Wednesday, August 28, 2013

Մոցարտ. Sequentia (Մաս 3)

SEQUENTIA - Անխախտ շարժվում ենք Մոցարտի «Ռեքվիեմի» կառուցվածքով: “Sequentia”-ն «Ռեքվիեմի» ու մեր մոցարտյան բագատելների երրորդ մասն է, միջնադարյան լատիներենից թարգմանաբար նշանակում է «հաջորդականություն»: Բանն այն է, որ որոշ դեպքերում «Ռեքվիեմի» կատարման ժամանակ “Squentia”-ն, որպես այդպիսին, չի էլ նշվում, անմիջապես գրում են վերջինիս հաջորդական մասերը, որոնք կոնկրետ այս դեպքում 6-ն են՝ շատերիդ արդեն ծանոթ “Dies Irae”(«Ցասման Օրը»), “Tuba Mirum”(Փողը Կհնչեցնի»), "Rex tremendae majestatis"-ը («Անհաս Գերազանցության Թագավոր»), "Recordare, Jesu pie"(«Հիշի՛ր, Բարի՛ Հիսուս»), "Confutatis maledictis"(«Երբ Մեղավորները Կընկնեն») և աշխարհի բոլոր ժամանակների ամենաճանաչելի դասական գործը՝ Lacrimosa”-ն («Սգերգ»): Այսքանը: Մի ամբողջ՝ վերջին բագատել Ռեքվիեմին ենք նվիրելու: Ժամանակին լռենք:


Bravo! Bravissimo maestro! Ատոնալ ծափահարություններ, լայն բացված, հիմնականում անհասկանալի լեզվով ինչ ասես բարբառող բերաններ, ոսկեզօծ գոռելիեֆներով պատեր, մեծ գլուխ, փոքր, հյուծված մարմին, գլխին՝ գլխից մեծ սպիտակ կեղծամ, դիմափոշի, մինչև ծնկները սրունքները գրկող սպիտակ զուգագուլպաներ, որ ոտքերը փոքր կրնկավոր բեմական կոշիկների մեջ են խցկում, թավշյա կանաչ բաճկոնի տակից դուրս պրծած փրփրած, սպիտակավուն, ժանեկազարդ վերնաշապիկ: Քայլում է Վոլֆերլը պալատից պալատ, Աուգսբուրգից Շտուտգարդ, Բրյուսելից Փարիզ, Փարիզից Լոնդոն: Նրան դիմավորում են թագուհիները՝ թագավորների վրա բազմակողմանի ազդեցություն ունեցող այդ ճարպիկ դիվանագետները, պալատական երաժիշտները, բոլոր այն բարձրաշխարհիկ տիարք ու տիկնայք, ովքեր արվեստից բան չեն հասկանում, բայց պստլիկ խեղկատակին ու նրա վիրտուոզ կատարումներին անմասն մնալու միտք էլ չունեն: Ութամյա Վոլֆերլը դեռ այն ժամանակ արդեն սկսեց ծանոթանալ կանացի գուրգուրանքներին, գրկից գիրկ էր անցնում, մանկական անմիջականությամբ համբուրում պալատական տիկնանց: Նրան կարելի էր ամեն ինչ, քանի դեռ զարմացնելու շնորհքն ու տարիքը չէր կորցրել: Մի օր էլ՝ հերթական անգամ անսանձ վազելուց, շրմփաց Հռոմեական Կայսրության ամենաազդեցիկ պալատներից մեկի պսպղացող մարմարե հատակին՝ թագուհի Մարիա Թերեզայի և նրա դստեր՝ արքայադուստր Մարի Անտուանետի աչքի առաջ՝ ծիծաղից ուշաթափության հասցնելով պալատում հավաքվածներին: Շփոթմունքին չափ չկար, վիրավորանքից ուզում էր լաց լինել, և միայն նրա տարեկից (ընդամենը մի տարով էր արքայադուստրը մեծ Մոցարտից) Մարի Անտուանետը մոտեցավ նրան, օգնեց բարձրանալ և սիրալիր հարցրեց Վոլֆերլի որպիսությունը: «Կամուսնանա՞ս ինձ հետ» եղավ Վոլֆերլի կատարյալ լրջությամբ հարցախառը պատասխանը: Այդ միայն երեք տասնամյակ հետո էր պարզվելու, որ Մոցարտը տարաբախտ ու ամենաթշվառ մահով էր գնալու, արդեն թագուհի Մարի Անտուանետի գլուխն էլ գելիոտինից ցած պիտի գլորվեր: