ստեղծեք ամեն ինչ
նախ գլխում: Երբ մի մասն արդեն պատրաստ ունենաք, փորձեք գործիքի վրա: Եթե երաժշտությունը
ձեր հոգուց է գալիս ու զգում եք այն ամեն մասնիկով, այնժամ այն կազդի նաև ուրիշների
վրա:
Եթե Աստված ձեզ շռայլորեն պարգևել է աշխույժ երևակայություն,
հաճախ եք նստելու միայնակ ձեր դաշնամուրի դիմաց՝ փնտրելով ձեր ներսի ձայնի հարմոնիկ արտահայտչամիջոցներ,
և որքան գրավի ձեզ հարմոնիայի այդ մոգական կայսրությունը, այնքան ավելի հեռու է ձեզ
թվալու այնտեղ տանող ճափան: Սրանք են երիտասարդության ամենաերջանիկ պահերը: Զգուշացե՛ք
ամեն դեպքում ձեր տաղանդն իսպառ հյուծելու և տեսիլքների վերածելու ցավագին փորձից:
Ձևին տիրապետելը, ձեր ստեղծածի հստակ վերարտադրումը ձեզ թույլ կտա հասնել գրի իրական
արվեստին: Այդժամ կգրեք ավելի շատ, քան իմպրովիզի կդիմեք:
Վաղ խմբավարեք: Ուսանեք մեծ խմբավարների մոտ
և սովորություն դարձրեք նրանց հետ զուգահեռ խմբավարելը՝ լուռ, ձեզ համար: Սա ձեզ շարժումի
հստակություն կբերի:
Ձեզ աչքաթող չանեք հատկապես այլ արվեստների
ու գիտությունների ուսումնասիրման հարցում:
Բարոյականության օրենքներն Արվեստի օրենքներն
էլ են:
Աշխատասիրությամբ ու հաստատակաությամբ շատ
բանի կհասնեք:
Մի ֆունտ մետաղից հազարավոր ժամացույցների
զսպանակներ կարելի է սարքել, որոնց գինն օգտագործման մեջ կավելանա: Աստծուց տված «ֆունտը»
մի վատնեք, հավատարմորեն շահագործեք:
Առանց էնտուզիազմի արվեստում ոչինչ չի ծնվում:
Արվեստը չի ստեղծվել հարստություն դիզելու
համար: Կատարելագործվե՛ք ձեր արվեստի մեջ, մնացածն ինքն իրեն կգա:
Միայն երբ ձևն ամբողջությամբ հստակ կլինի,
այն ժամանակ էլ ստեղծագործության ոգին կայցելի:
Միայն հանճարն է հանճարին ամբողջապես ըմբռնում:
Մեկը մի օր ասաց՝ իսկական երաժիշտը պիտի կարողանա
բարդ նվագախմբային ստեղծագործությունը մի անգամ ունկնդրելուց հետո թղթին հանձնել այն:
Սա այս արվեստում գերագույն ձեռքբերումն է, որ կարելի է երևակայել:
Սովորելուն վերջ չկա:
Թարգմ.՝ Ա. Շահինյանի
Որ ամեն ինչ ճիշտ, լիարժեք վերջանա՝ Շուման, դաշնամուրի սոնտա No. 2, op. 22 սոլ մինոր
Wow! Տպավորիչ գործ եք արել: Բրավո ու շնորհակալություն (Y)
ReplyDeleteՇնորհակալ եմ, որ հետևում եք:
DeleteՇնորհակալ եմ Արաքս ջան...
ReplyDeleteՇնորհակալ եմ` կարդում եք :)
ReplyDelete