Tuesday, November 26, 2013
Մոցարտ. Agnus Dei (Մաս 6.1)
Agnus Dei – քրիստոնեական մեսաների, այդ թվում Մոցարտի Ռեքվիեմի մեջ հերթական
հատվածն է: Հերթական, որովհետև Մոցարտն այլևս չկար այս հատվածը թղթին հանձնելու ժամանակ,
իսկ երբ նա էլ չկա, գրեթե ամեն ինչ մի տեսակ հերթական
է: Ամեն դեպքում երաժշտապես
չնսեմացնենք “Agnus Dei” հատվածի կարևորությունը, արդեն ասել եմ, որ համաձայն չեմ այն մտքին, որ Զյուսմայերը Ռեքվիեմն ավարտող ապաշնորհ
իրավահաջորդ եղավ: Եվ չնայած Օտտո Յանը “Agnus Dei”-ի մասին
մի քիչ չափազանցված ասում
է. «Եթե սա անձամբ Մոցարտը չի գրել, ուրեմն գրողը մեկ այլ Մոցարտ է եղել», ամեն դեպքում
այսպիսի համարձակ հայտարարությունն էլ մի բան չէ: Ինչևէ, “Agnus Dei”-ն «Աստծո գառ» է թարգմանվում: Քրիստոսն է, որ
ինչպես հատվածի բառերն են ասում, իր վրա է վերցնում աշխարհի մեղքը, որ փրկություն տա
Մարդուն:
Բանը նրանում է, որ ընդհատակյա գաղտնի կրոնական
կազմակերպությունները 18-րդ դարի վերջերից արդեն հստակ դերակատարություն ունեին Հռոմեական
Կայսրությունում, ինչին մեծապես նպաստում էր Ավստրիայի տեր-տիրակալ Յոզեֆ կայսեր կրոնական
հանդուրժողականության քաղաքականությունը: Ինչ
ասես չարեց ավանդական կաթոլիկության գլխին. կրճատեց մեսաների արարողակարգերի տևողությունը,
առավել դյուրահաղորդ դարձրեց տեքստային առումով, ինքն իրեն «կաթոլիկության պահապան»
հայտարարելով՝ մահացու հարված հասցրեց պապական համակարգին, որովհետև վերջինս առաջինից
պլանից հայտնի չէ՝ որ պլանի դերակատար էր դառնում երկիրը երկիր պահելու գործում: Վերացրեց
բոլոր ավելորդ պճնանքները եկեղեցիներից ու սուրբ տոն օրերի քանակը կրճատեց: Իրեն լուսավորչական
գաղափարների առաջամարտիկ համարելով՝ բացեիբաց արհամարհում էր քարացած կղերականությունն
ընդհանրապես, մոտ 700 մենաստան փակել տվեց, պատկերացնու՞մ եք դա ինչ է Հռոմեական Կայսրության
ստեղծման օրից հաստատված խոժոռադեմ կարգ ու բարքի հանդեպ: Ո՞ր մեկն ասես, 38000-ով
կրճատեց կուսակրոնների ու միանձնուհիների թիվը, որոնք 65000 էին մինչ այդ, ամուսնությունը
եկեղեցական երդմնակալության իր միակ ձևից հանեց-տարավ քաղաքացիական ոլորտ, որտեղ «ամուսնական
կոնտրակտ» կոչվածն այլևս վեր էր եկեղեցական կանոնադրության վերահսկողությունից: Այսքանից
հետո էլ ո՞ր մոլեռանդ կաթոլիկը ընդդիմություն չէր դառնա ու չէր մեղադրի «իբր կաթոլիկ»
կայսրին բառիս բոլոր իմաստներով բողոքական մեկը լինելու մեջ: Վերջակետն էլ եղավ մինչ
այդ ընդհատակում գործող մասոնական օթյակների անարգել գործունեությանը ուղղակի ձևով
նպաստումը: Սրա պատճառն այն էր, որ մասոնների փիլիսոփայությունը միանգամայն ընդունելի
էր իր պես լուսավորչական, առաջ նայող գաղափարների տեր մտավորականի համար: Քիչ անց կբացատրենք
Մոցարտի Ավստրիայում տիրող մասոնների փիլիսոփայության հիմնական դրույթները, ու հասկանալի
կդառնա այդքան մեծ թվով մտավորականների ընդգրկվելն այդ անփառունակ վախճանով օթյակներում:
Saturday, November 2, 2013
Մոցարտ. Sanctus (Մաս 5.2)
Մոցարտի կենսագրական այլ մանրամասներից նրա
ամուսնությունն ամենայն հավանականությամբ մեր այս “Sanctus”-ի վերջը կլինի: Ինձ հարցնեք,
այս պատմությունն այնքան ձանձրալի է, որքան նրա կնոջ՝ Կոնստանցա սկզբում Վեբերի, հետո
արդեն Մոցարտի, դրանից հետո էլ՝ Նիսենի գրելաոճը: Գրչի էժանագին արտահայտչամիջոցներին
դիմող այս տիկինը բացառիկ ունակություն ունի մարդ ձանձրացնելու իր հատուկենտ պահպանված
նամակներով: Մնում է միայն հուսալ, որ կենդանի շփման մեջ կամ առավել փորձված է եղել,
կամ էլ այդ տափակությունը, որ թափվում է նրա նամակներում մտքի ու ձևի գեղագիտության
բացակայությունից, Մոցարտին առանձնապես չի անհանգստացրել ու երևի ճիշտ էլ արել է: Մեր ժամանակակից ավստրիացի
գրող Ռենատա Ուելշը հրաշալի օբյեկտիվության
նոտա է մտցնում Կոնստանցայի մասին անշեղ կարծիք
ձևավորելու գործում: Հղում անելով Մոցարտի կենսագիրների մի հսկա բանակի՝ նա մասնավորապես
նշում է, որ մենք կարծիք ենք կազմում Կոնստանցայի մասին բացառապես Լեոպոլդի «ընտանեկան
աչքով», ինչը դատապարտելի չէ: Այս կինը հասցրել է վերացնել Մոցարտի դեռևս կենդանի ժամանակ
միմյանց գրած նամակները գրեթե ամբողջությամբ, և նրա կերպարի նկարագրությունը ամենաուղիղ
ձևվով տալիս է հենց հոր և որդու նամակագրությունը, երբ Լեոպոլդը Վոլֆգանգին ամեն կերպ
փորձում է հետ պահել անհաշվենկատ ու ինքնագլուխ ամուսնությունից: Իսկ տրամաբանական
հաշվենկատությունը որոշ, ոչ անպայմանորեն ֆինանսական հարցերում ամուսնության մեջ երբեմն
առանցքային է, ինչքան էլ ռոմանտիկ հրեշտակաթև սիրահարները քարկոծեն այս տեսակետը:
Subscribe to:
Posts (Atom)