Thursday, February 28, 2013

Բեթհովեն. Ի մահ՝ առ անմահություն

«Աղջիկս, մենք պարտավոր ենք մեր ծաղկի միջատների մասին հոգալ» - ծանոթացե՛ք խնդրեմ, Էլեոնորայի՝ պատանի Բեթհովենի առաջին աշակերտուհիներից մեկի մայրն է, որ Բեթհովենին օրվա մեջ իր տանն եղած ժամանակ ուտելու ինչ-որ բան տալն այսպես էր բացատրում: Բեթհովենը դասն ավարտելուց հետո, անթաքույց սիրահարված  (հանճարներից տաքարյունների դեպքում ինչ-որ մեկով տարված լինելը շատ ավելի ակնհայտ է, աներկբա. մարդավարի հասկանում ես), կերավ տիկնոջ պատրաստած ուտելիքն ու աղջկան շուտ հանդիպելու երիտասարդական անհամբեր ակնկալիքով գնաց տնից: Այդ աղջիկը հետագայում այդպես էլ չէր սիրելու Լյուդվիգին, մերժելու էր վերջինիս սրտի, հետո ձեռքի խնդրանքը, վերջում էլ հանճարը, բայց քանի այս ամենը չի դարձել կենսագրական տվյալների փոշոտ շտեմարան, չսկսկած վերջացնենք:


Հեղաշրջում խաղաղ ճանապարհով էլ հնարավոր է, միայն թե այդ խաղաղ հեղաշրջումն հարկադրաբար պիտի ունենա արյունոտ ծնունդ: Բեթհովենը մարդ չսպանեց Դասական (բառիս արդեն երաժշտական, ընդգրկուն ենթատեքստով) դարաշրջանին Ռոմանտիզմի թևեր տալու ճանապարհին, եթե չհաշվենք, իհարկե, նախանձից ու դրա տրամաբանական հետևանք՝ ատելությունից մեռնողներին: Բացե՛ք ցանկացած երաժշտական գրականություն, Բեթհովենն անսասան ժայռի պես կանգնած է այս երկու գիգանտ աշխարհայացքների՝ Դասականի ու Ռոմանտիզմի հատման կետում՝ իրենից դժգոհ, կզակը երկու մասի բաժանող ներս ընկած փոքր խորությամբ, կեղծամ չսիրող, 32-րդ դաշնամուրային սոնատի երրորդ մասն էլ՝ գրչի ծայրին: Հասկացանք, մարդ չսպանեց, հեղաշրջում էլ արեց, այդ դեպքում ու՞ր մնաց հեղաշրջման արյունոտ ծնունդը: Իմ և ոչ միայն իմ անձնական խորը համոզմամբ Բեթհովենի մասնավորապես սիմֆոնիկ գործերը քաղաքական մեծագույն կատակլիզմների ռեֆլեկսային, բայց գիտակցված (կարճ ասեիր բնական...) պատասխան ապտակներն են: Այս սիմֆոնիաները վատ լսող հանճարին բնորոշ տոնայնական ու հարմոնիկ բացառիկ ճշգրտությամբ հեղափոխական հիմներ են՝ բեմի վրա անպայմանորեն պայթող: Անբարբառ են, բացի 9-րդ սիմֆոնիայից, ու մահաշունչ, ինչքան էլ ինձ համոզեն դրանց հերոսական, վեհ լինելը, ինչի հետ համամիտ եմ: Ես, ընդհանրապես, կարծում եմ՝ ամեն հերոսական, վերընթաց բան ինչ-որ տեղ էլ անժամանակ վախճանի տագնապից, վախից է հենց մահաշունչ դառնում:


Հերման Յունկեր. Բեթհովենը՝ դաշնամուրի մոտ ստեղծագործելիս


Կունենա՞ր արդյոք հետհայդնյան սիմֆոնիկ կառուցվածքը նմանատիպ զարգացում, եթե վիեննական օդը չլցվեր Ֆրանսիայի կայսերական արնոտ վառոդի դառը հոտով ու ֆրանսերեն աղաղակներով, ու սրանք էլ հիմնահատակ չցնցեին Քայսեը ֆոն Օյստեղայխի (նույն իր՝ Ավստրիայի կայսեր) պալատը: Հայտնի չէ... Հայդն ասացի, մեջբերեմ այդ՝ երևի արդեն մի քիչ ցնդած ծերուկի սրամիտ հակադարձումը: Երբ Բեթհովենն՝ իր աշակերտը, արքունական պալատում ծանոթացրեց իր աշակերտներից մեկի հետ հետևյալ խոսքերով. «...սա Ռայսն է, նա իմ աշակերտն է ու հիմար է», Հայդնը, ամենայն հավանականությամբ ճերմակ, Էսթերհազիի պալատական կոմպոզիտոր լինելու ապացույց կեղծամն ուղղելով, պատասխանել է. «Բոլոր աշակերտներն են հիմար, ավանդական բան է:»


Ինչևէ, սովորության համաձայն շատ չընդարձակվենք: Անխուսափելիորեն հենց նապոլեոնյան պատերազմներն են Բեթհովենի խաղաղ երաժշտական հեղափոխության այդ արնոտ «ծնունդը»: Քաղաքական կեղտոտ շովինիզմին դեռ անհաղորդ՝ այս խղճից թույլ, բայց դա չափազանց հուզառատ կերպարի տակ հաջող թաքցնող երաժիշտը նապոլեոնյան պաշտելի, ազատական լոզունգներից ոգեշնչված՝ նախասահմանել էր իր երաժշտամտածողությունը ֆրանսիական կայսեր մեծարանքի տուրք դարձնել: Ուզում էր ճշմարիտ առաջնորդին արժանի ձոներգություն ընծայել, բայց արդյունքում ի՞նչ: Այդ նույն երաժշտամտածողությունը դարձավ նապոլեոնյան ամեն ինչն ատող, բոլոր այդ մեծ ու մանր նապոլեոններից գարշող հակաքարոզ: Խզբզվեց, վերացվեց իսպառ «Ձոն Նապոլեոն Բոնապարտին» մակագրությունը 3-րդ սիմֆոնիայի պարտիտուրի տիտղոսաթերթից ու դարձավ  «Հերոսական»: Այս անգամ Նապոլեոնին ատող հերոսական սիմֆոնիա... Երաժշտությունը խաղաղ պատերազմ է դառնում, երբ տաղանդ ու ականջ ունես, բայց զենք ու հաստակաշվություն չունես:  Պատմական փոքր ու մակերեսային ակնարկից այսքանը: Բեթհովենի մեծությունը հակադարձ  համեմատական է իր բախտին. որքան վերջինս նվաստ դուրս եկավ, այդքան անչափ եղավ այս երաժշտի հանճարը: Անձամբ ինքը՝ Բեթհովենը, դեմ կլիներ իր մեծության մասին տածած այս վերաբերմունքին, ինչում դեռ կհամոզվեք ստորև՝ ձեզ անհամբեր սպասող «Հայլիգենշտադտի կտակի» իմ թարգմանության մեջ: Ես համարձակվել եմ Բեթհովենի կտակը թարգմանել հայերեն, ու, այո՛, չգիտեմ որտեղից ինձ այդ համարձակությունը: Անիմաստ է քննարկել գեղարվեստորեն շարադրված պատմական, ինչ-որ տեղ կիսաիրավական այս փաստաթղթի գրական արժեքը, նա դա չէր գրում, որ ասեն. «անտաղանդ է բառերով խոսելու մեջ», կամ հակառակը՝ «մեծագույն գերմանացի գրող կլիներ, եթե չլիներ Գյոթեի ու Գրիլպարցերի շուքին տակ»: Թույլ տվեք հակիրճ ներկայացնել Հայլիգենշտադտի կտակը հայերեն թարգմանելու ցանկությունս: Ես գիտեմ, որ մեր «բագատելներում» ինձ դեռ բախտ կվիճակվի գրել, ձեզ էլ՝ ցանկության դեպքում կարդալ Բեթհովենի ստեղծագործությունների մասին հիացական, հաճախ՝ երկչոտ, երբեմն էլ ցավագին մեկնաբանություններս, բայց ես չգիտեմ՝ կհաջողացնե՞մ երբևէ ձեզ ներկայացնել այս դժբախտ արտիստին հենց իր անունից, ներսից... Այս թուղթն առիթ է վերհիշելու, որ  մեր օրերում տխմարագույն, զավեշտից էլ անդին «ԵՍ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԵՄ» ինքնակոչ արտահայտության ճշմարտացիությունը միմիայն սեփական համեստ լռութունն ու ժամանակն է ապացուցելու, ինչպես եղավ այս հանճարի դեպքում: Ամբիոններն այնտեղից գոռալու համար են բացառապես նրանց համար, ովքեր չգիտեն մինչև այդ նույն ամբիոնը տանող անմռունչ ճամփաները: «Փաստորեն հեռանում եմ համարյա այնպես, ինչպես եկել եմ»... Ու սա ասում է մեկը, ով երաժշտության արդեն գոյություն ունեցող կատարյալ և ոչ այնքան գաղափարները դարձրեց անձեռնմխելիորեն անմահ, աշխարհընկալում փոխեց, ում թաղման օրը Վիեննայում մինչև 30.000 սգացող էր աղոթում, Շուբերտն էլ դագաղի կողքից այրվող ջահն էր տանում, ինչը, հենց իր խոսքերով, իր կյանքում բաժին ընկած բացառիկ ու մեծագույն պատիվ է եղել: Այո՛, այս բառերն ասել է մի մարդ,  ով դեռ այն ժամանակների անհողդողդ թագավորական բարքերը կարողացավ բառիս բուն իմաստով սաստել, որովհետև երբ պալատական անտաղանդներից մեկը որոշում էր Բեթհովենի կատարման ժամանակ կողքինին իր սիրային արկածներից կամ քաղաքական անհիմն մեկնաբանություններից բարձր-բարձր պատմել, փոքրամարմին այս երաժիշտը շրխկոցով վեր էր կենում աթոռից ու խռոված քայլերով ուղղղղղղի՛ղ դու՛րս համերգասրահից: Իսկ պալատը միշտ ունի անտաղանդների նախանձելի հավատարմության մի շքախումբ, որ պատրաստ է ամեն անհարմար առիթով ակնհայտ դարձնել իրենց ու իրենց նշանակողի աչք ծակող աթոռապաշտ բթությունը: Հենց այսպիսի մի արքունիքում օրենքներ փոխել տվեց՝ կապված արքայի ներկայությամբ իր պես անտիտղոս մահկանացուների վարվելակերպի հետ. նրան այլևս շատ բան էր կարելի և ներվում: Եվ վերջապես, այդ Բեթհովենի հետմահու, տարածական ու ճնշող  մեծության պատճառով էր, որ Բրամսը չէր կարողանում տարիներ շարունակ ինքն իրեն համոզել, որ սիմֆոնիա գրի, որովհետև չես ստեղծի ավելի լավը, երբ ամենալավն արդեն կա: Այսպես էր մտածում համենայն դեպս հենց ինքը՝ 19-րդ դարի կեսերից վիեննական դասական ծանրակշիռ երաժշտարվեստն ուսերին առած առաջ գնացող այդ անսահման ռացիոնալ ռոմանտիկը՝ Յոհաննես Բրամսը:


Անսելմ Հյուտտենբերներ կա, Գրացից մի կոմպոզիտոր է, ով հիմնականում գերմանական երգերի մշակմամբ, բայց ավելի շուտ Բեթհովենի մահվան ժամանակ վերջինիս կողքին լինելով է հայտնի (ինչպիսի նվաստացում կոմպոզիտորի համար... Հիշվել ցանկացած ուրիշ ինչ-որ բանով, բայց ոչ իր գործերով): Իր հուշերում գրում է. «... Բեթհովենը մահացավ երեկոյան 5-ին: Անձրև էր գալիս...»: Ես դրան հավատում եմ: Որոշների գնալուց նույիսկ երկինքն է անհամաձայն կամ հակառակը՝ չափազանց ուրախ, ինչն ավելի տրամաբանական է...


Վերջին անգամ թույլ տվեք չարաշահել ձեր համբերությունն ու հավելել, որ գերմաներենի չիմացությանս չարաբաստ պատճառով թարգմանությունն արել եմ անգլերենից, իսկ լեզվաբանական կրթությունս ինձ ստիպել է բազմաթիվ աղբյուրներ քրքրել՝ ուսումնասիրելու բնօրինակին առավել մոտ տեքստերը, որ թարգմանելիս ժամանակի լեզվամտածողական վրիպումներ հնարավորինս սակավ պատահեն: Բառերի մեծատառ կամ փակագծերի մեջ լինելը բացառապես Բեթհովենի տեքստի հայերենն է, ես ՈՉԻՆՉ չեմ փոխել... Մեծագույն պատկառանքով ու անսահման կարեկցանքով արված թարգմանությունը հանձնում եմ ձեր դատին: Այս կերպ են մեռնում անմահները...


Բեթհովեն. Հայլիգենշտադտի կտակը

  

«Եղբայրներիս՝ Կարլ և [Յոհան] Բեթհովեններին: 

Օ~ դու՛ք, երկու՛սդ, որ կարծում եք կամ ասում՝ ես չարակամ եմ, կամապաշտ կամ  մարդատյաց, որքան, որքա~ն եք ինձ վնասում: Չգիտե՛ք իմ՝ ձեր աչքին այդպիսին երևալու թաքուն պատճառը... Մանկուց սիրտս ու հոգիս լի են եղել բարի կամքի նրբագույն զգացումով, հակված էի նույնիսկ քաջագործությունների: Եվ, այնուամենայնիվ, կխնդրեի չմոռանաք՝ վեց տարի է՝ անհույս գամված եմ հիվանդությանը, ինչն անմիտ բժիշկների ձեռքից տարեց տարի ավելի է խաթարվել: Ապաքինվելու հույսով խաբում են, իսկ ես, վերջիվերջո, հարկադրված եմ լինելու առերեսվել երկարատև հիվանդությանս (ինչի բուժումը տևական կամ, իմ խորին համոզմամբ, անհնարին է լինելու): Չնայած ի ծնե տաքարյուն, դյուրաբորբոք, անգամ հասարակական ժամանցներին աշխուժորեն հաղորդակից էությանս՝  ես, այդուհանդերձ, ստիպված եղա ներկայությունս անժամանակ մեկուսացնել մարդկանց աչքից: Իսկ եթե երբեմն էլ փորձում էի հաղթահարել այս ամենը, օհ, ի~նչ անգթորեն էի հետ շպրտվում վատթարացող լսողությանս իրողությունից, ավելի քան երբևէ անմխիթար դարձող այդ փաստի առկայությունից: Իսկ ինձ համար ահնար է այլոց ասել. «ԲԱ՛ՐՁՐ ԽՈՍԵՔ, ԳՈՌԱՑԵ՛Ք, ԱԽՐ ԵՍ ԽՈՒ՛Լ ԵՄ...» Ասացեք, դե ասացե՛ք խնդրեմ՝ ինչպե՞ս ընդունեմ այն զգայարանիս վերջնական խեղումը, որն իմ դեպքում կատարելապես անթերի պիտի լիներ, առավել քան ցանկացած ուրիշինը, զգայարան, որ երբևէ ունեցածս ամենաբացառիկ կատարելությունն է եղել, կատարելություն, որ մանավանդ իմ մասնագիտության մեջ իրապես շատ քչերին է հաջողվել ունենալ: Օհ, ո՛չ, չե՛մ կարող ընդունել... Ուրեմն ներեցե՛ք, երբ տեսնում եք ինձ ընկրկած, օտարացած ձեզնից՝ հենց նրանցից, ում հետ մշտապես հաճույքով կշփվեի: Իմ դժբախտությունը չհասկացված մնալուց կրկնակի ուժգին է դառնում: Երբեք այլևս չեմ կարողանալու վայելել հասարակության հետ շփումը, նրբաոճ զրույցներն ու երկկողմանի մտքերի փոխանակումը: Ամբողջովին մեկուսացած՝ հասարակություն եմ մտնում միմիայն կարիքից դրդված: Աքսորյալի պես պիտի ապրեմ, մարդկանց մեջ էլ այն ցավագին, սարսափելի գիտակցության տագնապով, որ ուր որ է կմատնեմ անհուսալի վիճակս: Այսպես է եղել ապրածս նախորդ վեց տարիներին: Խելամիտ բժիշկս ինձ հորդորում է հնարավորինս խնայել լսողությունս, ինչն իմ ներկա դրության մեջ իսկապես ողջախոհ բան կլիներ, բայց ես, տրվելով բնատուր շփվող էությանս գայթակղությանը, երբեմն չարաշահում եմ լսելուս՝ առանց այդ էլ վերջին տկար կարողությունները: Բայց որքա~ն վիրավորական է, երբ ինչ-որ մեկը կողքդ կանգնած լսում է հեռվում օրորվող ֆլեյտայի ձայնը, իսկ դու ոչի՛նչ չեմ լսում, կամ երբ ուրիշները լսում են հովվի երգը, դու՝ ոչի՛նչ, հասկանու՞մ եք, ոչի՛նչ չես լսում... Այս ամենն ինձ հուսահատության անդունդին է հասցրել, իսկ հետագան ոչինչ չի փոխելու: Ընդհանրապես վերջ կտայի կյանքիս, այդ ԱՐՎԵ՛ՍՏԸ, սոսկ ԱՐՎԵ՛ՍՏՆ է իմ  ինձ հետ պահում: Չկարողացա լքել այս աշխարհն առանց այնտեղ թողնելու այն ամենը, ինչի համար կանչված եմ: Բացառապես այս պատճառով եմ դիմանում այս թշվառ կյանքին, այնքան կատարյալ թշվառ, որ ցանկացած չկանխորոշված փոփոխություն կարող է առավել վատացնել առանց այդ էլ աննախանձելի դրությունս: Արդեն