Ծուլության կաթվածային այցելություններն առ ոչինչ են դառնում
ամեն անգամ այս մարդուն և հատկապես նրա «Օպտիմիզմ» էսսեն ամոթով վերհիշելիս: Տեսնելու համար աչք է պետք: Չուներ:
Տեսավ: Լսելու համար ականջ է պետք: Չուներ: Լսեց: Ամեն ինչ ունենք, էլի քիչ է:
1924թ.
Նամակ Նյու Յորքի Ֆիլհարմոնիկին
Թանկագի՛ն ընկերներ,
Ես երջանիկ եմ ի վիճակի լինել ձեզ հայտնելու, որ, չնայած կույր և խուլ լինելուս,
երեկ երեկոյան փառահեղ ժամ անցկացրի՝ ռադիոյով լսելով Բեթհովենի «Իններորդ Սիմֆոնիայի»
ձեր կատարումը: Բոլորովին մտադրություն չունեմ ասելու, որ լսեցի երաժշտությունն այնպես,
ինչպես մնացյալ բոլոր մարդիկ են լսում, չգիտեմ էլ՝ կարո՞ղ եմ արդյոք հասկացնել՝ ինչպես
ինձ հաջողվեց հաճույք քամել սիմֆոնիայից: Սա ի՛նձ համար էր առաջին հերթին մեծ անակնկալ:
Կույրերի համար նախատեսված ամսագրում շարունակ կարդում էի այն երջանկության մասին,
որ ռադիոն է պարգևում չտեսնող մարդկանց ողջ աշխարհով մեկ: Հիանալի էր իմանալ, որ կույրերը
հաճույք ստանալու նոր աղբյուր են ձեռք բերել, բայց ես նույնիսկ ամենաչնչին երազանքը
չունեի ինչ-որ չափով հաղորդ լինելու նրանց երջանկությանը: Անցած երեկոյան, երբ ընտանիքս
լսում էր սիմֆոնիայի ձեր հիանալի մեկնաբանությունը, ինչ-որ մեկն առաջարկեց, որ ես ձեռքս
դնեմ ռադիոընդունիչի վրա և տեսնեմ՝ արդյոք հնարավո՞ր է ալիքային տատանումները զգալ:
Նա բացեց ռադիոընդունիչի կափարիչը, և ես թեթևակի դիպա դիագրամին:
Անհնար է նկարագրել տպավորություններս, երբ բացահայտեցի, որ զգում եմ, որ ալիքային
տատանումներն ինձ հասնում են, որ այդ երաժշտությունից անասելի կրքոտ ռիթմ, բաբախում
ու հույզեր են հորդում: Խաչվող ու փոխլրացնող երաժշտական գործիքների տատանումներն ինձ
անչափ գրավեցին: Ես նույնիսկ կարողացա զանազանել փողը, հարվածայինների ահագնացող ցասումը,
մինչև հոգուդ խորքը սուզվող ալտերն ու ջութակները, որոնք բացառիկ համաձայնությամբ էին
երգում, և զգալ, թե ինչպես էր ջութակների ելույթն ուղեկցվում այլ գործիքների խորը տոներով:
Երբ մարդկային ձայները, որ ավելի էքստազային էին, դեպի վեր խոյացող կամարով ու բոցանման,
դուրս ցատկեցին հարմոնիայի ծովից, ես միանգամից ճանաչեցի դրանք, ու սիրտս համարյա կանգնեց
այդ զգացումից:
Կանացի ձայները ողջ հրեշտակային ձայների մարմնացումը կարծես լինեին, որ ընկղմվում
էին հարմոնիայի հեղեղի գեղեցիկ և ոգեշնչող տարափի մեջ: Այդ հսկա երգչախումբը հարվածեց
մատներիս սուր դադարներով ու դրանց շարունակող երաժշտական հոսքով: Հետո բոլոր գործիքներն
ու երգչախումբը պայթեցին միասին, ու այդ ամենը դարձավ աստվածային տատանումների օվկիանոս՝
մարելով դանդաղ, ինչպես քամիներն են մարում, վերջանալով քաղցրահունչ նոտաների ցողանքով:
Իհարկե սա լսել չէր, բայց ես վստահաբար գիտեմ, որ տոներն ու հարմոնիաներն ինձ փոխանցեցին
այդ մեծագույն գեղեցկության ու վսեմության բոլոր տրամադրությունները: Ես նաև զգացի
(կամ կարծում եմ, որ զգացի) բնության մեղմ ձայները, օրորվող եղեգնի ու քամու սոսափը,
ջրի քրքիջը, որ երգվում էին ձեռքիս մեջ: Ես երբևէ այսքան գայթակղված չեմ եղել ուրիշ
ինչ-որ ալիքային տատանումներից:
Լսելուս ընթացքում մութն ու մեղեդին, ստվերն ու ձայնը լցվում էին սենյակ: Ես չէի
կարողանում չհիշել, որ այսպիսի անհաս գեղեցկություն արարող մեծ կոմպոզիտորն ինձ պես
խուլ է եղել: Ես հիանում էի նրա անմար ոգու ուժով, որն ամեն տառապանքի միջից այսպիսի
ուրախություն է ստեղծել ուրիշների համար: Եվ նստեցի ես՝ ձեռքովս զգալով փառահեղ սիմֆոնիան,
որ ծովի նման ջարդուփշուր եղավ իմ և նրա հոգու լուռ ափերին:
Հելեն Քելեր
Թարգմ.՝ Արաքս Շահինյանի
Հելեն ՔելերՁախ աչքը աջից ավելի դուրս է եղել, այդ պատճառով էլ մինչև վիրաբուժական միջամտությունը մշտապես աջ կողմից են նկարել: |
No comments:
Post a Comment