Communio – Մոցարտի Ռեքվիեմն այս հատվածով վերջանում
է: Բառը հանդիպում է դեռևս 14-րդ դարի հին ֆրանսերենում (“comunion” [համայնք]), հնում էլ եկեղեցական երաժշտական արարողակարգերի
այն հատվածն էր, երբ եկեղեցում գտնվող հավատացյալ համայնքը ձայնակցում էր հոգևորականներին:
Ռեքվիեմի Communio-ն երաժշտական
առումով նոր թեմատիկա չունի, Ռեքվիեմը բացող Introit-ից հատված է, բայց արդեն, բառերի որոշակի փոփոխությամբ, ինչպես կանոնիկ տեքստն է ենթադրում ու այլ մասնագիտական
փոփոխություններով, որոնք չենք քննարկի, որ կարդալ լինի: Նույն այս Communio-ի մեջ Introit-ի թեմային հաջորդում
է “Kyrie Eleison”-ի անչափ ազդեցիկ
ֆուգայի թեման, բայց,
հենց երգչախմբային ձայներից սկսած, կրկին հստակ փոփոխություններով:
Չվախենաք, հիմա ամենաընդհանրական ձևով ցույց կտանք, ու ամեն ինչ պարզ կդառնա.
© Araks Shahinyan 2014
Ռեքվիեմն արդեն գոյություն ունեցող թեմաներով
ավարտին հասցնելու Զյուսմայերի այս որոշումը տարբեր բացատրություններ ունի, դրանցից
մեկն էլ երաժշտական տեքստին ամբողջական, ավարտուն տեսք հաղորդելն է՝ արդեն հնչած թեմաները
վերհիշեցնելով: Սա բացառիկ մոտեցում չէ: Երաժշտական կոնկրետ թեմայի բազմակի կրկնությունը ռեքվիեմի
մեջ հանդիպում է նաև Մոցարտից տարիներ անց` օրինակ Վերդիի Ռեքվիեմի մեջ: Վերջինիս այդ
սարսափելի “Dies Irae”-ն ժամանակ առ ժամանակ ունկնդրի նյարդային համակարգը հիմնահատակ
ցնցող երկրաշարժն է: Ինչևէ, հետ գանք Մոցարտին: Չգիտենք, թե Մոցարտն այս հատվածի հետ
կապված ինչ է շշնջացել Զյուսմայերի ականջին մահվանից առաջ, չգիտենք էլ՝ ասել է ընդհանրապես
ինչ-որ բան, թե չէ: Այնպես որ Ռեքվիեմի այս վերջաբանը, ինչպես տեսնում եք վերևում, կորացնում,
ճկում է ստեղծագործության երաժշտական կառուցվածքն այնքան, մինչև, երկրաչափական լեզվով
ասած, հատվածի B կետը (այսինքն՝ ռեքվիեմի վերջը` Communion-ն) ամբողջապես ձուլվի A-ին (այսինքն՝
ռեքվիեմի սկզբին` Introit + Kyrie Eleison-ին), այսպիսով այն իր կառուցվածքով շրջանի վերածելով: Իսկ գիտե՞ք դա ինչ
է նշանակում: Շատ պարզ՝ Ռեքվիեմը, այս տրամաբանությամբ դիտարկելիս, երբեք չի ավարտվում, քանի որ շրջան է: Այն
իր երաժշտական թեմատիկ դասավորվածության շնորհիվ անդադար կրկնվում է, պատկերացնու՞մ
եք, Մոցարտի Ռեքվիեմն անվե՛րջ է բառիս բոլոր
իմաստներով... Այս ամենը հաշվի առնելով՝ եթե հանդգնենք չխրտնել սխալ հասկացվելու
մտքից, հետևյալ նախադասությամբ կավարտենք այս նախաբանը. ու քանի որ Introit-ն ու
Kyrie Eleison-ը Մոցարտն է գրել, Ռեքվիեմը հենց Մոցա՛րտն է ավարտել: