Ցանկացած հասուն, նյարդերդ իրենց բնում պահող երաժշտություն ըմբռնելու համար նախ և առաջ կոմպոզիտորի՝ տվյալ գործը ստեղծելու դրդապատճառներից, հանգամանքներից ու ժամանակից մի քիչ գլուխ հանել է պետք. ես հակված չեմ մտածելու՝ ալեատորիկայի, նույն իր՝ հանկարծահասության մատը խառն է հանճարեղ գործերի ստեղծման հարցում: Պիտի գա, որ գրես, կանչես՝ չի գա հո, խալխի շունը չէ: Կոմպոզիցիան օրինապաշտ հեղափոխականի գրչի տակ միշտ էլ ունի հստակ ձևակերպված դրույթներ, որոնք տալիս են ստեղծագործության գոյության իրավունքը, ինչն այս հակիրճ մտորման արդյունքում կանվանենք ստեղծ(վ)ելու դրդապատճառ: Նապոլեոնյան արշավանքները ծնեցին ուրիշ արյուն ունեցող Բեթհովեն, ստալինյան բռնապետության անեծքն անասելի զայրույթով բարբառեց Շոստակովիչի ութերորդ լարային կվարտետում, որ ամեն անգամ լսելիս փշաքաղված մաշկիդ տակ էլ է երաժշտություն արտադրվում, Մոցարտի մասնավորապես վաղ շրջանի գործեր կաղ մուրացկանի պես ամեն կերպ դեպի արքունիք էին ձգտում, Հայդնն Էսթերհազիի ձայնն էր բարբառո անապատի մեջ, Բախը Բրանդենբուրգի դարպասներն է, որ կա: Շարքն անվերջ կարելի է շարունակել, տվեք ցանկացած կոմպոզիտորի անուն, և կարելի է նրա անվան շուրջ գծագրել ստեղծագործական ժամանակաշրջանի էսքիզը: Վերոնշյալ օրինակներն անմասն չեն քաղաքական ենթատեքստից, եթե ընդհանրապես չասենք՝ ոտքից գլուխ թագավորի սֆաթն են՝ այլանդակված, գրոտեսկային պատկերավորությամբ, հաստափոր, հիմնականում դատարկասիրտ, բայց միշտ, մի՛շտ բարեհունչ:
Իր սիրելի «դաչայի» մոտ: Քայլում էր, որ չխելագարվի: |
No comments:
Post a Comment