Վոլֆգանգ Մոցարտի մասին գրելու հենց առաջին բագատելից խոստացա, որ ձեզ կներկայացնեմ բացառապես սուբյեկտիվ դիտարկումների արդյունքում դուրս բերված Մոցարտի ճանաչման մի ձեռնարկ, որով կարելի կլինի պատկերացում կազմել այս մարդու բազմաշերտ կերպարային երաժշտության գոնե մակերեսային մասի մասին: Հասկանալ, որ Մոցարտի թեթև, զվարճալի, «պրիմիտիվ» երաժշտությունն
իրականում հաստ շղարշ է այդ ամենից ներսը, իրականը տեսնել չթողնելու համար, և որ Մոցարտի երաժշտությունն առանձնապես բան չասող համարելը ոչ միայն երաժշտական անճաշակության մասին է խոսում, ցավոք, նաև երաժշտական տգիտության: Ստեղծագործությունների
հերթականությունը ժամանակագրական չէ, ոչ էլ ըստ հասունության փուլերի, ինչպես ընդունված
է ասել՝ վաղ Մոցարտ, ուշ Մոցարտ: Վոլֆգանգ Ամադեուսի դեպքում այս ձևակերպումներն անձամբ ես համարում
եմ պայմանական, երբեմն էլ ընդհանրապես զարտուղող: Ստեղծագործությունների հերթականությունն
ընտրված է Մոցարտի երաժշտական ժառանգությանը վատ ծանոթ կամ ընդհանրապես անհաղորդ ունկնդրի
համար, որ, ինչպես առաջին բագատելում ասացինք, ռեքվիեմից չսկսի, ու այդտեղ էլ վերջանա ամեն ինչ: Ամբողջը չես նշի, բնական
է, բայց լսելուց հետո, վստահեցնում եմ, ահագին բան այլևս ուրիշ կլինի: Այս երկար-բարակ ցանկը կարելի էր մի նախադասությամբ ավարտել, օրինակ՝ լսեք 1-ին և 5-րդից հետո եկող նրա բոլոր դաշնամուրային կոնցերտները, բոլոր Kyrie-ները, մեսաներն ու օֆերտորիումները, բոլոր կվարտետներն ու մի 10-15 սիմֆոնիա (կնշեինք, իհարկե, մասնավորապես որոնք), misa brevis-ները, կվարտետներն ու սերենադները: Ու եթե անեինք այս կերպ, ոչ ոք ոչինչ չէր լսի: Իմ նպատակն այստեղ նպատակային, կոնկրետ, ուղղորդված ուղղություն ցույց տալն է, ոչ թե գովքի սազը ձեռքս առած Մոցարտի մասին օդում երգելը: Մի բան էլ. այս ամենը մի օրում լսելու չէ, շտապելու տեղ չունենք, բայց սկսելու համար հենց այսօրն էլ լավ է: Որպեսզի փնտրելու հարց չլինի, պարզապես սեղմեք ստեղծագործության անվան վրա և վերջ: Կատարումները միլիոնավոր են, ստեղծագործությունների հանճարեղությունն է, որ անփոփոխ է: Դե՞, գնացինք.