նախասահմանված է՝ այսուհետ համբերությունն է ընտրածս միակ ուղեցույցը: Ա՛յս եմ կարողացել անել միայն: Հուսամ՝ որոշումս չի դավաճանի ինձ հաստատակամ առաջ գնալու, մինչև հոժարի գոհացնել անողորմ բախտիս, որ սա էլ վերջապես, վերջապե՛ս կտրի կյանքիս թելը: Միգուցե լավանամ, ամենայն հավանականությամբ՝ դժվար: Երկուսին էլ պատրաստ եմ: Ինչ անեմ, ստիպված եմ փիլիսոփա դառնալ կյանքիս քսանութերորդ տարում, սա հեշտ փորձություն չէ, իսկ արտիստի համար, առավել քան որևէ մեկի՝ անտանելի: Աստված սրտիցս էլ անդինն է տեսել, այն ճանաչել է ու գիտի՛, որ մարդու ու սիրո  բարյացկամ զգացմունքներն իրենց անքակտ տեղն ունեն այնտեղ մշտապես: Ո~վ դուք, որ երբևէ սա կարդալու եք, տեսե՛ք՝ ինչքա՛ն անարդար եք եղել, ու թող իմ պես թշվառները մխիթարվեն իրենց նման մեկին տեսնելով, ով, ի հեճուկս Բնության բոլոր խոչնդոտների, ուժերից վեր էլ ամեն ինչ արել է, որ տիտղոսավոր արտիստներն ու ազնվազարմ պարոնայք իրեն էլ բանի տեղ դնեն: Եղբայրնե՛րս, Կարլ ու [Յոհան], երբ էլ չեմ լինի, ու երբ պրոֆեսոր Շմիդթը դեռ կենդանի լինի, աղաչե՛ք իմ անունից, որ նկարագրի հիվանդությանս ախտորոշումն ու այս էջերն ավելացնի հիվանդության պատմությանը: Միգուցե աշխարհն այսկերպ հաշտվի ինձ հետ թեկուզ մահվանիցս հետո: Հետայսու, սրանով եմ ձեզ երկուսիդ դարձնում իմ չնչին ունեցվածքի (եթե այն ընդհանրապես այսպես կոչել կարելի է) ժառանգներ: Ի սե՛ր Աստծո, ազնի՛վ կբաժանեք, միասի՛ն համաձայնության կգաք ու կօգնե՛ք իրար: Դուք գիտե՛ք, այն ամենը, ինչ արել եք ինձ սրտնեղելու համար, վաղուց ձեզ ներված է: Շնորհակալությունս եմ հայտնում մասնավորապես քե՛զ, Կա՛րլ, վերջերս ցուցաբերածդ օժանդակության համար: Անկեղծ մաղթում եմ՝ երջանիկ, առավել ազատ կյանք ունենաս. մեկի մասին հոգ տանելուց էլ պրծար: Զավակներիդ Առաքինությու՛ն ուսուցանիր, միայն դա՛, և ո՛չ ունեցվածքն է իրական երջանկության ուղղամիտ առհավատչյան, սա փորձիցս եմ ասում: Բացառորեն Առաքինությունն էր, որ այս չարքաշ կյանքում ինձ մի կերպ պահեց, ու ես հենց Դրան ու Արվեստին եմ պարտական կյանքիս ինքնասպանությամբ վերջ չտալու համար:
Մնաք բարով: Սիրե՛ցեք իրար: Մեծագույն երախտագիտությամբ եմ լցված բոլոր ընկերներիս, մասնավորապես՝ Արքայազն Լիխնովսկու և Պրոֆեսոր Շմիդթի հանդեպ: Կուզեի՝ ձեզնից մեկը գոնե պահեր Արքայազն Լ———ու երաժշտական գործիքները, և ամենայն անկեղծությամբ վստահ եմ՝ սա ձեր մեջ ձեզ օտարացնող կռվախնձոր չի դառնա: Եթե կարծում եք՝ դրանք վաճառելը ձեզ առավել կծառայի, վարվե՛ք այդ կերպ: Որքա~ն երջանիկ կլինեմ, որ գոնե գերեզմանիցս կարողանամ օգնել ձեզ: Եթե դա հենց այդպես էլ կա, ես չե՛մ վարանի մեռնել, կշտապեմ ի մա՛հ: Մահը, թերևս, երբ էլ վրա հասնի, եթե նույնիսկ հասցնեմ էլ դրսևորել ողջ արտիստիկ կարողություններս, միևնույն է՝ անժամանակ է լինելու: Ամեն դեպքում կկամեի ուշանար: Բայց ինչ էլ լինի, ես գոհ կլինեմ, չէ՞ որ ինձ վերջնականորեն կազատի այս հարատև տառապանքներից: Թող գա՛ երբ գալիս է, ես նրան, միևնույն է, քաջությա՛մբ եմ դիմավորելու:
Բարով մնաք, և աղաչում եմ, ինձ վերջնականապես չլքե՛ք ձեր հիշողության մեջ, երբ մեռնեմ: Գոնե սա ես վաստակել եմ, քանզի կյանքիս օրերին ձեզ անդավաճան հիշել և ձեր բարեկեցությունն եմ փափագել: Ամե՛ն... 


Լյուդվիգ վան Բեթհովեն


6 հոկտեմբեր, 1802 


[Գրված է նամակի տիտղոսաթերթին] Կարդա՛լ և յուրացնե՛լ մահվանիցս հետո՝ եղբայրներիս՝ Կարլի ու [Յոհանի] կողմից



Հայլիգենշտադտ, 10 հոկտեմբեր 1802 


Ուրեմն այսկերպ և անչափ ցավագին եմ ձեզնից բաժանվում: Այն անհուն հույսը, որ ունեի, երբ եկա այստեղ [Հայլիգենշտադտը նկատի ունի, Ա. Շ.] ինչ-որ չափով կազդուրվելու, բոլորովին լքեց ինձ: Աշնան թոշնող ու մեռնող տերևների պես հույսերս անէացան: Փաստորեն հեռանում եմ համարյա այնպես, ինչպես եկել եմ: Երբեմն կազդուրող բարձրագոչ իմ անվախությունն անգամ այս ամռան օրերին ինձ ընդմիշտ լքել է: Օ~ Երկնային Արքայություն, գեթ մի՛ օր ինձ երջանիկ զգալու բերկրա՛նքը շնորհիր: Որքան, որքա՛ն երկար եմ լքված եղել իրական ցնծության չնչին արձագանքից անգամ: Ե՞րբ, Տե՛ր Աստված, ե՞րբ նորից այն կզգամ Բնության ու մարդու տաճարում... Երբե՞ք... Չէ՛, անտանելի է լինելու...»

Թարգմ.՝ Արաքս Շահինյանի

© Araks Shahinyan

Բեթհովենի չարքաշ, Նապոլեոնին այլևս չմեծարող երրորդ՝ Հերոսական սիմֆոնիան՝ սիմֆոնիկ արվեստի մեջ՝ ֆանտաստիկայի ժանրից... Ի սէր Աստծո, լսե՛ք այս գործը, եթե դեռ չեք հասցրել: Ոչինչ մեզ այդքան չի փոխում, որքան այս աշխարհի նզովյալները... 

Դաշնամուրային 32-րդ սոնատ - Չգիտես՝ մարդ ինչ պիտի լինի, որ սա կարողանա բացարձակ չլսելով ստեղծել: Սա իր ուշ շրջանի վերջին սոնատն է, իսկ եթե ինձ հարցնեին՝ ինչ կուզեի հնչեր մյուս՝ հուսով ավելի խղճով կյանքում, ես անպայման այս սոնատն իր հեղինակով կնշեի, ի թիվս Բախի բոլոր գործերի, Սկրյաբինի, Եկմալյանի, Մոցարտի, Շոստակովիչի: Շատ եղավ ոնց-որ... Աստված հոգիդ լուսավորի, Լյուդվիգ: 

 

No comments:

Post a Comment