KYRIE ELEISON - Լիթուրգիաների՝
կաթոլիկ հոգևոր մեսսաների, ռեքվիեմների, այլ եկեղեցական ստեղծագործությունների մեջ
Kyrie Eleison հատվածը միակ հունալեզու մասն
է, թարգմանաբար նշանակում է «Տէր, գթա/ողորմեա»: Ամբողջ հատվածում արտասանվում են բացառապես
“Kyrie eleison, Christe
eleison” (թարգմ. «Տէր ողորմեա, Քրիստոս
ողորմեա») արտահայտությունները, ուրիշ ոչինչ: Առաքելական եկեղեցու պատարագի մեջ համարժեք
է «Տէր ողորմեա»-ին: Մոցարտի «Ռեքվիեմի» երկրորդ մասն է:
Արևմտյան Ավստրիո Կայսրության դարչնագույն` զալցբուրգյան իշխանությունը մտնում էր Հռոմեական
Սրբազան Կայսրության մեջ: Զալցբուրգին վերևից նայող, հսկա ու անտաշ կոպտությամբ, բայց
և անանցանելի ու հպարտ պարիսպները այնպիսի մռայլություն էին հաղորդում այդ խեղճ ու
հալածված քաղաքին, որ միայն ցնդածն ամեն ինչ կթողներ այնտեղ գնալ ապրելու: Salzburg-ը
թարգմանաբար նշանակում է «աղի քաղաք» (“salz” – «աղ», “burg” – «քաղաք»), այստեղ աղի
հանքեր շատ կային, որոնց շահագործումը քաղաքի իշխանությունը զավթած արքեպիսկոպոս-իշխանների
բեռի տակ ճկռած, սևադեմ ու խեղճացած բյուրգերների ապրուստի վաստակի հիմնական, եթե ոչ
միակ միջոցն էր: Արդյունքը մի կերպ հաջորդ օրը լուսացնելու տանջալից առօրյան էր ու
բացառապես նվաստ ապրելու համար հարմար աշխատավճարը: Ահա ինչպիսի սրամիտ ու դիպուկ բնութագրեր
ենք կարդում Զալցբուրգի մասին ժամանակի ավստրիացի քիչ հայտնի գրողների հուշերում. քաղաքի
բարձրատոհմիկները որսով էին զբաղվում և եկեղեցի գնում: Նրանցից մի քայլ ներքևները եկեղեցի
էին գնում և որսով զբաղվում: Դրանցից ցած՝ ուտում էին, խմում և աղոթում: Ամենաներքևում՝
աղոթում էին, ուտում և խմում: Սրանց տարբերություններից մեկն էլ այն էր, որ առաջին
երկու խավի սիրային արկածները հասարակայնորեն ծածուկ էին, վերջին երկուսինը՝ քաղաքի
քննարկման առարկա: Քամահրական քմծիծաղ է առաջանում այս տողերից, այդ հետո ենք իմանալու,
որ Վիեննայում թաղումներն էլ այս չորս հասարակական կարգերին բնորոշ յուրահատկություններն
ունեին: Առաջին աստիճանի մեռելներին թաղում էին արիստոկրատին վայել՝ ճոխ դագաղով, կարծես
հետ էին բերելու: Երկրորդ հասարակական աստիճանի մեռելներին՝ առավել համեստ արարողակարգով,
բայց մեռելը գոնե վստահ էր, որ գերեզման է ունենալու: Երրորդ աստիճանավորներին թաղում
էին լայն անցքեր ունեցող վատ մշակված փայտից դագաղներով, ընդհանուր՝ եղբայրական գերեզմանոցում:
Եթե բարեկամներից ինչ-որ մեկը լինում էր դագաղի կողքը այն հողին հաձնելու
ժամանակ, գոնե իմանում էին՝ ո՛ր եղբայրական գերեզմանում է թաղված, եթե ոչ՝ այդպես էլ
մոռացութայն էր մատնվում թե՛ այդ դժբախտի հիշողությունը, թե մարմնի գտնվելու վայրը:
Մոցարտին երրորդ աստիճանի թաղում բաժին ընկավ: Սրա մասին հետո՝ առավել մանրամասն: Չորրորդ
աստիճանի մեռելներին առանց դագաղի լցնում էին եղբայրական գերեզման՝ ինչ-որ պարկի մեջ
ոլորած: Սրանց մասին դեռ չթաղած էին մոռանում: