Թող ծափահարեն որտեղ ուզում են, լինի սիմֆոնիայի մասերի մեջտեղներում, թե ծանոթ
երաժշտական մեղեդու հնչելուց, միևնույն է, թող ազատ, անկաշկանդ զգան իրենց: Սա համարվում
է ժամանակակից, մի երկու բան լսած երաժշտասերի (ես նույնիսկ սա ասող երաժիշտ գիտեմ),
նոր ունկնդիր դահլիճ բերելու յուղով տապակվող եսիմ ում բութ ինտելեկտուալ ու անպայման
մի քիչ առաջադեմ կարծիք: Այն, որ սիմֆոնիաների, մասեր ունեցող երաժշտական գործերի արանքներում
ծափահարում են, համաշխարհային փաստ է, երբևէ վերանալու հույս բոլորովին չտածող փաստ,
սրա դեմ ոչ թե համերգի ժամանակ են Լինչի դատաստան տեսնում, մուննաթ, թուր-թվանք քաշում
ծափ տվողից ավելի անտակտ ձևով, այլ տանը, մանկապարտեզներում, դպրոցներում են բացատրում:
Սիրով, ոչ թե սպառնալիքով: Մի կառավարական համերգի էի ներկա, հիմա չեմ էլ հիշում ինչ
գործ ունեի այդքան հակաէսթետիկ էպիտետով միջոցառմանը, բայց ծրագիրն ու կատարողին լավ
եմ հիշում: Գրիգի դաշնամուրային կոնցերտն էր, որի մասերի արանքներում միայն 3 մարդ
չէր ծափահարում այդ դահլիճում՝ ես, դիրիժորն իր նվագախմբով (սա գոնե բեմում մի մարդ
պիտի լինի) ու դաշնակահարը: Բայց հանրապետերին ներելի է, նրանց շատ բան է ներելի, նրանց
նույնիսկ կարելի է: Չես բացատրի, որ աշխարհում երաժշտական միտք գոյություն ունի և որն
ընդհատելը ոչ թե քթերը վեր ցցած, անձամբ Հենդելի մոտ սովորած գիտակ ունկնդրին անհանգստացնել
է, այլ անգրագիտությունդ ու բեմի վրա կատարվելիքի հանդեպ բացարձակ անարգանքդ բռերով
աջ ու ձախ շաղ տալ: Սպանեն՝ չեմ հավատա, որ այնքան են ազդվել Շոստակովիչի 9-րդ սիմֆոնիայի
երկրորդ մասից, որ չդիմացան, օդում դեռևս հնչող լռությունը զարդարեցին աղմուկի սիլլայով:
Ծանոթ մեղեդու ժամանակ ծափ տալը ո՞րն է, հոր հարսանիքն է ինչ է: Ուրեմն թող այնքան
լսեն համերգներից դուրս, որ շատ մեղեդիներ ծանոթ դառնան: Իսկ երբ շատ մեղեդիներ են
ծանոթ դառնում, ակամայից, ինչ-որ քեզնից դուրս գիտակցություն է գալիս, որ պետք չէ Ռեքվիեմի
“Dies Irae”-ից հետո ոգևորվել բարձրաձայն, որ երբ տրիո է նստած ու անհարմարության հասնող
ինտիմ միջավայրում Շուբերտ է նվագում, պետք չէ քեզնից բացի բոլորն էլ իմանան՝ քեզ այդ
երաժշտությունը բոլորովին դուր չի գալիս: Դա առանց այդ էլ մեռած Մոցարտին ու Շուբերտին
ավելի է սպանում: Հանգիստ կարելի է չսիրել Մոցարտ ու Շուբերտ, բայց պետք չէ, որ դրա
պատճառով էլ քեզ չսիրեն կողքիններդ: Այս ամենից սնոբիզմի, աններելի պուրիտանիզմի հոտ
առնողներին սիրով հուշեմ վերհիշել իրենց համար ամենանվիրական, համարյա սուրբ բանն այս
աշխարհում՝ միայնության մեջ աղոթելը, ենթադրենք, պատահական օրինակ: Դե հիմա պատկերացրեք
ինձ Ձեր կողքին այդ ընթացքում, Ձեր բարձրաձայն, ենթադրյալ միայնության մեջ աղոթքի ժամանակ
ինձ դուր եկած մտքերին անկապ ու բարձր ծափահարելիս: Քանի ես էլ, Դուք էլ ինձ չենք ատել,
շարունակենք: Համերգի ժամանակ թող ազատ, անկաշկանդ զգան իրենցն ի՞նչ է նշանակում: Ինչ
է, մարդավարի լսողներն աթոռներին կապա՞ծ են, թույն կամ քնաբեր են խմեցրել, նո՞ր համերգասրահ
թողել: Ի՞նչ կապ ունի ազաությունն այստեղ առհասարակ, ինչու՞ է թվում՝ բարեկրթությունը
հետամնացություն է, դուռ բացելիս քեզնից մեծին ճամփա տալը՝ հնաոճ կավալերիզմ, լռությունը՝
չիմացություն, շնորհքը՝ խեղճություն: Համերգ խանգարելն առաջադիմություն համարելը հետադիմություն
է, աջառադիմությունը օպերային ժամանակակից բեմադրությունների մեջ ահավորի կողքին ընտրյալ
լավը զգալն ու գնահատելն է, չնայած ինչ եմ խոսում, առհասարակ օպերայից գաղափար ունենալն
է, ժամանակակից ակադեմիական երաժշտությունն «ատոնալ զիբիլ» չհամարելը, փոխարենը լսելը,
շատ, շատ ու տարբեր լսելն է, վայելքի կուլտուրա ունենալն է, երբ երաժշտությունն ավարտված
է այլևս, իսկ դու երջանիկ ես, ամբողջ գիշեր լսածիցդ երջանիկ:
|
Կարդալու համար սեղմեք նկարի վրա
|
No comments:
Post a Comment